ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԸՆՏՐԵԼ ՁՈՐԱԿԱՊՈՒՄ 


 

Շիրակի մարզի Ձորակապ գյուղում, որը հայտնի է իր անհնազանդությամբ, կռիվ է ընկել: Ընտրություններից հետո պարզվել է, որ գործող գյուղապետը վերընտրվել է իր մրցակցի հանդեպ ունեցած 15 ձայնի առավելությամբ: Հենց սա էլ զայրացրել է գյուղացիներին, ովքեր անսպասելիորեն պարզել են, որ իրենցից շատերի հասցեներում հաշվառված են Վրաստանի Ախալքալաքի շրջանի մեր հայրենակիցներից: Վերջիններս ընտրությունների օրը եկել ու քվեարկել են գործող գյուղապետի օգտին:

Խնդիրն այն է, որ ստանալով երկքաղաքացիություն` Ռուսաստան արտագնա աշխատանքի հնարավորություն ունենալու համար, շատ ջավախահայեր իրենք էլ տեղյակ չեն լինում, որտեղ են հաշվառվում: Իսկ ահա ձորակապցիները բացահայտել են այս իրավիճակը` ընտրությունների օրը տեսնելով անծանոթ մարդկանց: Բայց ձորակապցիները նաև պնդում են, որ շատ ընտրողների ուղղորդել է գյուղի դպրոցի տնօրենը:

Չհամակերպվելով ստեղծված իրավիճակի հետ` ձորակապցիները պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, քանզի համոզված են, որ իրենց գյուղում չապրող մարդկանց ընտրությունն ազդել է արդյունքերի վրա: