Մանրո՞ւք է արդյոք


Իրիկնամուտ էր, երբ մտա մեր բակը, ուր մտերմիկ, հանգստացնող անդորր էր տիրում: Եվ հանկարծ մի ուժեղ շրխկոց խանգարեց մարդկանց անհոգ զրույցը: Բակի մայթին ընկած էր փշրված շամպայնի շիշը: Դժվար էր կռահել, թե ինը հարկանի շենքի ո՞ր պատուհանից դուրս թռավ այն: Իսկ եթե պատուհանի տակով այդ վայրկյանին մարդ անցնե՞ր... Առավոտյան հիմնականում մաքուր են մեր բակերն ու փողոցները: Իսկ երեկոյա՞ն... չորս կողմը կոնֆետի ու պաղպաղակի թղթեր, ծխախոտի տուփեր... Մի խոսքով, այն ամենը, ինչն այդ վայրկյանին ավելորդ է եղել` նետվել է անցորդների ոտքերի տակ: Ես ապրում եմ բարձրահարկ շենքում: Յուրաքանչյուրի բնակարանից մինչև աղբատարը ընդամենը 3-4 քայլ է: Եվ չնայած դրան, բնակիչներից շատերը սովորություն ունեն ծխուկը, սննդի մնացորդը, ոսկորի կտորը և այլն պատուհանից դուրս նետել: Դուք նկատե՞լ եք փողոցում ծնողի ձեռքը բռնած երեխայի, որը պաղպաղակ կամ շոկոլադ է ուտում: Անշուշտ, նման փոքրիկներ մեր քաղաքում շատ կան: Սակայն հաճա՞խ եք հանդիպում ծնողի, որը երեխայի ձեռքից պաղպաղակի թուղթը վերցնելով` տանում, մոտակա աղբարկղն է նետում: Ցավոք հազվադեպ է հանդիպում: Աղբը փողոց նետելը երեխայի կյանքում դառնում է սովորություն: Շատ ժամանակ, մենք չհամբերելով, նման ծնողին դիտողություն ենք անում, մեկ այլ անգամ, կոպիտ պատասխան չստանալու համար, չտեսնելու տալիս: Բայց չէ՞ որ հենց այդ երեխան է, որ մեծանալով, ձեռքի ավելորդ իրը պատուհանից նետում է փողոց, առանց մտածելու, որ ոչ միայն աղտոտում է շրջապատը, այլև կարող է վնասել անցորդներին: Շամպայնի շշի պատմությունը ինձ տարավ տարիներ հետ, երբ դեռ համալսարանի չորրորդ կուրսում էի սովորում: Ձմեռ էր: Մեր համակուրսեցի Արամը դրել էր դժվարությամբ ձեռք բերված թանկարժեք գլխարկ: Երբ անցանք դիմացի մայթը, խանձահոտ զգացինք: Նայեցի շուրջս: Ոչ մի այրվող բան չկար: Քայլում էինք և զգում, որ խանձահոտը գնալով ուժեղանում է: Հանկարծ նկատեցի, որ ուսանողական ընկերոջս գլխարկը վառվում է: Եվ ի՞նչ... Ինչ-որ մի անփույթ ու անշնորհք բնակիչ պատուհանից դուրս էր նետել չհանգցրած ծխուկը... Վերջերս հիվանդանոց էին բերել փոքրիկ Հակոբին. բարձրահարկ շենքից նրա գլխին էին նետել բազկաթոռի կոտրած ոտքը: Թե ո՞վ էր նետել, չէին կարողացել պարզել: Կարծում եք նետողը հանցավոր մտադրությո՞ւն էր ունեցել: Պարզապես նրան դրդել էր սովորության ուժը. սովորույթ, որը նրա մեջ մշակվել է դեռևս մանկուց, ծնողների թողտվությամբ, ովքեր նրան երբեք չեն ասել` «չի կարելի»: Յուրաքանչյուր արարք մտորելու տեղիք է տալիս: Մարդը միշտ պետք է մտորի, թե իր այս կամ այն, թեկուզ աննշան արարքն ինչ հետևանք կունենա: Նետում ես լուցկու հատիկը և մտածում` մանրուք է: Բայց չէ՞ որ, եթե բազմահարկ շենքերի բոլոր բնակիչները մտածեն քեզ նման և մոխրամանը թողած` ծխուկն ու լուցկու չոփը դուրս նետեն, պատկերացնո՞ւմ ես, թե ինչի կվերածվի քո քաղաքը:

Վահագն ԱՎԱՆԵՍՅԱՆ