ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ


Անկախ մեր կամքից` յուրօրինակ հակադրության առաջ ենք հայտնվել. մի կողմից տնտեսությունը վերականգնվում է, և այդ մասին արդեն բոլորն են սկսել ամենայն համարձակությամբ ու լավատեսությամբ խոսել, իսկ մյուս կողմից գնաճն իրեն այդպես էլ մոռացնել չի տալիս£ Իր հերթին հարցը` թե աշխարհի տնտեսությունները նման երևույթներ երբևէ արձանագրե՞լ են, արդեն նաև պատասխան ունի, քանի որ առանց երկար փնտրտուքի ու վերլուծությունների, մեր օրինակն ինքնին ամենանորն ու վառն է£ Ինչ խոսք, տնտեսական անկման առումով նույն ԱՊՀ երկրների շարքում մենք վատ իմաստով այլևս ոչ ցուցակներ ենք գլխավորում, ոչ էլ այդպիսիք եզրափակում ենք£ Համենայն դեպս վերանվաճված միջին հորիզոնականները, թեկուզ ոչ վաղ անցյալի համեմատ, արդեն իսկ հուսադրող են, սակայն գնաճի առումով շարունակում ենք ռեկորդակիր մնալ£ Մեր 8,2 տոկոսանոց ցուցանիշով վերին հորիզոնականի երկրորդն ենք ու թանկացումների չհայտարարված մրցավազքում զիջում ենք միայն 11 տոկոսի սահմանագիծը գերազանցած Ուկրաինային£ Տարբերությունն այս իհարկե չի մխիթարում, քանի որ հարցերի հարցը շարունակում է գների վերելքը կանխող եղանակների հայտնաբերումը մնալ£ Այն, իհարկե, առաջ է բերում. «իսկ ինչու են ապրանքներն ու ծառայությունները մեզանում այդչափ հաճախ թանկանում» հարցադրումը... Ու սկսվում է անհաշիվ պատճառների թվարկումը, որոնց մեր ժամանակներում բոլորն են քաջատեղյակ£ Իսկ ահա գնաճի «պատճառներից» մեկը` բենզինը, օրեր առաջ դարձյալ թանկացավ` այդպես էլ չշեղվելով այս ոլորտի վերաբերյալ վաղօրոք արված շարունակական թանկացումների մասին կանխատեսումների տրամաբանությունից£ Բայց վերջին դեպքն առնվազն հետևյալ կարևոր ու տրամաբանական ներկայացվող հիմնավորումից զուրկ էր. եթե մինչ այդ թվում էր, թե այս շուկան դոլարի փոխարժեքի աճին համընթաց է շնչում, ապա վերջին դեպքում ուղիղ հակառակը տեղի ունեցավ£ Դոլարն էժանացավ, իսկ վառելիքի գնի վերընթաց ճանապարհն այդպես էլ անկասելի մնաց£ Եվ քանի դեռ նման հարցերը հաստատուն պատասխաններ չունեն, մեծ է հավանականությունը, որ ընդհանուր գնաճն ամփոփող 8 տոկոսը երբևէ նույնիսկ նախանձելի թվա£ Իսկ մոտ ու հեռու ապագայում անցյալին երանի տալու առումով հնարավորինն արել ու անում է գազամատակարար ընկերությունը£ Ապրիլի 1¬ից առաջ տեղի ունեցածը, ինչպես և սպասվում էր, դեռ ամբողջը չէր, և «ՀայՌուսգազարդի» մատուցելիք նոր ու տհաճ անակնկալների վերաբերյալ նախկին ակնարկներին արդեն այսօրվանից գործնական ուղղվածություն է հաղորդվում£ Այս կառույցի պատասխանատուներն անկախ ամեն ինչից, թե բենզինի նոր գներից ոգևորվելով` շտապեցին հայտարարել, որ նորերս հաստատված 180 դոլարը դեռ ամենը չէ... Նրանք ճշտել ու պարզել են, որ որոշ եվրոպական երկրներում երկնագույն վառելիքի 1.000 խորանարդ մետրը մինչև 350 դոլարով է վաճառվում ու ոգևորվելով «բացահայտումից», պնդում են, թե Հայաստանում նույնպես մարդկանց համար չարիք դարձած բնության այդ բարիքը շուկայական¬եվրոպական գնով պետք է վաճառվի£ Իսկ ո՞րն է այդ գինը£ Ըստ «ՀայՌուսգազարդի»` ամենաթանկը 350 դոլարանոցը, ինչի առկայության դեպքում արդեն առաջ կգա ոչ թե սպառման ծավալների անկման աճ, այլ պարզապես նշված ծառայությունից ընդհանրապես հրաժարվելու ստիպմունք£ Ու ինչպես մեր ժամանակներում են ասում, սա արդեն վերջը կլինի, բայց իհարկե ոչ թե սպառողների, այլ գիշեր¬ցերեկ գնաճի նորանոր հնարքներ որոճացող ընկերության... Իսկ մինչ այդ` կյանքը հայոց աշխարհում շարունակվում է 400 դրամի սահմանագիծը գերազանցած բենզինի ու 180 դոլարի հասցված գազի գնի ուղեկցությամբ£ Եվ այն, որ ութ տոկոսը գերազանցած գնաճի ձևավորման հարցում վառելիքային գործոնը լրջագույն դերակատարում ունի, առանց վիճակագրության էլ է մարդկանց հայտնի£ Պարզ չէ, իսկ ավելի ճիշտ, թերևս, գոյություն չունի միայն գնաճը զսպելու գերխնդիրը, ինչը մեր կամքից ու ցանկությունից անկախ` մեզ ռեկորդակիրների շարք է մղում£