Աննախադեպ մրցակցություն ռազմաբժշկական ֆակուլտետում


Զրույց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, փոխգնդապետ, բժշկական գիտությունների թեկնածու ԴԱՎԻԹ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ - Մինչ ռազմաբժշկական ֆակուլտետի խնդիրներին անդրադառնալը, ցանկանում եմ ստանալ մի հարցի պատասխան. թե° զինվորականը, թե° քաղաքացին հիվանդանում են նույն հիվանդություններով, բուժվում են նույն դեղորայքով, որքանո՞վ էր հրատապ ռազմաբժշկական ֆակուլտետ ունենալու անհրաժեշտությունը, և ինչո՞վ են տարբերվում ռազմական բժիշկների մասնագիտական ունակությունները սովորական բժիշկներից: - Անշուշտ, զինվորականների համար ոչ հատուկ հիվանդություններ կան, ոչ էլ հատուկ դեղորայք, և ռազմական բժշկության հիմնական առանձնահատկությունը կապված է բուժօգնության կազմակերպման ձևերին, մեթոդներին ու առաջնահերթություններին: Պատերազմական իրավիճակում, բնականաբար, ռազմական բժիշկը կարող է գործել շատ ավելի արդյունավետ, քանի որ նա մասնագիտացած է ծայրահեղ իրավիճակում նվազագույն կորուստներ ապահովելու հմտության մեջ: Նման դեպքում շարքային ռազմական բժիշկը կարող է շատ ավելի արդյունավետ գործել, քան, ասենք, շատ բարձր որակավորում ունեցող քաղաքացի բժիշկը: Քանի որ պատերազմական պայմաններում բոլորովին այլ խնդիր է դրված, մարտական իրավիճակում բժիշկը պարտավոր է հաշվի առնել մի շարք գործոններ, որոնք էական չեն քաղաքացիական բուժօգնության մեջ, ասենք` տարվա եղանակը, մարտերի բնույթը, ինտենսիվությունը և այլն: Խաղաղ պայմաններում ռազմական բժշկի գործունեության կարևորագույն խնդիրը հիվանդությունների կանխարգելումն է: Իհարկե, հիվանդությունների հայտնաբերումը, ախտորոշումն ու բուժումը իրենց տեղն ունեն, սակայն գլխավոր խնդիրն այն է, որ զինվորը չհիվանդանա: Իսկ սա իր հերթին պահանջում է բուժօգնության կազմակերպման առանձնահատուկ` քաղաքացիականից տարբեր մեթոդներ: - Այս տարի ռազմաբժշկական ֆակուլտետի դիմորդների քանակը աննախադեպ էր` մեկ տեղի համար պայքարում էր հինգ դիմորդ: Եվ, որքան տեղյակ եմ, անցումային բալերը նույնն էին, ինչ բուժֆակինը: Ինչո՞վ եք բացատրում շրջանավարտների կտրուկ հետաքրքրությունը ռազմական բժշկության հանդեպ: - Նախ` մեծացել է բանակի հեղինակությունը, մեծացել է հասարակության հարգանքը սպայի կոչման և աշխատանքի հանդեպ: Բարելավվել է զորքերի վիճակը, ըստ այդմ` նաև զորքերում ծառայող սպայակազմի և ռազմական բժիշկների: Բարձրացել է ռազմական բժշկության որակն ընդհանրապես, և հասարակությունը չի կարող չնկատել դա: Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողները սովորում են անվճար, ավարտելուց հետո տեղավորվում են աշխատանքի: Այս հանգամանքը նույնպես դեր ունի: - Բժշկականը միշտ էլ եղել է հանրապետության էլիտար բուհերից մեկը, շատերն են ձգտել բժշկականի ուսանող դառնալ, որոշ մասն էլ խցկվել է անօրինական ճանապարհով: Ինչպիսի՞ն է ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված դիմորդի միջին որակը և շա՞տ են արդյոք, ժողովրդի լեզվով ասած, փողով ընդունվողները: - Նախ, ըստ իս, էլիտար մասնագիտություններ չկան, կան էլիտար մասնագետներ: Մի շինարարի կառուցած կամուրջը քսան տարի էլ չի դիմանում, մյուսինը` հարյուրամ յակներ անց ցույց են տալիս զբոսաշրջիկներին: Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված միջին դիմորդը իր գիտելիքներով չի զիջում բժշկական համալսարանի մեկ այլ ֆակուլտետ ընդունված միջին դիմորդին: Բայց պիտի ասեմ, որ ընդհանուր մակարդակը ցածր է հանրապետության մասշտաբով, և անձամբ ինձ չի գոհացնում: Ինչ վերաբերում է փողով ընդունվածներին, ընդունելության կենտրոնացված համակարգը թույլ չի տալիս տեսանելի, առավել ևս` վերահսկելի դարձնել այդ գործընթացը: Այսինքն` մեր ապագա ուսանողներին մենք չենք ընտրում: Ռազմաբժշկական ֆակուլտետը բացառություն չի, և ունենում ենք նաև ցածր գիտելիքներով ընդունվածներ: - Նման ուսանողները սովորույթի ուժով կամ ընդունակությունների բացակայության պատճառով ուսումնառության ընթացքում էլ են վճարում ստուգարք կամ քննություն ստանալու համար: Հասել ենք մի վիճակի, երբ ուսանողն ու դասախոսը պարզապես ինչպես շուկայում սակարկում են գնահատականի գինը որոշելիս: Կամ ուսանողը փողը ստուգման գրքույկի մեջ` մեկնում է դասախոսին: Եվ ես ուզում եմ իմանալ` ինչպե՞ս են գնահատական ստանում ապագա ռազմական բժիշկները, ում վստահելու ենք մեր զինվորի առողջությունն ու կյանքը: - Միանշանակ` այդքան չենք գահավիժել, որ դասախոսն ու ուսանողը սակարկեն գնահատականի գնի համար կամ ստուգման գրքույկի մեջ փող դնեն: Նման վայրենություն ռազմաբժշկական ֆակուլտետում բացառում եմ: Սակայն չեմ կարող նույն համոզվածությամբ պնդել, որ ընդհանրապես որևէ ուսանող չի կարող ծանոթով կամ նույնիսկ կաշառքով գնահատական ստանալ: Նման էպիզոդիկ դրսևորումներից խուսափել չենք կարող, մեր իրականության խնդիրները թոթափած իդեալական իրավիճակ ոչ մի բնագավառում չկա: Սակայն համեմատության մեջ` մենք բավականին շահեկան վիճակում ենք: - Կհամաձայնե՞ք, որ բժշկական էթիկան կարևոր գործոն է բուժծառայության բնագավառում: Ասում են` բժիշկը կարող է բուժել խոսքով, վերաբերմունքով: Այսօր նահանջը` կապված բժշկական պրոֆեսիոնալիզմի հետ, այնքան մեծ չէ, որքան բժշկական էթիկայի առումով: Այս խնդիրներին առնչվող որևէ առարկա դասավանդ վո՞ւմ է բուհում: - Դասավանդվում է բիոէթիկա, սակայն ես չեմ կարծում, թե կարող ես չափահաս մարդուն բարություն, հոգատարություն, բարեկրթություն դասավանդել: Պետք է սկսել սկզբից, պետք է ընդհանրապես հասարակության մեջ էթիկան դարձնել կարևոր և պահանջված արժեք, այլապես խնդիրներ կունենանք` կապված և° մանկավարժի էթիկայի հետ, և° բժշկի, և° երթուղայինի վարորդի: - Կա հին հայտնի կարգախոս` կադրերն են որոշում ամեն ինչ: Փաստորեն ռազմաբժշկության ապագան պայմանավորված է ձեր ֆակուլտետի ձեռքբերումներով ու հաջողություններով: - «Կադրերն են որոշում ամեն ինչ» կարգախոսը, իրոք, շատ հին է ու սխալ: Ամեն ինչ որոշում է գաղափարախոսությունը: Երբ կադրերն են որոշում ամեն ինչ, երկիրն սկսում է հետընթաց ապրել և, ի վերջո, քանդվում է, ինչպես եղավ խորհրդային միությունում: Կադրերը պիտի ծառայեն գաղափարին, նպատակին, այլ ոչ թե յուրաքանչյուրը բերի իր գաղափարն ու նպատակը` լավ կամ վատ: Մենք պիտի արագ ազատվենք կադրերի վճռորոշ դերակատարումից և առաջնային պլանի վրա դնենք գաղափարները: - Ո՞ր գաղափարները... - Այն գաղափարները, որոնք կդաստիարակեն պարտաճանաչ, սովորող, բարեկիրթ, հայրենասեր աշակերտ, բարեխիղճ, օրինապահ ուսանող, ակտիվ քաղաքացի, բանիմաց բժիշկ, ազգանվեր զինվոր, ազնիվ դասախոս... Չենք կարող ունենալ կաշառակերությամբ ներծծված դպրոց և շատ օրինապահ բուհական համակարգ, գաղափարական հատկություն և գաղափարամետ բանակ: Ոչ մի կադր, ոչ մի անհատ չի կարող կտրել որևէ բնագավառ հասարակական կյանքի իրողություններից և ստեղծել իդեալական կառույց: - Ուզում եք ասել, որ մեր հասարակությունը գաղափարազուրկ է, իսկ բանակը` ոչ գաղափարամե՞տ: - Ոչ: Ես պարզապես ցանկացա ցույց տալ պատճառահետևանքային կապերը, փոխպայմանավորվածությունը: Գաղափարազուրկ հասարակությունը չէր կարող հաղթել պատերազմում և բանակ ստեղծել: Մեծ զոհողությունները մեծ գաղափարների համար են: Սակայն պիտի ասեմ, որ գաղափարական դաշտի առաջնային դերակատարումն անհրաժեշտ է նաև խաղաղության մեջ, ոչ միայն ծայրահեղ իրավիճակներում: - Պատահե՞լ է, որ ձեր շրջանավարտի բժշկական սխալը ավարտվի մահվան ելքով: - Պատահել է: - Դուք որևէ պատասխանատվություն չե՞ք կրում նման դեպքում: - Ի՞նչ է, դուք ուզում եք, որ ի՞նձ էլ դատեն նման դեպքում: Շրջանավարտին որակավորում է 7-8 հոգանոց պետական հանձնաժողովը: Մարդկայնորեն եմ ցավում, երբ բժշկական սխալի պատճառով մարդը զրկվում է կյանքից, բայց ինձ, բնականաբար, ուղղակիորեն պատասխանատու չեմ համարում: - Ռազմաբժշկական ֆակուլտետը ապահովվա՞ծ է համապատասխան տեխնիկայով և գրականությամբ: - Իրականանում է ակտիվ աշխատանք ուսումնական ձեռնարկների և դասագրքերի ստեղծման ուղղությամբ, պատրաստվում են մենագրություններ, թարմացվում են դասախոսությունների նյութերը` ժամանակակից պահանջներին համապատասխան: Բուհը մեծ ներդրումներ է կատարում, և դասավանդման որակը կայուն տեմպերով բարձրանում է: - Կան երկրներ, որտեղ ռազմական բժշկության որակը շատ ավելի բարձր է, քան քաղաքացիականինը, և երկրի առաջին դեմքերը բուժվում են զինվորական հոսպիտալներում: Այդ առումով ի՞նչ վիճակ է մեր երկրում: - Մեզ մոտ ռազմական բժշկությունն ու քաղաքացիականը գրեթե նույն որակն են ապահովում, և սա լավ ցուցանիշ է: Լավ է, որ նորաստեղծ բանակի ռազմաբժշկությունը հետ չի մնում քաղաքացիականից: Սա առավելագույնն է, որ կարող էր անել 14-15 տարվա կենսագրություն ունեցող զինուժը: - Քանի դեռ գաղափարախոսական դաշտը դոմինանտ չէ, և գործընթացները պայմանավորված չեն մեխանիզմների աշխատանքի տրամաբանությամբ, պետական կառույցները անհատականացված են և, ցավոք, շատ բան կախված է ղեկավարի կերպարից, բարոյականությունից, աշխատանքից: Ուստի խնդրում եմ` մի փոքր պատմեք Ձեր մասին. ո՞ւմ է վստահված ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկը: - Պապս սասունցի է, հայրս` թալինցի, ես ծնվել եմ Երևանում, բայց ինձ երևանցի չեմ համարում: Ծնողներս ուսուցիչներ էին, ես նրանց չորս զավակներից կրտսերն եմ: Հայրս ինձ երկու անգամ է ապտակել, իմ դաստիարակությամբ ավելի շատ զբաղվել են եղբայրներս: - Եղբայրական ապտակ է՞լ է եղել: - Եղել է: Եվ քարոզ են կարդացել, և խաթրով բացատրել են, և ապտակել են: Մանկությանս ամենավառ տպավորությունը ծովային շքերթն էր Սևաստոպոլում: Ես 7 տարեկան էի այդ ժամանակ և առաջին անգամ ծով տեսա: Շքերթը մոտիկից դիտելու հնարավորություն ունեին միայն հրավիրվածները: Նավաստիները բազմակի շարքով փակել էին մարդկանց ճանապարհը: Հայրս մոտեցավ մի ծովայինի և ասաց, որ իր որդին էլ է մասնակցում շքերթին և իր ընտանիքը Հայաստանից հասել է Սևաստոպոլ` դիտելու այդ ամենը: Ծովայինը կարճ հրաման տվեց, և նույն պահին շարքը բացվեց, մեզ ճանապարհ տվեց ու նույն արագությամբ վայրկյանների ընթացքում փակվեց: Տպավորիչ էր: Հետո սկսվեց շքերթը` ուղղաթիռներ, ռազմանավեր, ծովային տանկեր, հետևակ... Ցնցող տպավորություն էր: Այդ օրը անհետևանք չանցավ: Փոքր ժամանակ էլ ցանկանում էի կենդանաբան դառնալ, հետո եղբայրներիս խորհրդով փոխեցի որոշումս ընտրեցի բժշկի մասնագիտությունը, սակայն` ռազմական բժշկի: Ընդունվեցի Լենինգրադի ռազմաբժշ կական ակադեմիայի ծովային ֆակուլտետ: - Խնդրում եմ համեմատեք Ձեր ավարտած ռազմաբժշկական բուհը Ձեր ղեկավարած կրթօջախի հետ: - Նույնն է, թե գերծանր քաշային մարզիկին համեմատես թեթև քաշայինի հետ: Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիան 300 տարվա պատմություն ուներ, դասախոսներից շատերը երեք պատերազմով էին անցել, միայն բուհի գրադարանը մեր հանրայինի չափ էր, ասիստենտները բժշկագիտության դոկտորի կոչում ունեին... - Որտե՞ղ եք աշխատել մինչև ռազմաբժշկական ֆակտուլտետի պետ նշանակվելը: - Սկսել եմ Խաղաղօվկիանոսյան նավատորմում` որպես վիրաբույժ, հետո նշանակվել եմ բուժծառայության պետ: Խաղաղօվկիանոսյան կենտրոնական հոսպիտալի բազայի վրա գործող ինտերնատուրան ավարտելուց հետո նշանակվել եմ ռազմանավի բուժծառայության վիրաբույժ, ապա` բուժծառայության պետ: 1991-ին վերադարձել եմ Հայաստան, աշխատել եմ քաղաքացիական բուժծառայությունում` որպես վիրաբույժ, դասավանդել եմ բժշկական համալսարանում, պաշտպանել եմ թեկնածուական թեզը: 2000-ին զորակոչվել եմ զինված ուժեր, նշանակվել եմ կայազորային հոսպիտալի պետ, 2000-ից ղեկավարում եմ բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: Ամուսնացած եմ, ունեմ որդի:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ