ԻՍԿԱՊԵՍ, Ո՞ՒՄ Է ԴԱ ՁԵՌՆՏՈՒ


Ավա¯ղ, պնդումները, թե ներկայում քննարկվող երկու հիմնական թեմաների` առաջիկա խորհրդարանական ընտրությունների և սպանությունների ու ահաբեկումների հին գործընթացի կտրուկ ինտենսիվացման միջև անմիջական կապ գոյություն ունի, բոլորն են ընդունում: Ասվածը բնականաբար ենթադրում է, որ քարոզարշավ կոչվածի ակտիվացումը նոր «արտանետումների» տեսքով մեծացնելու է բռնությունների շղթան: Եվ եթե գլխավոր դատախազության պաշտոնական վիճակագրության ցուցանիշներն արդեն իսկ փաստում են հանրապետությունում վերջին շրջանում սպանությունների թվի կրկնապատկումը, ապա դժվար չէ ենթադրել, թե այդ ցուցանիշներն ինչպիսին կլինեն արդեն ընտրությունների նախաշեմին: Որքան էլ ավելի քան տեսանելի է զարգացումների ընթացքը, այնուամենայնիվ, չտարվենք կանխատեսումներով: Նշենք միայն, որ նշված գործընթացներն անխուսափելիորեն խոշորացնում են իշխանության բուրգի բոլոր հարթություններում գոյություն ունեցող ճաքերը, ինչը նախ և առաջ ձեռնտու չէ հենց երկրի բարձրագույն ղեկավարությանը: Ի վերջո, գաղտնիք չի եղել, որ, ասենք, Շահեն Հովասափյանը հենց Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի մերձավորագույն ընկերն ու գաղափարական զինակիցն է եղել: Սրանով հանդերձ` հերթական աղմկահարույց սպանությանը հաջորդող առաջին. «Ո՞ւմ է դա ձեռնտու» հարցի պատասխանը հարկ է քաղաքականացված կրիմինալի բազմաշերտ ծալքերում փնտրել: Ասել է թե իշխանությունը քրեական տարրի ակտիվացմանն ու պետական և քաղաքական շրջանակների հետ սերտ հարաբերություններին դեմ լինելով` միշտ չէ, որ կարողանում է զսպել կրիմինալի անմարդկային նկրտումները: Ու քանի դեռ կատարվող հանցագործությունները չեն բացահայտվում, ԶԼՄ-ներին մնում է միայն հավանական ու անհավանական ենթադրություններով, սեփական վարկածներով առաջնորդվելու տարբերակն ընտրել` հաճախ նույնիսկ ամենաուղղակի կերպով սեփական հետևողականության զոհը դառնալով: Ուրիշ էլ ի՞նչ կարող են անել լրագրողները, եթե սպանությունները բացահայտվում են միայն այն դեպքում, երբ մարդասպանն ինքն է կամովին իրավապահներին հանձնվում: Ինչո՞ւ ահաբեկման «հերթը» «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին հասավ: Պետք է հանդուրժե՞ր... Չի հանդուրժել և իբրև լրագրող իր գրչով է փորձել պայքարել մեր իրականության դեմ, արատների դեմ: Ու արդյունքում` գրիչը բռունցքի է հանդիպել... Ծանր, կենդանական թաթի: Սափրագլուխների լկտիության պաշարը դրանով էլ չի սպառվել: «Ոճից անմիջապես հասկացա` նույն անձնավորությունն է,- հաջորդ օրը տեղի ունեցած գիշերային զանգի մասին պատմում է Հովիկը,- միանգամից հարցրեցի, թե դու ո՞վ ես, պատասխանեց` քեզնից չվախեցողը: Ասացի` ներկայացի°ր, անուն-ազգանուն ունես, սա թե` քեզ չպետք է ներկայանամ: Հետո եղավ սպառնալիք` եթե շարունակես մարդկանց մասին վատով գրել...»: Մնացածը հայհոյանք է եղել: Մեր 15-ամյա անկախության մեծագույն ձեռքբերումներից մեկի` ազատության սրանց ընկալումը փաստորեն այսպիսին է: Ինչ խոսք, մարդն իր ընկալումներում նույնպես ազատ է, բայց ազատության դրսևորումները նա պարտավոր է համապատասխանեցնել հասարակական վարքի ընդունված և ընդունելի նորմերին: Թվում էր, թե արատավոր դրսևորումները, որոնք կանոնանավորապես ուղեկցել են մեր պետականության կայացմանը, արդեն արմատախիլ արված պետք է լինեին: