ԴԱՏԱՎՈՐԸ ՎՃԻՌ ԷՐ ԿԱՅԱՑՐԵԼ 


 

Վանաձորյան այս պատմությունը գուցե միակը չէ, սակայն զարմանալին այն է, որ դատավորին թվացել է, թե լոռեցիներն այնքան միամիտ են, որ չեն նկատի մեկ ուրիշի ստորագրությունը կամ նոտարի կնիքի բացակայությունը…

Դատարանների անկախության մասին խոսում ենք շատ հաճախ: Ավելի հաճախ փաստեր ենք ներկայացնում, թե ինչպես այս կամ այն դատավորը, կախվածության մեջ լինելով ինչ-որ պաշտոնյայից, անօրինական վճիռներ է կայացնում: Դատարանները գրեթե երբեք չեն դիմում լրատվամիջոցներին նման դեպքերում, հերքում չեն պահանջում, չեն էլ փորձում ապացուցելու, թե իրենք արդար են եղել, թե խախտումներ թույլ չեն տվել: Նման պահվածքով նրանք փաստում են, որ իսկապես ասելիք չունեն, կամ էլ` արհամարհում են ամեն մի հրապարակում` շարունակելով իրենց «ընթացքը» արդարադատության «բավիղներում»:

Օրերս Վերաքննիչ դատարանը բեկանել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի մի վճիռ և հետ ուղարկել: Այս վճռում ուշագրավն այն է, որ դատավորն օրինական «տեսք է տվել» ապօրինի փաստաթղթին ու դրանով էլ վճիռ կայացրել:

Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգին քաղաքի հարստություններից է, նրա պատմության մշտական ներկան: Այգու հետ են կապված բազմաթիվ հիշողություններ և ավանդույթներ, այնտեղ տեղադրված դաշնամուրով նվագել են Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Կոնստանդին Օրբելյանը, ուրիշներ...

Տևական ժամանակ այգին անտերունչության մատնելուց հետո` 2004 թվականին Վանաձորի քաղաքապետարանը «Արծիվ» ՍՊԸ հետ տարածքի վարձակալության պայմանագիր էր կնքել` 45 000 քմ մակերեսով այգին մինչև 2013 թվականը ժամանակավոր օգտագործման հանձնելու մասին: Քաղաքապետարանը 1քմ գին էլ էր սահմանել` 59 580 դրամ: Սակայն տեղյակ չպահելով վարձակալին, հարցը չքննարկելով ավագանու նիստում` 2009 թվականից քաղաքապետարանը կամայականորեն փոխել էր վարձավճարը` սահմանելով 88.650 դրամ: Ընդորում, այս մասին վարձակալին ոչինչ չէր հայտնվել, պարզապես քաղաքապետարանում սկսել էին հաշվարկել այս սակագնով: Նույն սակագինն էր սահմանվել նաև ժամկետանց տույժերի ու ապառքների դեպքում: Այսինքն, քաղաքապետարանը վարձակալի վճարումներին գումարում էր իր կողմից անօրինականորեն սահմանված սակագինը, ձևակերպում ապառք ու կրկնակի տույժ ու սկսում մի գործընթաց, որը կոչվում է` փող աշխատել...

Չհամակերպվելով այս ամենի հետ, ընկերության տնօրեն Վահան Մխիթարյանը դիմել է առաջին ատյանի դատարան, որտեղ էլ դատավոր Նաիրա Ավետիսյանը մերժել էր տնօրենի հայցը: Փոխարենը` հիմք ընդունելով քաղաքապետ Սամվել Դարբինյանի հայցը` այգու վարձակալման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին` վճիռ է կայացրել հօգուտ քաղաքապետի: Իսկ քաղաքապետի ներկայացրած փաստաթուղթը, պարզվում է, կեղծ էր եղել: Իբր 2009 թվականին կնքվել էր պայմանագիր այգու հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին: Եվ, համաձայն այդ պայմանագրի, այգու 45 000քմ տարածքը ՍՊԸ-ին է տրվում մինչև 2013 թվականը: Իսկ ինչո՞ւ էր կեղծ այս փաստաթուղթը... Որովհետև այն նոտարական կարգով վավերացված չէր: Սակայն կա նաև զավեշտական կողմը. ՍՊԸ կողմից պայմանագիրը ստորագրել էր «տնօրեն» Սուրեն Ղամբարյանը, ով 2008-ից հեռացել էր տնօրենի պաշտոնից, և տնօրեն էր նշանակվել Վահան Մխիթարյանը: Հետևաբար 2009-ին Սուրեն Ղամբարյանը չէր կարող համարվել ընկերության դիրքերից հանդես եկող անձ:

Լ.Մ.

Հ.Գ. Ի դեպ, վանաձորյան մի ուրիշ աղմկահարույց պատմություն էլ գրավեց մեր ուշադրությունը` կապված նշանավոր «ֆոտո Էտյուդի» շենքի հետ, բայց դրան կանդրադառնանք ՏԻՄ ընտրություններից հետո, որպեսզի մեր ելույթը հակաքարոզչություն չդիտարկվի: