Մեծ Բրիտանիայում վամպիրներ են ապրում


Գլինդորի համալսարանի հետազոտող Էմիր Ուիլյամսը սահմռկեցուցիչ հայտարարությամբ է հանդես եկել. իրենց երկրի տարածքում գործում է արնախում մարդկանց ընդհատակյա ցանց, որն ունի 15 հազար անդամ (էլեկտրոնային մի կայք վկայակոչելով` գրել է UKR.net-ը):

- Այս ենթամշակույթն իրենից ներկայացնում է մարդկանց մի խումբ, ովքեր խմում են մարդկային արյուն: Սակայն նրանց օրենքները արձանագրում են, որ նրանք գիտեն, թե ում արյունը կարելի է խմել և ումը` կտրականապես ոչ,- հավաստիացնում է հոգեբանության պրոֆեսորը:

- Օրինակ, սանգվինիկ վամպիրները արյունը ստանում են կամավոր դոնորների մարմնի որոշակի մասերից. ընդ որում, նրանց չի թույլատրվում չափից ավելի շատ վերցնել:

Ուիլյամսը համոզված է, որ արնախումները «ոչ հոգեկան հիվանդներ են և ոչ էլ խելագարներ»: Նա մարդկային արյամբ հագեցողներին կոչ է արել դուրս գալ խավարից և պատմել իրենց կենսակերպի ու սովորույթների մասին:

Գիտնականը հույսեր է փայփայում, որ բրիտանացի վամպիրները կցանկանան մասնակցել իր հետազոտություններին, որոնց օգնությամբ ոչ ավանդական կրոնական հոսանքների փորձագետն առավել հանգամանորեն կուսումնասիրի արնախումների «համքարությունը»:

- Անհրաժեշտ է ուսումնասիրել վամպիրներին, որպեսզի նվազեցնենք մեր սարսափը նրանցից և նրանց ընդունենք որպես հասարակության մաս: Ես չեմ կամենում նրանց պիտակներ փակցնել և անվանել խելագար կամ վատ: Նրանք պարզապես մարդիկ են, որոնց մասին մենք պետք է ավելին իմանանք,- ասել է գիտնականը:

Մենք ևս չենք պատրաստվում պիտակավորել որևէ մեկին, բայց ի՞նչ անուն տալ գիտնականի նման վերաբերմունքին. եվրոպական մարդասիրությո՞ւն: Այդ դեպքում ո՞ւր է մնում վամպիրների զոհերի հանդեպ մարդասիրությունը:

Մի խոսքով, աշխարհում մոլեգնում է «ոչ ավանդական» հորջորջվող քաոսը. սեռականը քիչ էր, հիմա էլ` արնախմությունը: