«Եվրո» շրջապտույտում


Չմտահոգվե՞նք: Նորի՞ց լուռումունջ կլլենք դիմազրկման հերթական դառնահամ դեղահաբը:

Աշխարհի հզորների «ընտանիքին անդամագրվելու պայծառ հեռանկարի» հանրային պատվաստի համար անվարան կենտրոնացվում են սեփական նյութական ու մարդկային ռեսուրսները: Եվ առանց որևէ արգելքի հանդիպելու` իրականանում են մեզ օգնության «մարդասիրական» ձեռք մեկնած օտարների հեռահար նպատակները: (Դրանցից մեկը` հասարակական ու պետական հինգ կազմակերպությունների միջոցներով իրագործվող «Ճանաչենք Հայաստանի հուշարձանները» լայնամասշտաբ ծրագիրը, օրինակ, հմուտ, փորձառու պատմագետները գնահատում են որպես անկախ Հայաստանի ստույգ քարտեզագրում` լրտեսական նպատակներով: Հնգալեզու բացօթյա ցուցավահանակների տեղադրմամբ առայժմ ո´չ շահութաբեր զբոսաշրջությունն է ակտիվացել, ոչ էլ ընտրված հնավայրերն են դույզն-ինչ բարեկարգվել:) Մենք, ուժասպառվելու աստիճան, թանկագին ժամանակ ենք վատնում փուչ զբաղմունքների վրա: Մոռացության մատնվելով` անկարևոր են դառնում կարծրացած գերխնդիրները: Տարբեր ոլորտներում «թանգարանային ցուցանմուշի» արժեք ստացող հատուկենտ նվիրյալներն անզոր են լինում սերիալներով ու ներմուծվող մեծաթիվ զանգվածային միջոցառումներով պարբերաբար մթագնվող հասարակական գիտակցության մեջ գեթ հետաքրքրություն արթնացնել ամենաօրհասական իրավիճակների, երևույթների նկատմամբ:

Համաժողովա-հանդիսանքային բնույթի այդ ծրագրերից մեկին` «Եվրոպական ժառանգության օրերին», Հայաստանը 50 երկրների հետ, հոկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում, մասնակցելու է 10-րդ անգամ: ՀՀ շուրջ 24 թանգարաններում, 10 հուշարձանների (Նորավանք, Հերմոնի վանք, Գոշավանք, Շատինավանք…) և հնարավոր այլ վայրերի տարածքներում «Թանգարանների գիշերվա» բովանդակությանը համահունչ միջոցառումներ են կրկին նախաձեռնվելու ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ աջակցությամբ: Հայ հնագույն կրթամշակութային կենտրոնները օրակյանք ցուցադրություններով, գրական-երաժշտական հանդիսանքներով հանրաճանաչելու այս հերթական «պատեհ» առիթը, որպես կանոն, որևէ չափով կոնկրետ հուշարձանների պահպանության կարևորագույն հիմնախնդիրներին առնչվելու միտում դարձյալ չի ունենալու: Սանահինի տանիքին փարթամացող անտառը կամ Գոշավանքի գրատան հարևանությամբ ծիծեռնակ ների «սեփականաշնորհած» վանական կացարանը (իրականում` արտաքնոցը) գուցե նույնպե՞ս պատմամշակութային «անձեռակերտ» ժառանգության արժեքավոր մաս կազմեն… Ասում են, վայրիվերո տարածվող ծառաստանը կարելի է արմատախիլ անել` չորացնելով չզտած ձեթով: Բայց պետությունը, ինչպես և ենթադրվում էր, փող չունի անհրաժեշտ քանակը ձեռք բերելու համար:

Խորհրդային Հայաստանի 19 վարչական շրջաններում կային արվեստանոցներ, որոնք համապատասխան մասնագետների շրջիկ խմբերով արագ կարգավորում էին նկատված վնասվածքները, իրականացնում մաքրման, շաղախի ներարկման, մասնակի բարենորոգման կարևոր աշխատանքներ: Մինիստրների խորհրդին առընթեր այդ 120 հոգիանոց կազմակերպության լուծարումից հետո տեղական ինքնակառավարման մարմինների անհուսալի պահպանությանն են թողնված ՀՀ ամբողջ տարածքում սփռված պատմամշակութային հուշարձանները: Հիմա, 500-3000 մետր բարձրության վրա գտնվող հնամենի հուշակոթողները վերահսկվում են ընդամենը 160 պահակներով: Ընդ որում, երբեմն մեկին բաժին է ընկնում 6-7 համայնք ընդգրկող 40 կմ տարածքի պատմամշակութային արժեքների պահպանությունը: Գանձագողությունից դրանց ապահովագրված լինելը, իհարկե, նվազագույն հուսալիություն կունենա: Բնական աղետների վտանգներին գումարվում է «օրենքով» ու կլորիկ գումարով պատմամշակութային հողակտորները պատառ-պատառ սեփականաշնորհած «անխոցելիների» հարաճուն վնասարարությունը: Աղձնիքի ամրոցի, ինչպես նաև Ծաղկալանջի դամբարանաշերտերի չուսումնասիրված հնավայրերում, օրինակ, գյուղապետերը «միամտաբար» տնաշինարարությամբ են տարվել: Վտանգված է հատկապես սահմանամերձ լանդշաֆտների մշակութային ինքնության պահպանությունը:

Մեր պատմական անցյալի բազում էջեր, փաստորեն, կույր շահի մեր իսկ երկաթե ձեռքով անփութորեն «սպիտակեցվում են»` առանց այլադավան հրոսակների վայրագ ներխուժումների:

Հանրային ահազանգերով կարծես թե կասեցվել է Զվարթնոցի պատմական արգելոցի բարբարոսական աղտոտումը, պետական սրտացավ վերահսկողության է արժանացել Սանահինի վանական համալիրը: Հաստատված վերականգնողական նախագծի համաձայն գերմանացի ինժեներները երկու անգամ այցելել են այդ հնավայր, իրենց տեխնիկական սարքավորումներով համապատասխան չափագրումներ արել: Նրանցից «չափագրման հերթափոխն» ընդունել են իտալացի ճարտարապետները, որոնց մոտօրյա լազերային չափագրումների հիման վրա էլ պատրաստվել է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և հայտարարվել վերականգնող կազմակերպությունների մրցույթ: Արդյունքու՞մ... Հաճախացել են համապատասխան պետական չինովնիկների բազմամարդ շրջայցերը` անխոցելության միտումով համալրվելով ԶԼՄ-ների «ամենախաղա ղարար ջոկատներով»: Հոլիվուդյան հանրածանոթ ժպիտով ոլորտի պատասխանատուները «բոլոր նվիրական սրբերով» անհողդողդ հավատացնում-հավաստիացնում են` վաղուց անտի որոշակի կլորիկ գումար է հայթայթվել, պարզապես «վտանգված պատմամշակութային ժառանգության գոտին» բալզակյան շագրենի կաշու հատկություն ներից, ցավոք, զուրկ է և օր օրի, ասես ինքնաբերաբար, ընդարձակվում է: Զորօրինակ, Հրազդանի Մաքրավան թաղամասում, ճիշտ և ճիշտ վանքի կողքին անասնապահոց կառուցելու նպատակով մեծ փոս են արդեն փորել: Թվում է, թե մտահոգվելու կարիք այլևս չկա: Դատելով Մուղնու սբ. Գևորգի (ոչ մի կապ չունի Վրաստանի կառավարության քրիստոնեական խղճին թողնված, հիմնիվեր քանդված Մուղնեցոց նույնանուն խոնարհված եկեղեցու հետ) «բախտավորությունից»` հազիվ թե: Ամերիկահայ բարերարների միջոցներով կանգուն եկեղեցին 1998-ին վերստացավ նախկին տեսքը: Վատ վերանորոգվեց, որովհետև Մայր Աթոռը անտեսեց մասնագիտական նախազգու շացումները: Դեռ խորհրդային տարիներին էր հերքվել կիրառվող վերականգնողական մեթոդը` քարն ամբողջությամբ չուսումնասիրելով, կասկածելի հուսալիության բաղադրիչներով կրաշաղախի վրա էին դնում ցեմենտը: Ժամանակի ընթացքում դրանք իրարից առանձնանում էին ջրերի ներգործությամբ, և քարերը պոկվում էին նորից: Հիմա էլ նույն մերժված մեթոդով են կատարվել վերանորոգման աշխատանքները: Կարող էին ամրանաձողերով հուսալիությունը բարձրացնել, եթե, իհարկե, լրացուցիչ պատկառելի գումար հայթայթեին մետաղական կոնստրուկցիաների համար:

Նույն պատճառով էլ ենթադրվող Քարեդարանը չստեղծվեց: Վերականգնումը, փաստորեն, լավագույն պարագայում մոտ տասը տարվա «նորոգ կյանք» կտա այս եկեղեցուն: Անձրևի ու հալոցքի անկասելի ջրերը նորից մտնում են հուշարձանի տարածք, «ազատ ու անկախ» ներծծվում պատերի շաղախների արանքը: Շուտով ցեմենտը կամաց-կամաց կառանձնանա քարից ու կրկին ի հայտ կգան ավերիչ ճաքերը:

...Իսկ մենք շարունակում ենք «հորթային» հրճվանք ապրել` օտարածին թանկարժեք տոնախմբությունների շրջապտույտում պատրաստակամ ընկղմվելով: Անտարբեր լսում ու մոռանում ենք մեր ինքնությունն անողոք բնաջնջող բոլոր արտառոց փաստերը ` քարեղեն, հոգևոր-բարոյական... Կրթամշակութային մակարդակի համազգային անկումն այլևս անկասելի է դառնում` իր ցավագին անդրադարձը դաժանորեն ցուցանելով մայրենի լեզվի տարերային, անկառավարելի դարձած սպանդում: Կոմերցիոն նկրտում ների առաջնայնությամբ ապազգայնանում են ազգը ազգ պահելու կոչված կրթական և մշակութային կարևորագույն հաստատությունները...

Չմտահոգվե՞նք: Նորի՞ց լուռումունջ կլլենք դիմազրկման հերթական դառնահամ դեղահաբը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ