Մեզ դյուրագրգիռ դարձնող մթերքները


«Մի կեր, որ չկատաղես»` կասեր ժողովուրդը: Բայց խոսքը ոչ թե շատ կամ քիչ ուտելու մասին է, այլ այն մթերքների, որոնք մարդուն հարձակողական, այսինքն, դյուրագրգիռ են դարձնում:

Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները նախազգուշացնում են. տրանս-յուղերը (որոնք պարունակվում են մարգարինի և հրուշակեղենի շատ տեսակների մեջ) կարող են դյուրագրգռության, ագրեսիվության պատճառ դառնալ:

Ավելի քան 1000 կամավորների մի մասին կերակրելով «վտանգավոր» մթերքներով, նրանց վարքագծից հետազոտողները համոզվել են, որ տրանս-յուղերն իսկապես կարող են վարքագծի ոչ դրական փոփոխություններ առաջ բերել: Տրանս-ճարպեր օգտագործած փորձարկվողները մյուսներից տարբերվել են լարվածության տարբեր դրսևորումներով` սկսած սովորական անհամբերությունից մինչև իսկական հարձակողականություն (ագրեսիա):

Այս գիտափորձից շատ առաջ գիտնականները նախազգուշացնում էին սրտանոթային համակարգի վրա սննդի վտանգավոր ազդեցության մասին: Նրանք նկատի ունեին «վատ» խոլեստերինի և շաքարախտի առաջացումը:

Տրանս-ճարպերն առաջանում են սովորական բուսական յուղերի ( ու հատկապես` արևածաղկի) ջրազրկման արդյունքում` դառնալով պինդ, օքսիդացման չենթարկվող յուղազանգված: Հրուշակային ու խոհարարական յուղերը ևս նույնքան վտանգավոր են (դրանք օգտագործվում են հաճելի համեր ստանալու և մթերքի պահպանման ժամկետը երկարաձգելու համար):

Տրանս-ճարպերն էժան և շատ շահեկան են արտադրողի համար (տորթերի, չիփսերի մեջ, ինչպես նաև արդեն օգտագործված յուղի մեջ նորից ինչ-որ բան տապակելիս դրանցից անհնար է խուսափել): Ինչ խոսք, արտադրողները միշտ չէ, որ արտադրանքի փաթեթի վրա ազնվորեն գրում են դրանց իրական բաղադրությունը:

Տրանս-յուղային հավանական վտանգ պարունակում են`

Մարգարինը, ինչպես նաև «պարզ կամ թեթև» յուղերը.

Ֆաստֆուդ անունով տարածված արագ սնունդը. հատկապես կարտոֆիլ-ֆրին.

Տորթերը, քաղցր խմորեղենը, վաֆլիները, փքաբլիթները, կրեկերները.

Չիփսերն ու ադիբուդին.

Կիսաֆաբրիկատները. հատկապես` նախօրեին տապակած, չորահացի փշուրի մեջ թաթախած կոտլետները, ձկնեղենի ձողիկները,

«Թեթև» պանիրները, պաղպաղակը.

Կոնցենտրացված արգանակները, չոր ապուրները, կրեմների փոշիները:

Ի ԴԵՊ. Օրական կարելի է ուտել առավելագույնը 2,5-3 գրամ ճարպ: Օրինակ, 200 գրամ կարտոֆիլի ֆրին պարունակում է 7 գրամ տրանս-ճարպ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվարկել է, որ այդ ճարպերը չպետք է գերազանցեն օրվա սննդի չափի 1 տոկոսը: