«ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆԸ»  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 


 

Օրերս Ադրբեջան այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը` Ադրբեջանին սատարելու, նրա շահերը պաշտպանելու հարցում` միաժամանակ հայտարարելով, որ չի կարող խոսք լինել հայ-թուրքական սահմանի բացման մասին: Հայաստանի հետ հարաբերությունների հարցը կքննարկվի միայն Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումից հետո` նորից պնդել է Էրդողանը:

Կարծես ոչ մի նորություն չկա այս ամենի մեջ, ուստի մեր լրագրողական անդրադարձը կարող է անգամ միամտություն համարվել, հին թեմայի կրկնություն: Սակայն այս հայտարարությունները հետաքրքիր են դառնում երկու «ասպեկտով», որոնք էլ չէին կարող դուրս մնալ մեր տեսադաշտից: Մշտապես Ադրբեջանի թիկունքին կանգնած ու նրան սատարող Թուրքիան զարմանալի լռություն պահպանեց հունգարա-ադրբեջանական սկանդալի առթիվ` այդպես էլ չներկայացնելով իր դիրքորոշումը: Սա գրավեց շատերի ուշադրությունը: Արդյո՞ք Թուրքիան համակարծիք էր Ադրբեջանի հետ և համոզված էր, որ կրտսեր եղբայրը ճիշտ է վարվել` Սաֆարովին արդարացնելով:

Արդյո՞ք Թուրքիան, որ մղվում է դեպի Եվրամիություն, դեմ է դուրս գալիս եվրոպական այն պետություններին, որոնք դատապարտող խոսքեր հնչեցրին: Այս երկու հարցն առկախ մնաց: Մինչդեռ հենց այս հարցերի մեջ է Թուրքիայի մարտավարությունը: Թուրքիան երբեք չի հրաժարվում Ադրբեջանից և միշտ հայտարարություններ է անում, որ այդ երկիրը դիտարկում է որպես իր էթնիկ միասնության մի մասը: Այս դեպքում ինչու՞ Անկարան չպաշտպանեց Բաքվին և հերթական անգամ ի ցույց չդրեց իր հավատարմությունը: Հասկանալի է, որ Թուրքիան անգամ Ադրբեջանի հետ վարում է երկդիմի քաղաքականություն` նրան կախված պահելով իրենից: Հրապարակավ սատարելով «պուճուր ախպորը»` «մեծը» իր դեմ կհաներ ԱՄՆ-ին, կհաստատեր, որ ինքն էլ կողմ է չարիքի փառաբանությանը: Մինչդեռ Անկարան ամեն ինչ անում է` այն տպավորությունը ստեղծելու համար, թե առաջնորդվում է ժողովրդավա րական արժեքներով, թե պաշտպանում է այն արժեհամակարգերը, որոնք ընդունված են Եվրոպայում: Սա, սակայն, միայն արտաքին երեսն է: Մինչդեռ Թուրքիայի այս պահվածքի շատ ավելի խորքային ըմբռնում կա:

Թուրքիան լավ է հասկանում, որ Արևմուտքը, լիուլի օգտվելով Ադրբեջանի նավթային հարստություններից և շատ հաճախ աչք փակելով այնտեղ տիրող իրավիճակի առջև, այնուհանդերձ ունի հստակ մշակված ծրագիր` արաբական աշխարհում «վերափոխումներ» իրականացնելուց հետո անցնել Ադրբեջանին և տապալել ալիևյան իշխանությունը: Սա արդեն տեսանելի ապագայի ծրագրային դրույթներից մեկն է: Ցանկանալով տարածաշրջանում լինել առաջատար դիրքերում, պաշտոնական Անկարան չի կարող այսօր հրապարակավ սատարել Բաքվին` հասկանալով, որ այդ դեպքում նախատեսվող հարվածը կարող է նաև իր վրա վերցնել: Սա առաջին պատճառաբանությունն է: Սրանից զատ կա մեկը ևս, որն առավել կարևոր է Թուրքիայի համար:

Որևէ մեկին գաղտնիք չէ, որ Սիրիայում պատերազմական վիճակը բորբոքում է Թուրքիան` կամենալով առավել շատ դիվիդենտներ շահել, խոչընդոտել նախատեսվող քրդական պետության ստեղծմանը` միաժամանակ կազմաքանդելով Սփյուռքի հզոր հանգրվաններից մեկը: Հատկապես Հալեպում ծավալվող իրադարձությունները վկայությունն են այն իրողության, որ Թուրքիան ջանքեր է գործադրում հարված հասցնել հայկական թաղամասերին, հայերին հեռացնել Հալեպից: Ադրբեջանի հրապարակավ սատարումը շատերին կստիպի կապ տեսնել այդ պաշտպանության և սիրիական դեպքերի մեջ և արդեն անվարան հաստատել, որ սիրիական ընդդիմություն գոյություն չունի, որ Արևմուտքը Թուրքիային է «պատվիրակել» Սիրիայի ավերումը: Թուրքիան էլ, օգտվելով առիթից, զբաղված է նաև սիրիական սփյուռքի ոչնչացմամբ:

Հատկապես այս մասին գիտեն Ադրբեջանում, ուստի այստեղ այնքան էլ չեն նեղվում, որ ավագ եղբայրը մնում է պասիվ: Ի վերջո, պասիվությունը նույնպես դիրքորոշում է. եթե չի դատապարտում, նշանակում է` աջակցում է: Սա նաև Արևելքում ընդունված քիրվայության «փիլիսոփայությունն» է: Թուրքերը մի ասացվածք ունեն. «Լավ քիրվա է նա, ով մյուս քիրվայի մասին ոչ լավն է խոսում, ոչ վատը»…