Վայրագությունը սահման չունի


 

Ոչ մի առողջ հոգի չէր կարող անտարբեր մնալ սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգության հանդեպ: Ու մինչ Միացյալ Նահանգներում ու տարբեր այլ երկրներում հիշատակի տուրք էին մատուցում անմեղ զոհերի հիշատակին, Եգիպտոսում և Լիբիայում մուսուլմանները հարձակվել են ԱՄՆ-ի դեսպանատների վրա: Հարձակումների պատճառն իսլամի մասին ամերիկյան ֆիլմն է, որը հավատացյալների կարծիքով` վիրավորանք է Մուհամեդ մարգարեի հասցեին:

Պարզվել է, որ 15 րոպեանոց այդ տեսահոլովակի ստեղծմանը մասնակից է իսլամի մոլի հակառակորդ, բողոքական քահանա Թերի Ջոնսը, ով ճանաչվեց հատկապես Ղուրանը հրապարակավ այրելուց հետո (2011 թ.): Իսկ նկարահանումները կատարվել են «100 հրեաների» նվիրատվություններով:

Դեսպանատների վրա գրոհների արդյունքում Լիբանանում զոհվել է մի ամերիկացի (գրել է The WΖshington Post-ը):

Ինչ վերաբերում է բախումնահարույց ֆիլմին` ցանցում այն հայտնվել է անգլերեն և արաբերեն տարբերակներով: Բայց նույնիսկ դրա տեքստը չլսելու դեպքում, ասում են` հստակ է, որ այն նկարված է երգիծական ոճով, ինչը հեշտորեն կվիրավորեր մուսուլմաններին: Տեսահոլովակը սկսվում է այն տեսարանով, երբ քրիստոնյաների տանը տեղի ունեցող կոտորածի ժամանակ Եգիպտոսի ոստիկանը ոչինչ չի ձեռնարկում: Մարգարեն հայտնվում է ավելի ուշ` արնածարավ կնատյացի, անառակի տեսքով:

Որոշ տվյալներով` հոգևորական Ջոնսը մասնակցել է այդ ֆիլմի ստեղծմանը, որը ցանցում տեղադրվել է «Մուսուլմանների մարգարե Մուհամեդը» վերնագրով: Քահանան հայտարարել է, որ սկզբում այդ կարճամետրաժը կոչվել է «Մուսուլմանների անմեղությունը», իսկ հիմնական գաղափարը եղել է ոչ թե իսլամը դավանողներին վարկաբեկելը, այլ նրանց հավատի «ապակառուցողականությունը»:

Մեկ այլ վարկածով (ինչպես նշել է The New York TiΗes-ը)` ֆիլմը «Յութուբ»-ում տեղադրել է հրեական ծագմամբ ամերիկացի Սեմ Բեսիլը: 52 տարեկան այս կալիֆոռնիացին խոստովանել է, որ այդ ֆիլմն ինքը նկարահանել է «100 հրեաների» նվիրաբերած շուրջ 5 միլիոն դոլարով:

- Իսլամը քաղցկեղ է,- տեսահոլովակի գաղափարը բացատրել է Բեսիլը: