Նախագահուհու հարբած երկրպագուն 


 

Հարբածի համար, ասում են` ծովը ծնկներից է: Եվ երկիրն ու ազգությունը էական չեն: Հակառակ դեպքում հարբած բրազիլացին իր պետության նախագահին հրապարակավ ամուսնության առաջարկ չէր անի:

Միջադեպը տեղի է ունեցել երկու օր առաջ. 29-ամյա Էդմեյր Սելեշտին դա Սիլվին հաջողացրել է մտնել երկրի նախագահի նստավայր` բղավելով նախագահ Դիլմա Ռուսեֆի հանդեպ իր սիրո մասին: Նա հաջողացրել է հասնել մինչ այն հրապարակ, որտեղ սովորաբար հանդիսավորությամբ դիմավորում են արտասահմանյան պատվիրակություններին: Հարբածը ոտաբոբիկ է եղել և անհեթեթ բարբաջանքներով գոռգոռացել է իր «խորը զգացմունքների մասին» (հաղորդել է «Գոլոս Ռոսիի»-ն): Նա հավաստիացրել է, թե սիրում է Դիլմա Ռուսեֆին, ցանկանում է ամուսնանալ նրա հետ և արդե´ն եղել է նախագահուհու ամուսինը:

Այս դոնժուանն այնքան մոլեգնած է եղել, որ նախագահական թիկնապահներից մեկը ստիպված մի քանի անգամ ռետինե գնդակներով կրակել է` նրան զսպելու համար:

Իհարկե, անսպասելի հյուրին կապկպել են, ձեռնաշղթա հագցնել և ուղարկել Բրազիլիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը` մինչև սթափանալը: Ի դեպ, նրա ծոցագրպա նում հայտնաբերել են իր սրտի տիրուհի Ռուսեֆի լուսանկարը:

Հետաքրքրական է, որ պաշտոնավարման 21 ամիսների ընթացքում սա 6-րդ դեպքն է, երբ փորձում են ներխուժել տիկին Ռուսեֆի նախագահական նստավայր: