Բայց ինչպե՞ս...


Ահա այս կարծիքները ներկայացնելուց հետո հարկ է մարզադպրոցաշինության իրական պատկերը ներկայացնել: Հիրավի, ընդգրկուն ծրագիր է կենսակոչվում, որի արդյունքում շուրջ երկու տասնյակ մարզադպրոց մինչև տարեվերջ նորոգված ու կահավորված պետք է շահագործման հանձնվի: Արժանին մատուցելով ծրագրի հեղինակներին, շտապենք փաստել, որ դրանք զերծ չեն թերություններից (մեղմ ասած): Շինաշխատանքների ֆինանսավորումն ու այսպես կոչված հսկողությունն իրականացնող Քաղաքաշինության նախարարությունը, սակայն, կարծես թերացել է իր վերջին` հսկողական պարտականություններում: Եվ այդ շինությունների պատվիրատուն` ՀՀ պետսպորտկոմիտեն, արդեն իսկ արձանագրում է այն բացթողումները, կիսատ-պռատը, ինչը խոչընդոտելու է մարզումներին: Դարձյալ` մեղմ ասած: Ինչպե՞ս որակել, օրինակ, այն կառուցողներին (խոսքն, իհարկե, հանձնարարություն կատարող շինարարների մասին չէ), ովքեր մարզադպրոց են հիմնանորոգում (այն էլ` սաունայով ու լողավազանով)` առանց կոմունալ տարրական հարմարությունների: Այո, Դիլիջանի մարզադպրոցում «մոռացել» են կոյուղագիծ անցկացնել: Իսկ Գավառում ջեռուցման համակարգի առկայությամբ անգամ անցած ձմեռ չեն էլ մտածել գեթ փորձարկելու մասին: Սպիտակի թիվ 1 մարզադպրոցում շինարարությունը զուգահեռվում է կարկատելու արատավոր պրակտիկայով ու ինքնախաբեությամբ: Ուրիշ ինչպե՞ս որակել, օրինակ, երբ պահանջվող 7 սմ հաստությամբ տախտակների փոխարեն հատակապատման համար բավարարվել են 3-4 սմ-անոցներով, իսկ բասկետբոլի սրահում արդեն առկա «կարկատանները» չէին էլ հասցրել ներկել: Մարզվողներին հարուցվելիք անհարմարությունը դեռ ոչինչ, բայց վարժասարքերի ծանրությանը կդիմանա՞ այդ հատակը... Լրագրողների հետ մարզական կառույցներ կատարած իր աշխատանքային շրջայցի ընթացքում Սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը երբեմն նախընտրում էր լռել` դիտողությունն անգամ ավելորդ համարելով պետության վստահությունը չարաշահողների հասցեին: Բայց նաև հընթացս բացթողումներ ը վերացնելու ուղիներ էր փորձում որոնել: Ի դեպ` քիչ չեն նախագծային աշխատանքներով պայմանավորված թերությունները: Բարեբախտաբար, դրականն էլ կար տարբեր մարզերում` Թալինում, Գյումրիում, Վանաձորում ու Ալավերդիում, Գորիսում, Վայքում: Թեև` մասնակիորեն և աղաղակող թերացումների համեմատությամբ: Այս շարքում, թերևս, շահեկանորեն առանձնանում էր Ալավերդու դպրոցը, որի շինաշխատանքները, ինչպես պատմում էին տեղում, հետևողականորեն վերահսկել է քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Բարեխղճությունը գնահատելու նպատակով էլ հենց Ի. Զաքարյանը շնորհակալության հետ մեկտեղ պատրաստակամություն հայտնեց տասը լավագույն շինարարների դրամական պարգև հանձնել դպրոցի բացման օրը: Պարզվում է` աչքակապության պրակտիկան դեռ շարունակվում է` անպատասխանատվության, նույնիսկ պետական սուղ միջոցները «քամուն տալու» գործելաոճով: Ճիշտ է, Սպորտ պետկոմի նախագահը վճռական է` գոնե հետայսու ինչ-որ կերպ վերացնել շտկելի թերությունները: Սակայն թերացողները գոնե այս անգամ պատասխանատվության կենթարկվե՞ն... Արժանի հերթափոխ ունենալ ու մղումով Սովետական Միության բազմակի չեմպիոն, սպարտակիադաների հաղթող, Եվրոպայի պատանիների և երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների բրոնզե մեդալակիր, աշխարհի մեծահասակների բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի թենիսի վարպետ Բագրատ ԲՈՒՌՆԱԶՅԱՆՆ այսօր ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական կոմիտեի աշխատակազմի մարզակառույցների, մարզական կազմակերպությունների հետ կատարվող աշխատանքների և ոչ օլիմպիական մարզաձևերի վարչության պետն է: Եվ օրինաչափ է, որ մարզաշխարհի երախտավորը իր փորձն ու հմտությունները սերունդներին փոխանցելուց զատ, նաև կոորդինացնում, ղեկավարում է պետական կառույցի կարևորագույն օղակներից մեկը: Նա մեծագույն բավականությամբ է փաստում, որ վերջապես առարկայական է դարձել պետական աջակցությունը, որով էլ հենց կյանքի պետք է կոչվեն մարզական ֆեդերացիաների ներկայացրած ծրագրերը: Բազմազան են այդ ծրագրերը` ուսումնական հավաքներ, մասնակցություն միջազգային մրցաշարերի և աշխարհի առաջնություններին: Իհարկե` նաև հայաստանյան առաջնությունների անցկացում... Վերջնական նպատակն, իհարկե, տվյալ մարզաձևի զարգացումն է և մեր մարզաշխարհի ավանդույթները բազմապատկելը հայ մարզիկների բարի համբավը վերականգնելը: Բ. Բուռնազյանի ձևակերպմամբ` - Վերջնանպատակը, իհարկե, արդյունքն է: Մենք մարզադպրոցների հիմնանորոգումից ենք սկսել. ասել է թե` նախապատրաստական քայլերից մինչև բարձրագույն արդյունքի հասնելն է նպատակը: Դրա համար անցյալ տարվանից ձեռնարկած 2005-2008 թթ. լայնամասշտաբ պետական այս ծրագրով վերանորոգվում են մարզադպրոցները, մարզակառույցները: Դա լուրջ խթան է, որպեսզի ավելի շատ երեխաներ մարզվեն` ոչ միայն իրենց առողջությունը կոփելով, այլև փողոցից կտրվելով: Իսկ ամենակարևորը` որքան մեծ լինի մարզվողների թիվը, այնքան ավելի մեծ կլինի սպորտի համար լավագույններին ընտրելու հնարավորությունը: Չէ՞ որ պրոֆեսիոնալ սպորտը միջակություններ չի հանդուրժում: - Մարմնակրթությունը` ֆիզիկական առողջությունը, նաև հոգևոր առողջություն է: Հիրավի՞ զգալի է բարերար այդ ազդեցությունը սաների վրա: - Սպորտը եթե մասնագիտություն է դառնում, կամային հատկանիշներ էլ է ձևավորում: Որոշակի հաջողություններ գրանցած, հանրահայտ մեր մարզիկների մեծամասնությունն այս ամենի հետ մեկտեղ նաև շատ կարգապահ և համեստ մարդիկ են: Իսկ այսպես կոչված աստղային հիվանդությունները, որ հիմնականում սկզբնական շրջանում են լինում, միայն խանգարում են կատարելության հասնել: