ԱՊՐԵ°Ս ԼՈՒՍԻՆԵ, ԿԵՑՑԵՍ «ՇԱՆԹ»


Ինձ երբեմն դիտողություն են անում, թե` «հեռուստատեսությանը շատ ես քննադատում, բա դու լավ բան չե՞ս տեսնում...»: Իհարկե տեսնում եմ: Տեսնում եմ մի հոգատար հեռուստակայան` «Հայրենիքը», որը անշահախնդիր ծառայում է միայն երեխաներին: Գրեթե բոլոր կայաններում էլ կան թեկուզ քիչ, բայց լավ հաղորդումներ: Նաև չեմ կարող չնշել գռեհիկ և տափակ գովազդների կողքին (օրինակ «Իդեալ» խանութների գովազդը Մկոյի կողմից), չնշել «Գրանտ Տոբակոյի» և «Մարիաննայի» նուրբ, ճաշակով արված գեղարվեստական հաճույք պատճառող գովազդները: Ինչ խոսք, «Շանթն» էլ ունի իր աքիլլեսյան գարշապարը: Բայց ոչ ոք չի կարող ժխտել, որ «Շանթ»-ը շատերիս ամենասիրված ալիքն է: Ոչ ոք չի կարող ժխտել, որ «Շանթ»-ը մեծ, անուրանալի աշխատանք է կատարում կիսամոռացված հայ երգը իր ողջ վեհությամբ ժողովրդին վերադարձնելու գործում: Նրա «Սուպեր Սթար»-ի և «ժողովրդական երգչի» մրցահանդեսը բանիմաց ժյուրիի և հմուտ մասնագետների միջոցով, «Սայաթ Նովայի» աշուղական անսամբլի և մյուս գործիքային համույթների միացյալ աշխատանքները տվեցին իրենց արժանի արդյունքը. այդ երեխաների մեծ մասի համար ճանապարհ բացեցին դեպի մեծ բեմ: Չափազանցություն չհամարենք` դրանց մի զգալի մասը այսօր ավելի լավ են երգում, ավելի լավ են ընդունվում հանրության կողմից, քան «բայղուշ» երգերով հայ երգը ոտի տակ տալով ասպարեզ մտած որոշ «աստղեր»: Այսօր դրա վառ ապացույցն են այն համերգները, որ նրանք տալիս են մեծ բեմում, այսօր դրա վառ ապացույցն է նաև դրանցից մեկը` «Սուպեր Սթար»-ի դեռահաս, ընդամենը երկու անգամ մեծ բեմ բարձրացած Լուսինեն, որը մասնակցելով Ղրիմի «Ծովի երգը» մրցույթին` աշխարհի 15 նշանավոր երգիչների մեջ գրավեց երկրորդ տեղը: Նա իր «Հայաստան աշխարհով» մեծ լույս և բարի անուն բերեց հայոց աշխարհին: Այո, այդ օրը ուրախության արցունքներ էր թափում Լուսինեն և նրա նմաններին հայտնաբերած, երաժշտական շնորհք տված ժյուրիի անդամ սքանչելի Նառան: Արտասվում էինք նաև մենք բոլորս: Իզուր չէր, որ Լուսինեի ելույթից հետո ամբողջ դահլիճը, ժյուրիի անդամները ոտքի կանգնած ծափահարում էին և գրկախառնվում: Իսկ Ուկրաինայի ճանաչված երաժիշտներից մեկը` ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ եթե Լուսինեն մասնակցի հաջորդ Եվրատեսիլին, նա Ուկրաինայից 12 բալ կստանա... Ուրեմն, շնորհակալություն «Շանթ»-ին: Շնորհակալություն, որովհետև արեց այն, ինչ չէր արել որևէ հեռուստաալիք: Շնորհակալություն նրան, որ նա արեց այն, ինչ չեն կարող անել պատկան մարմինները միասին վերցրած` («դպրոցներ, լուսավորության և մշակույթի նախարաություններ և այլոք»): Շնորհակալություն հայ երգը վերագտնելու համար և հայկական հեռուստատեսությունը գորշությունից հանելու համար:

Կառլեն ՔԱԼԱՇՅԱՆ