ՇԻՐԱԿՑԻ ԳՐՈՂՆԵՐՆ ՈՒՐԱԽԱՑԱՆ 


 

Ինչպես մեզ տեղեկացրեց Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային կառույցի ղեկավար բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը` իրականացավ իրենց վաղեմի երազանքն, ու շուտով իրենց տունը կունենան, գրական հավաքույթների հանգրվանը: Երկար տարիներ Հայաստանի ամենահին գրական կազմակերպությունը թափառականի կարգավիճակում էր հայտնվել. նրան մերթ մի տարածքում էին տեղավորում, հետո առաջարկում մեկ այլ տարածք: Անգամ երկրաշարժից առաջ էլ գրողներն իրենց մշտական հավաքատեղին չունեին: Իսկ հիմա վերջապես տարածք է տրամադրվել, ՀԳՄ-ն էլ իր ֆինանսական միջոցներով որոշել է սեփականաշնորհել հողը: Հող-հատկացումն արվել է Ղուկասյան փողոցում, որը քաղաքի կենտրոն չէ, բայց շատ հարմար է, ու այստեղ ըստ նախագծի` կլինի երկհարկանի շենք: Իսկ ինչ վերաբերում է, թե երբ կսկսվեն շինարարական աշխատանքները ու երբ հնարավոր կլինի նորամուտ նշել` Անդրանիկ Կարապետյանն ասաց, որ հավանաբար արդեն երեք տարի հետո գրողները մտնեն իրենց տուն:

Ուրախալի փաստ է, անշուշտ, սակայն ցանկալի կլիներ, որ ոչ թե երեք տարի սպասեին գրողները, այլ հենց մեկ տարի անց էլ ունենային մասնաճյուղի շենքը: Մանավանդ որ նմանատիպ կառույցների շինարարական աշխատանքները երկարատև չեն, բայց պարզ է դառնում, որ դեռ պիտի ֆինանսական միջոցների հարց լուծվի: Հետաքրքիր է, գյումրեցի մեծահարուստները, որոնց թիվը փոքր չէ թե´ հայրենի քաղաքում, թե´ նրա սահմաններից դուրս, չե՞ն ուզում գոնե մեկ անգամ առատաձեռն լինել ու օգնել գրողներին: