Եթե հաղթի մաֆիան, կսկսվի պետության «մայրամուտը»


Օրեր առաջ ընդդիմադիր քաղաքական գործիչ, ԱԺԴ ղեկավար Շավարշ Քոչարյանը Հայաստանի ներքաղաքական կյանքը բնութագրող մի քանի հետաքրքիր տեսակետներ արտահայտեց: Նրա կարծիքով (որի հետ, ի դեպ, դժվար է չհամաձայնել) անկախացումից հետո` անցած 15 տարիներին Հայաստանի ընդդիմությունը երբեք այսչափ հեղինակազրկված չի եղել: Շ. Քոչարյանը նաև համոզմունք հայտնեց, որ հանցավոր աշխարհը այլևս հոգնել է իշխանություններին ծառայելուց և առաջիկա ընտրություններում փորձելու է իր ձեռքը վերցնել իշխանությունը: Բերվեց լատինաամերիկյան երկրների օրինակը. այստեղ ընտրություններն անցնում են ազատ ու արդար, բայց քանի որ ընտրապայքարի մեջ են մտնում միայն մաֆիոզ, հանցավոր կլանները, նրանցից ցանկացածի հաղթանակի դեպքում իշխանության ղեկը ստանձնում է մաֆիան: Որքան էլ ընդդիմադիր գործչի գնահատականները չափազանցված համարենք, մեկ բան պարզ է. հանցավոր աշխարհը խիստ ակտիվացել է: Դրա վառ վկայությունն են վերջին ամիսներին իրար հաջորդող աղմկոտ սպանությունները` օրը ցերեկով, մարդաշատ վայրերում, ինչպես նաև քողարկված ու բացահայտ բռնությունները մամուլի ներկայացուցիչների նկատմամբ: Հատկապես զարմացնում է քրեական տարրերի լկտիությունը և պրոֆեսիոնալիզմը: Մինչդեռ նույն պրոֆեսիոնալիզմը այնքա՜ն պակասում է մեր իրավապահ մարմիններին, եթե նկատի ունենանք ծանր հանցագործությունների բացահայտման ցածր տոկոսը: Առաջին հայացքից թվում է, թե անհեթեթություն է որևէ կապ գտնել ընդդիմության հեղինակազրկման և հանցավոր աշխարհի աշխուժացման միջև: Բայց բավական է հիշել ապացուցման կարիք չունեցող այն աքսիոմը, թե ընդդիմության կարևոր առաքելություններից մեկը իշխանությունների զգոնությունը միշտ արթուն պահելն է: Ընդդիմության պասիվությունը է°լ ավելի է խորացնում հասարակության անտարբերությունը և ապատիան. այս պարագայում դժվար չէ հասկանալ, թե քրեականները ինչու են անցնում լկտիության բոլոր սահմանները: Նրանք պարզապես լուրջ դիմադրության չեն հանդիպում ո°չ իշխանությունների, ո°չ հասարակության կողմից: Ընդդիմադիրները հաճախ են հիշեցնում, որ Հայաստանում մաֆիան վաղուց սերտաճել է իշխանությունների հետ: Այս տեսակետին չհամաձայնելով հանդերձ, այնուամենայնիվ չբացառենք, որ «գողական» աշխարհի որոշ «կարկառուն» ներկայացուցիչներ իշխանական համակարգում գտնում են համախոհներ, ովքեր պատրաստակամություն են հայտնում «տանիք» դառնալ: Այսպիսի հանցավոր համագործակցության դեպքեր արձանագրվում են նույնիսկ զարգացած արևմտյան պետություններում: Իշխանությունների խնդիրն է հայտնաբերել, թե կոնկրետ որ օղակներում է բույն դրել կրիմինալը և անմիջապես վնասազերծել: Այլապես է°լ ավելի կարմատանա հասարակական այն կարծիքը, որ իշխանությունները ոչ թե չեն կարողանում, այլ պարզապես չեն ցանկանում պայքարել քրեական տարրերի դեմ, որովհետև վերջիններս իրենց յուրային ներն են: Հարկային տեսչության հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանությունը մի քանի, թեկուզ հիպոթետիկ ենթադրությունների տեղիք տվեց: Նախ` ի ցույց դրվեց իշխանություն-մաֆիա հակամարտությունը: Սպանված պաշտոնյան իր մասնագիտական գործունեությամբ կոչված էր հայտնաբերելու հանցավոր բիզնեսը, որն, ինչպես բոլորին է հայտնի, մաֆիայի մենաշնորհն է: Եթե, իրոք, ինչպես պնդում են ընդդիմադիրները, իշխանությունները սերտաճած են հանցավոր աշխարհի հետ, կբացառվեր այնպիսի նման հակամարտությունը, որ հասցներ սպանության: Հիշենք, որ տարիներ առաջ գրեթե նմանատիպ պարագաներում ահաբեկչության զոհ դարձավ այն ժամանակվա պետեկամուտների նախարար Գագիկ Հովհաննիս յանը, որը ղեկավարում էր հարկային ոլորտը: Հաջորդ ենթադրությունը, ինչը կարելի է բխեցնել առկա փաստերից, այն է, որ պետություն-կրիմինալ պայքարում առաայսօր հաղթող է դուրս գալիս վերջինս: Այստեղ առաջին հայացքից պարզունակ ու միամիտ մեկ հարց է ծագում. պետությո՞ւնն է շատ թույլ, թե՞ մաֆիան է շատ ուժեղ: Հավանաբար` և° պետությունն է թույլ, և° մաֆիան է ուժեղ: Եթե պետությունը վճռականորեն ձգտում է հաղթող գուրս գալ այս ճակատագրական պայքարում, նախ պետք է ռևիզիայի ենթարկի ամբողջ իշխանական բուրգը` վերից վար` հայտնաբերելու համար հանցավոր աշխարհի հետ համագործակցող դավաճան յուրայիններին: Դրանից հետո միայն կարող է խոսք լինել կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար սկսելու մասին: Սակայն պետք է խոստովանել, որ հանցավոր աշխարհի հետ մղվելիք արդեն իրական պատերազմը հեշտ ընթացք չի ունենալու: Հանցավոր կլանները, միմյանց նկատմամբ ունենալով մրցակցային դաժան հարաբերություններ, պետության կողմից իրական վտանգ զգալու դեպքում զինադադար կկնքեն և կմիավորեն ուժերը` սեփական դիրքերն ու ազդեցությունը պահպանելու բնազդային մղումով: Վերջիններս տիրապետում են հսկայական ֆինանսական միջոցների և հարկ եղած դեպքում գործում են խիստ կազմակերպված ու ծրագրավորված: Նրանք սովորաբար ստեղծում են ճյուղավորված կառույցներ, և նրանց հստակ ու անխափան գործունեությանը կարող են նախանձել իշխանական ու ընդդիմադիր շատ կուսակցություններ, ինչու չէ, նաև պետական ապարատի իրավապահպանության ոլորտը ներկայացնող գերատեսչությունները: Իշխանություններից պահանջվում է մեծ կամք ու վճռականություն, ուժերի գերագույն լարում` մաֆիայի դեմ մղվելիք պատերազմը տանուլ չտալու համար: Հակառակ պարագայում քաղաքական սպանությունները կշարունակեն հաջորդել մեկը մյուսին, ազատ և արդար ընտրությունների մասին խոսելն անգամ կդիտվի անհեթեթ ու ծիծաղելի, իրողություն կդառնա ԱԺԴ ղեկավարի մատնանշած վտանգը, թե հանցավոր աշխարհը հնարավոր է զավթի իշխանությունը: Այս բոլորի հետևանքները կլինեն այնքան դաժան, որ մարդկային լեզուն չի պտտվի դրանց ահավորությունը նկարագրել: Բավական է ասել, որ այս դեպքում Հայաստանը կվերածվի «լուսանցքային» պետության, որտեղ ոչ մի հայ ապրել չի ցանկանա: Մնում է միայն շշնջալ. Աստված մի արասցե:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ