Երեկ, այսօր, վաղը 


 

Հայ ազգը կարևոր օղակ է ամբողջ մարդկության և հատկապես Եվրոպայի ժողովուրդների ծագման և զարգացման ուսումնասիրության համար:

Ակադեմիկոս Ն. Մառ:

Սարգոն Ակկադացու (XXIV դար մ.թ.ա.) քարտեզի վրա նշված է Հայաստանը:

Հռոմի կոլիզեյի (I դար մ.թ.ա.) գլխավոր կամարի վրա քանդակված է "ARMENIA" երկրի քարտեզը:

Ազգային հարստության բռնի սեփականացրած արժեքները ետ են վերադարձվում գիտակցության զենքով, ժողովրդի կամքով և օրենքի ուժով:

Ցիցերոն                                                                                       

Արտաշես ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. Տնտեսագիտական գիտությունների թեկնածու.

1982-1991 թթ. եղել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի առևտրի էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ.

1989-1990 թթ. ավարտել է Սովետա-իտալական միջազգային բիզնեսի բարձրագույն դպրոցը (Մոսկվա-Հռոմ): 1990-1993 թթ.` «Հայաստանի Շիրակ» կոնցեռնի նախագահ: 1993 թվականից ընտանիքով տեղափոխվել է Մոսկվա, որտեղ հրատարակել է մի շարք հոդվածներ ( «Սեփականությունը և Հայաստանի ազգային անվտանգությունը», «Ռուսաստանը` պատմության առանցք», «Սեփականություն, իշխանություն և պետության կառավարում» ):

Մարքեթինգի և մենեջմենթի վերաբերյալ շուրջ 100 գիտական աշխատությունների հեղինակ է:

Մասնակցել է մի շարք միջազգային բիզնես-համաժողովների` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում, ՄԱԷ-ում և Հայաստանում:

2004-2011 թթ. Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի IV և V նստաշրջանի տնտեսական քաղաքականության և ձեռներեցության հանձնաժողովի անդամ է: 2012 թվականի մարտին ընտրվել է «Արարատ» գիտությունների ակադեմիայի (Ֆրանսիա) պատվավոր անդամ:

Ներկայումս դասավանդում է Մոսկվայի հումանիտար տեխնիկական ակադեմիայի էկոնոմիկայի ամբիոնում, նույն ամբիոնի դոկտորանտ է:

Յուրաքանչյուր ազգի պատմությունը մարդկային քաղաքակրթության տարեգրության մի էջ է, իսկ յուրաքանչյուր մարդու կենսագրությունը` իր ազգի պատմության մի տողը:

Հայ ազգը և հայ պետականությունը համաշխարհային քաղաքակրթության էական տարրերից մեկն է: Այն հազարամյակների հարուստ պատմությամբ եղել է, կա և վստահ եմ, որ կլինի նաև ապագայում, քանի որ հայը էթնոգեն ինքնատիպությամբ, ստեղծագործ աշխատանքով, տաղանդով դարձել է մարդկային առաջընթացի կարևոր գործոն:

Գիտության, մշակույթի, արհեստների ու արվեստի, զինվորական ու պետական հայազգի շատ գործիչներ իրենց սխրանքով ու տաղանդով փառք են բերել աշխարհի տարբեր ազգերին ու պետություններին, միաժամանակ փառաբանելով իրենց և հայ ստեղծագործ ժողովրդի համաշխարհային համբավը:

Սակայն 14-րդ դարից սկսած հայոց պետականության ժամանակավոր կործանումից հետո, հայ ժողովուրդը սրից ու կրակից բնաջնջման դաժան փորձությունների շղթայից XX դարի սկզբին ի վերջո դուրս եկավ: Դարավերջին նորից մտավ քաղաքակիրթ երկրների շարքը, դրսևորելով դաժան ճակատագրին հերոսաբար դիմակայելու ամուր կամք և քրիստոնեական հավատքին հարիր համբերություն և հույս: Իհարկե` նաև հայ ազգին անհրաժեշտ միաբանություն:

Հայ ազգի հզոր պետականություն ունենալու վճռականությունը արհավիրքների ու զրկանքների պայմաններում էլ ավելի է զորեղացել: Պարտությունը հայի համար եղել է հաղթանակի դասընթաց, անհաջողությունը` հաջողության սկիզբ:

Համաշխարհայնացման արդի պայմաններում հայ ազգային նոր գաղափարախոսություն ստեղծելու և պետությունը հզորացնելու անհրաժեշտությունը հայ ժողովրդի` որպես մեկ ամբողջական հավաքականության (ՀՀ, Արցախ և Սփյուռք) առաջ նոր մարտահրավեր է նետում: Դրանք լուծելու համար նախ պետք է հաշվի առնել տարբեր երկրների կարծրատիպե րին համակերպված և ազգային ինքնատիպությունը պաշտպանած հայերի կարծիքների ու մոտեցումների բազմազանությունը:

Հայտնի փաստ է, որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ, անկախ իր սոցիալական կարգավիճակից և հասարակության մեջ գրաված դիրքից հոգու խորքում`

ա) փայփայում է հայրենիքի նկատմամբ կարոտի և սիրո զգացումը և ազգային պետականությանը օգտակար լինելու պատրաստակամությունը.

բ) զգում է ազգային պետության մշտական սատարի և նրա հետ համագործակցելու կարիքը կյանքի և գործունեության բոլոր դաշտերում.

գ) երազում է «գտնել» հայրենի տուն վերադառնալու բաղձալի ճանապարհը. այդ թվում նաև` իր ապահով և ժողովրդավարական պետության մեջ սեփականություն ունենալու միջոցով:

Ազգային և պետական համընդհանուր ռազմավարական ծրագիրը (դոկտրինը) կազմելիս պետք է հաշվի առնել ՀՀ, Արցախի և Սփյուռքի գաղափարական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական, իրավական առանձնահատկությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն:

Այդ ծրագրի առանցքային բանաձևը, ըստ էության, պետք է լինի հետևյալը` «Այն, ինչ օգուտ է աշխարհի ցանկացած վայրում բնակվող յուրաքանչյուր հայի, օգտակար է նաև Հայաստանի պետականությանը»:

Հայաստանն իր աշխարհագրական դիրքի ռազմավարական նշանակությամբ և ունեցած բնական պաշարներով համարվել է տարբեր պետությունների իրավիճակային կամ մշտական «ազգային շահերի գոտի»:

Հետևաբար միջազգային հարաբերություններ հաստատելիս հայկական պետությունը պետք է նախապատվություն տա տևական պատմական փորձություն անցած, կայուն տնտեսական զարգացում ունեցող երկրներին` ցուցաբերելով փոխշահավետ, հավասարակշիռ մոտեցում բոլոր պետությունների հետ հարաբերություններում` անկախ կրոնական և քաղաքական էական տարբերություններից: Անհրաժեշտ է իրատես գնահատական տալ պատմական իրադարձություններին, քանի որ պատմությունը ոչ միայն սովորեցնում է, այլ նաև պատժում է` ճիշտ հետևություն չանելու պարագայում:

Հայաստանի ռազմավարական ծրագրի պատմական ակունքները

Ողջ աշխարհում բնակվող հայ ժողովուրդը և հայոց պետությունը նման են «ոսկե արծվի», որը կարող է դառնալ «անգլիական առյուծի», «ամերիկյան բիզոնի» կամ «ռուսական արջի» թագի կարևոր «զարդը»:

Ցավալի ճշմարտություն է` մարդն իր ունեցածը կորցնելուց հետո է միայն խորը գիտակցում ու գնահատում դրա իրական արժեքը: Այս միտքը արտահայտվել է դեռևս անտիկ աշխարհի փիլիսոփաների կողմից` դառնալով արժեքի օրենքի, տնտեսագիտական ուսմունքի անկյունաքար. «ապրանքի արժեքը որոշվում է շուկայում, այն օտարելուց հետո միայն»:

Պետությունը նման է կշեռքի, տարբեր մարդկանց, հասարակական խմբերի, ուժերի, նրանց ազդեցության, նպատակների իրական «կշիռը» ճիշտ որոշելու համար:

(շարունակելի)