Ժողովրդի աչքը սառել է` վճռական քայլերի սպասելով


Ստեղծված իրավիճակից դուրս գալու` «մինչև ե՞րբ» հարցի պատասխանը նույնն է, ինչ վերջին 20 տարում է հնչեցվում: Իշխանություններն ասում են` մի քիչ էլ համբերեք, ամեն ինչ լավ է լինելու, ընդդիմադիրներն էլ, թե` եթե մենք գանք իշխանության ժողովուրդը կփրկվի: Մեկ բան, սակայն ակնհայտ է, որ նրանց ևս միայն աթոռ է պետք, ոչ թե ժողովրդի մատից փուշ հանել:

Վարչապետի փոփոխությամբ կրկին խառնվեցին թե´ իշխանությունում տաքուկ հարմարվածների, և թե «ընդդիմադիրների» քարտերը: Սկսվեց նոր խառնաշփոթ և հասարակությունը նորից անժամկետ տեղափոխվեց «սպասման» կամ պաուզայի ռեժիմ, իսկ փոփոխություններ ասվածը կրկին մնացին օդում կախված:

Կառավարության հերթական ձախողումների և դրա հետևանքով առաջացած հասարակական տրամադրությունների մասին է «Ավանգարդ»-ի զրույցը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

- Հասարակությանը, կարծես, ավելի հետաքրքրում է, թե այս կամ այն պաշտոնից ով է հրաժարական տալու, կամ ով է լինելու հաջորդը, քան փորձում է գնահատել, թե այս կամ այն պաշտոնյայի օրոք ինչ դրական կամ բացասական տեղաշարժեր են եղել: Ձեր կարծիքով` սա նորմա՞լ դրսևորում է, թե՞ հասարակության պարապության ու անգործության հետևանք:

- Իմ կարծիքով, ընդհանուր առմամբ, դա հասարակության կողմից իրադարձությունների հանդեպ դրսևորվող կարճաժամկետ մոտեցման արդյունք է: Երկարաժամկետ մոտեցման համար պետք է մոտեցումները փոխվեն, մթնոլորտ փոխվի, իրավիճակ փոխվի, աշխատաոճ փոխվի: Այս հարցադրումները պետք է լինեն, և մի տեսակ մեր հասարակությունը «Կիկոսի մահը» հեքիաթը դարձրել է առօրեական, երբ ինչ-որ մի ենթադրյալ հարց դառնում է ակտիվ քննարկման առարկա:

- Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ իշխանությունների գործողությունների արդյունքում գնալով ավելի է վատթարանում երկրի վիճակը: Փոփոխություն ների մասին ասվում է, բայց իրականում առանձնապես ոչինչ էլ չի փոխվում, կամ եթե անգամ փոխվում է, հասարակությունն իր վրա չի զգում դրա արդյունք ները:

- Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա մենք մշտապես էլ խոսել ենք փոփոխությունների մասին: Խոսել ենք նաև, որ պետք է մի քիչ ավելի դինամիկ դարձնել գործողությունները: Եվ եթե մի քիչ ավելի երկարաժամկետ հատվածում փորձենք դիտարկել, ապա կկարողանանք տեսնել նաև այն արդյունքը, որն ակնկալում ենք:

- Կուտակված խնդիրներն իրականում անցած 25 տարիների ընթացքում կաթիլ-կաթիլ հավաքվել և աղետալի չափերի են հասել: Եվ շատ հաճախ այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց օրոք սկսվեցին ձախողումները, լիաթոք քննադատում են իշխող կուսակցությանը: Մյուս կողմից` Հայաստանում երբեք էլ առանձնապես մեծ դժվարություն չի եղել կուսակցություն հիմնելն ու այլընտրանքային ծրագրեր ներկայացնելը: Բայց կարծես այդպես էլ չի հաջողվում երկրում մթնոլորտ փոխել: Նման պայմաններում, Ձեր կարծիքով, հնարավո՞ր է հասարակության առողջացման մասին երազել կամ դուրս գալ ստեղծված իրավիճակից:

- Այստեղ խնդիրներն ավելի շատ այլ դաշտում են: Երբ քաղաքական կուսակցությունները կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց դիրքորոշումներն են հայտնում` տարբեր գործընթացներին ակտիվ մասնակցելով, պետք է այնպիսի դիրքորոշումներ հայտնեն, որ կարողանան շահել ժողովրդի մանդատը: Այսինքն, պետք է կարողանան հասարակությանը հուզող հարցերը, խնդիրները հավուր պատշաճի ներկայացնել, որպեսզի որպես ուժ ձևավորվելուց բացի, նաև կարողանան կայանալ և այդ առումով քաղաքական այլ միավորների առաջացման առիթ չտան:

- Եթե ետ նայենք, ապա կտեսնենք, որ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ ընդդիմադիր կուսակցությունները չկարողացան հասարակությանը կոնսոլի դացնել, ինչի հետևանքով այլ միավորում ստեղծվեց և դժգոհ զանգվածին կարողացավ իր կողմը գրավել: Սա նույնպե՞ս չի խոսում այն մասին, որ երկրում կուսակցական համակարգը, այնուամենայնիվ, չի կարողանում կայանալ:

- Իհարկե, խոսքը քաղաքական պայքարի մասին է, և ձեր նշած դեպքում մարդիկ ո´չ քաղաքական ուժ էին իրենցից ներկայացնում, ո´չ հասարակական կազմակեր պություն էին: Խոսվում էր հողեր հանձնելու մասին, որը իրականությանը չի համապատասխանում. և դա օգտագործելով` ոմանք որոշել էին որոշակի գործողությունների դիմել: Դրա գնահատականը կտան իրավապահ մարմինները` քննչական գործընթացների ավարտից հետո: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա նախ պետք է ախտորոշել խնդիրը, որպեսզի հետագայում հնարավոր լինի այն բուժել:

- Չե՞ք կարծում, որ խնդիրները վաղուց ախտորոշված են, բայց գործողություններ չկան: Հասարակությունը շարունակում է մնալ բևեռացված, ժողովրդի շրջանում գնալով ավելի է սրվում սոցիալական լարվածությունը, իսկ իշխանություններն ասում են` սպասեք, համբերեք: Մինչև ե՞րբ:

- Նախ այն փոփոխությունները, որոնք մենք պատկերացնում ենք, իհարկե իրականանալի են: Վարչապետի փոփոխություն եղավ, սակայն քանի դեռ կառավարություն չի ձևավորվել` գնահատական տալը վաղ է: Բայց, իմ կարծիքով, խնդիրներին շատ արագ լուծումներ տալ հնարավոր է: Ինչ վերաբերում է նախորդ տարիներից կուտակված խնդիրներին, ապա տարիներ շարունակ կոալիցիաներ են կազմվել իշխող կուսակցության հետ, իշխանությունը ՀՀԿ-ի հետ կիսել են տարբեր քաղաքական ուժեր, այնուհետև ընտրությունների ժամանակ դուրս են եկել կոալիցիայից` ՀՀԿ-ին թողնելով մենակ: Իսկ ՀՀԿ-ն, եթե պատասխանատվություն է ստանձնել պետության և ժողովրդի առջև, անկախ նրանից դրական արդյունք է ունեցել, թե բացասական` փորձել է պահպանել իր դիրքերը: Բայց գոնե մեկ-երկու դրական ձեռքբերում մենք ունենք: Դա այն է, որ Արցախն անկախ է, բանակցային գործընթացը հօգուտ մեր երկրի է ընթանում և այլն: Սրա կողքին այո, կա նաև սոցիալական լարվածություն, որը մի օրում չի ի հայտ եկել: Ամբողջ աշխարհում է նման իրավիճակ: Իհարկե, կարելի էր անել ավելին, որը ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Հիմա կարող ենք տեմպերն արագացնել, ռեալ փոփոխություններ իրականացնել, որպեսզի հասարակ քաղաքացին, շինականն իր մաշկի վրա, իր կենցաղում տեսնի և զգա այդ փոփոխությունների արդյունքը: Սա բարդ խնդիր է, որը մենք դեռևս չենք կարողացել լուծել: Բայց սրա իրականացման համար պետք է նաև առողջ մթնոլորտ: Եվ անկախ նրանից` հասարակության առողջացումն իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության կողմից է իրականացվում, պետք է տանի նրան, որ հասարակությունը չհիասթափվի: Շատ հաճախ ընդդիմությունը չհաշվարկված քայլեր է անում, որոնք հետագայում հերթական հիասթափության պատճառ են դառնում, և խնդիրներն ավելի են բարդանում:

- Վարչապետի ընտրությունը որքանո՞վ իրավիճակ կփոխի երկրում:

- Ես կարծում եմ, որ պետք է շատ արագ ճիշտ քայլեր ձեռնարկենք ու օր առաջ անցնենք աշխատանքի, այդ դեպքում արդյունքներն ավելի շուտ տեսանելի կլինեն:

- Առջևում ՏԻՄ ընտրություններ են և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջիկա ընտրություններին ևս Հանրապետականը կկարողանա պահպանել իր դիրքերը:

- Եթե նկատել եք` շատ տեղերում հանրապետականն իր թեկնածուներին չի առաջադրել: Կան տեղեր, որ, իհարկե, սատարում է: Շատ տեղերում նույնիսկ մի քանի անգամ ընտրված քաղաքապետերն անգամ չեն առաջադրվել: Սա խոսում է այն մասին, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն է տրվել ինքնուրույն ընտրել իրենց համայքի ղեկավարին, ինչը հնարավորություն կտա, որ նոր, թարմ գաղափարներ ունեցող թեկնածուներ ի հայտ գան, ովքեր կփորձեն իրենց ուժերն ու հնարավորությունները ներդնել իրենց համայնքների զարգացման համար: Վստահ եղեք, որ առաջիկայում բավականին փոփոխություններ կլինեն, ինչը նոր հնարավորություն կտա երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու և առաջ շարժվելու համար:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ