«ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՈՒԺԸ»`  հաշմանդամ երիտասարդներին 


 

Երկտասնամյա ընդմիջումից հետո լեհաստանաբնակ ամուսիններ Հրայր և Մոնիկա ՄԱՂԱՔՅԱՆՆԵՐԻ այցելությունը հայրենիք նշանավորվեց «Կարողանալու ուժը» ծրագրի իրականացումով: Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ`` Հանուն Ժողովրդավարության Զարգացման ԷՐՎԻՆ լեհական ընկերության այս ծրագիրը կարելի է հաջողված համարել: Նպատակների, արդյունքների, տպավորությունների շուրջ է մեր զրույցը Կիելցի համալսարանի գիտաշխատող, լեզվաբանական գիտությունների թեկնածու, ԷՐՎԻՆ ընկերության հիմնադիր Հրայր ՄԱՂԱՔՅԱՆԻ հետ:

- Ծրագիրն իրականացվեց Հայաստանի «Հույսի կամուրջ» և «Ազգի վերածնունդ» ՀԿ-ների հետ համագործակցության շրջանակներում: Երբ Լեհաստանի արտաքին գործերի նախարարության կողմից մրցույթ հայտարարվեց, մենք ներկայացրինք մեր ծրագիրը: Նաև փաստագրական ֆիլմ նկարահանեցինք, որտեղ արտացոլված է ծրագրի ողջ ընթացքը: Մեր նպատակն էր դասախոսությունների միջոցով հնարավորինս խթանել երիտասարդների մասնակցությունը համակարգային բարեփոխումների ոլորտում, նպաստել հաշմանդամություն ունեցող լրագրողների` հասարակական տեղեկատվության հասանելիության վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը:

Դասախոսությունների ընթացքում նաև նպատակ ունեինք ոչ քննադատելով, ոչ էլ գովաբանելով Հայաստանը, համեմատել այս երկրում, ինչպես նաև Լեհաստանում և ԱՄՆ-ում գործող` հատկապես մամուլի ազատության և տեղեկատվության իրավունքի վերաբերյալ օրենքները: Մեր ընկերությունը բավական մեծ փորձ ունի, սակայն մինչ օրս գործել է միայն Լեհաստանում:

- Իսկ ինչպե՞ս որոշվեց նմանատիպ ծրագիր իրականացնել նաև մեր երկրում:

- Շատ բարդ հարց է, դա Մոնիկայի մտահղացումն էր:

Մ. ՄԱՂԱՔՅԱՆ.- Ամուսինս ազգությամբ հայ է: Թեև հաճախակի չեն մեր այցելությունները, բայց անընդհատ հետաքրքրվել եմ հայերով ու Հայաստանով: Նա աշխատել է որպես քաղաքական մեկնաբան, և անընդհատ հետևել եմ Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակին: Ծրագրերը հայտարարված էին տարբեր երկրների համար: Մտածեցի` ինչո՞ւ այլ երկրում և ոչ Հայաստանում: Թեև մտավախություն ունեի, բայց բարեբախտաբար այն հավանության արժանացավ, հատկապես որ ուղղված է հաշմանդամ երիտասարդ թղթակիցներին:

12 հոգի կարողացան օգտվել այս ծրագրից ու արդեն գրեթե կազմավորվել է նաև ծրագրին մասնակցել ցանկացողների հաջորդ խումբը, սակայն դրա իրականացումը, ցավոք, մեզնից չէ կախված: Անշուշտ, պիտի փորձենք նաև երկրորդ փուլ իրականացնել: Ուրախությամբ եմ փաստում, որ մինչ օրս մեր ծրագրերը երբեք չէին արժանացել նման ընդունելության` ընկալումների տեսանկյունից: Մենք երբեք այսպիսի լսարան չենք ունեցել: Ես հիացած եմ:

- Ի՞նչ սկզբունքներով են ընտրվել ծրագրի մասնակից երիտասարդները:

Հ. Մաղաքյան.- Քանի որ «Հույսի կամուրջը» մեծ փորձ ունի, մենք դիմեցինք նրա օգնությանը: Սակայն հստակ ընտրություն է եղել: Այսինքն, նրանց խնդրեցինք, որ երիտասարդ թղթակցողների մեջ չլինեն այնպիսի մարդիկ, ովքեր լրագրության մասին պատկերացում չունեն: Բայց և չէինք ցանկանում, որ լինեին փորձված լրագրողներ, քանի որ նրանք մեր օգնություն կարիքը չունեն: Մասնակիցների մեջ կային անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, սակայն մեծ փորձ ու գիտելիքներ չունեին` տեղեկատվություն ձեռք բերելու, մերժման դեպքում բողոքելու եղանակների և այլ հարցերի մասին: 25 ժամ աշխատել ենք երեխաների հետ: Ոչ մի օր մենք բացակա չունեցանք: Մեծ հետաքրքրությամբ էին մասնակցում դասախոսություններին և իրենց երախտագիտությունն էին հայտնում: Մենք նաև հարցաթերթիկներ տվեցինք լրացնելու: Անանուն, որպեսզի կարողանան գրել այն, ինչ մտածում են: Պատկերացրեք` ես մտավախություն ունեմ, որ նախարարությունում ոչ ոք չի հավատա նման փայլուն արդյունքների: Այնքան ջերմություն կար նրանց գրածներում:

Մեզ համար սա նոր քայլ էր, որը հաջողությամբ պսակվեց:

Ուրախ եմ, որ կարողացանք ծրագիրն իրականացնել Հայաստանում: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ