Հուշարձան` ինքն իրեն


Զիմբաբվեի 92-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն, ով երկիրը կառավարում է ավելի քան 35 տարի, իր պատվին հուշարձան է կանգնեցրել` 3,8 մետր բարձրությամբ:

Նշանավոր արձանագործ Դոմինիկ Բենխուրան փորձել է պատկերել Մուգաբեի մուլտիպլիկացիոն պատճենը: Նախագահը պատկերված է հաստ շրջանակներ ունեցող ակնոցով և բռունցքված աջ ձեռքը վեր բարձրացրած: Արձանը կերտվել է կես տարվա ընթացքում (տեղեկացրել է The TelegrΖΘh-ը):

Մուգաբեն շատ է հավանել իր արձանը և ասել է, որ քանդակագործի աշխատանքն արժանի է «ավելիին, քան շնորհակալությունն է»: Բայց ահա զիմբաբվեցիները ծաղրել են մոնումենտը:

Անփոփոխ նախագահ Ռ. Մուգաբեն աշխարհի ամենատարեց նախագահն է: Նրա իշխանավարման ընթացքում աֆրիկյան այս պետությունը հայտնվել է մոլորակի ամենաաղքատների շարքում: Ներկայում Զիմբաբվեում պարբերաբար գործադուլներ են անում զայրացած քաղաքացիները, որոնք, որպես կանոն, դաժան ճնշումների են ենթարկվում:

Ի՞նչ կարևոր է երկրի վիճակը. կարևորը` որ նախագահն արդեն բարձրաբերձ արձան ունի և այսուհետ արձանային վերևներից է նայելու իր թշվառ երկրին: