Ոգեկոչում` Հարժիս գյուղում


 

Գիտելիքի ու դպրության օրը կրկնակի տոն էր Սյունիքի մարզի Հարժիս գյուղում:

Ազատամարտիկ սակրավոր-հետախույզ Համլետ Մինասյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրված անվանի ազատամարտիկի հուշարձանի տեղադրման 20-ամյա հոբելյանն էին նշում:

2011 թվականից լեհ ժողովուրդը և Հայաստանում լեհական հավատարմատարությունը ստանձնել են Սյունիքի մարզի Հարժիս գյուղի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները` փուլ առ փուլ հասցնելով վերջնական ավարտին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Զդիսլավ Ռադզինսկին, նրա տեղակալը, Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը, Հարժիս գյուղի գյուղապետ Սուրիկ Հարությունյանը և այլք:

Հյուրերն ու միջոցառման կազմակերպիչները հանդիսավոր կերպով կտրեցին դպրոցի կարմիր ժապավենը` ծանոթանալով մինչ օրս կատարված աշխատանքներին:

Ջերմորեն ողջունելով ներկաներին, դպրոցի տնօրեն Վոլոդյա Հովսեփյանը շնորհակալագրեր հանձնեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպանին, մարզպետին ու զոհված ազատամարտիկ Հ. Մինասյանի ծնողներին, ինչպես նաև գովասանագրեր հանձնեց 2011-12 ուսումնական տարվա գերազանցիկ աշակերտներին:

Հուզիչ ու անկեղծ էր Լալազար Մինասյանի` Համլետ Մինասյանի հոր խոսքը:

ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Զդիսլավ Ռադզինսկին, փոխմարզպետ Ա.Դոլունցը, դպրոցի վաստակավոր ուսուցչուհի Ա. Մանուչյանը, գյուղապետ Ս. Հարությունյանը ևս նորոգ դպրոցում բարձր առաջադիմություն մաղթեցին աշակերտներին: Իսկ օտարերկրացի հյուրերը հետաքրքրությամբ լսեցին զոհված ազատամարտիկ Համլետի մոր` Մառլենա Մինասյանի խոսքը հերոս որդու անցած ուղու մասին:

Իսկապես` ոչինչ չի մոռացվում ու ոչ ոք չի մոռացվում. սա նաև հարժիսցիների կարգախոսն է: 

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ