Աշնանային երաժշտական մարաթոնի 10-րդ մեկնարկը


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) համերգաշրջանը, խնամքով պահպանվող ավանդույթի համաձայն, բացվեց երկար սպասված զրնգուն նոտայով` Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնով: Սեպտեմբերի 12-ին, Դվորժակի ջութակի կոնցերտի Վիվիան Հագների (Գերմանիա) մենակատարությամբ, հնչեցին ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տարեվերջյան ամենատևական երաժշտահանդեսի առաջին ակորդները:

Հաջորդիվ, սեպտեմբերի 18-ին, երաժշտական մարաթոնի հմուտ ջահակիրներ Դայշին Կաշիմժոտոյի (Ճապոնիա) և ալտահար Անդրեյ Վիյտովիչ (Ուկրաինա) զուգանվագով կիրականացվի նվագախմբի համար Իվան Կարաբիցի գրած թիվ 2 կոնցերտի հայաստանյան պրեմիերան` Կիրիլ Կարաբիցի (Ուկրաինա) դիրիժորությամբ: Կրկնակի հոբելյանների միահյուսմամբ, վստահ ենք, մինչև հոկտեմբերի 30-ը ծրագրված 15 դասական երեկոներով փառատոնային ընդարձակ հանգրվանում առավել կթանձրանա հոգեպարար մթնոլորտը` ՀԱՖՆ-ի և հյուրեկ երաժիշտների կատարողական արվեստի փայլատակումներով:

Ինքնատիպ այս երաժշտամարաթոնը գործիքային բարձրարվեստ բազմերանգությամբ հընթացս կգունեղացնեն ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը ու Բորիս Բրովցինը (ՌԴ), թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Յան Ֆոգլերը (Գերմանիա) ու Նարեկ Հախնազարյանը, ալտահար Դիմուտ Պոպպենը (Գերմանիա), դաշնակահարներ Վահագն Պապյանը, Վահան Մարտիրոսյանն ու Ֆիլիպ Կասարը (Ֆրանսիա) և մի շարք հայտնի տարազգի ու հայ անհատ կատարողներ: ՀԱՖՆ դիրիժորական վահանակի մոտ իրար հերթափոխած դիրիժորներ Մարիոս Պապադոպուլոսի (Մեծ Բրիտանիա) և Մարկ Թարդյուի (Գերմանիա), Դմիտրի Յուրովսկու (Գերմանիա) ու Վասիլի Սինայսկու (ՌԴ) հետ ՀԱՖՆ երաժիշտների համագործակցությունը համարձակություն կներշնչի ՀԱՖՆ Էդուարդ Թոփչյանին` ամենաանհավանական թվացող, խենթ երաժշտական նախագծեր իրագործելու:

Չմոռանանք, որ 90 տարի առաջ Ալեքսանդր Սպենդիարյանի և Արշակ Ադամյանի կողմից հիմնադրված երաժշտախումբը 21-րդ դարասկզբին պահպանում է Հայաստանում նվագախմբային արվեստի առաջատարի մենաշնորհը` մաեստրո Թոփչյանի գեղագիտական մարտավարությամբ: Ժամանակակից կոմպոզիտորներից շատերը հատուկ ՀԱՖՆ-ի համար են նոր երկեր գրում: Իր բազմահազար ունկնդիրներին կանոնավոր մատուցելով դասական սիմֆոնիկ և օպերային, ինչպես նաև ժամանակակից և ազգային երաժշտության հանրածանոթ և նորաստեղծ կտավներ` էապես բարեփոխում, առողջացնում է զանգվածային արվեստասերի հոգևոր պահանջմունքների ակունքները: Հենց այս անթաքույց միտումով էլ կայացվեց Երևանյան միջազգային երաժշտատոնը:

Ճիշտ և ճիշտ 10 տարի առաջ ՀԱՖՆ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և բրիտանաբնակ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի նախաձեռնած դասական գոհարների երևանյան համերգաշարն այսօր արդեն բարձր համարում ունի նաև ամբողջ աշխարհում: Ավելին, Երևանյան միջազգայինին մասնակցած հանրահայտ երաժիշտ կատարողների համար առանձնակի ձգողական ուժ է ձեռք բերել փառատոնային հրաշակերտ հանգրվանը` «Արամ Խաչատրյան» համերգասրահը: Քանի˜-քանիսն են ձգտում այնպես ծրագրավորել իրենց համերգային շրջագայությունները, որ անպայման նորից ու կրկին հանդես գան հայկական տաքսիրտ հյուրընկալությամբ հավասարը չունեցող այս շքեղ սրահում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ