ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ + ՈՒԺ = ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արդեն 12 տարի` 2002-ից «Ավանգարդ»-ը բնաբան ընտրեց «Արդարությունն առանց ուժի անօգնական է, ուժն առանց արդարության` բռնակալ» թևավոր խոսքը: Ընտրեց` արդարամտությունն իրեն ուղեկից դարձրած, արդարություն գտնելու հավատով և տարիմաստ ուժերից միայն Ոգու ուժին ապավինած: Ֆիզիկական ուժն, այո, բռնակալ է մնում, իսկ մեր ժամանակներում մեկ այլ «ուժ» էլ է ծագել` նյութականը` փողի տեսքով: Վերջին երկուսի կարիքը բոլորն ունեն. ոմանք` իրենց ծրագրերն իրագործելու, հաց հանապազօրյայից զուրկ չմնալու համար: Ոմանք էլ, այդ երկու «ուժերի» ավելցուկից տռզած` բարոյականության առևտուր են անում...

«Ժամանակները խառն են ու խրթին»` մարգարեացել է Բանաստեղծը: Խառն ու խրթին է և մեր ապրած ժամանակը` բոլոր առումներով: Երևի թե ճիշտ այնպես, ինչպես Դավիթ արքայի ժամանակներում, երբ նա երկնեց Սաղմոսները, որոնք իրավամբ մեր Փրկչի աղոթքներն են համարվում` Սուրբ Հոգով նախապես գրի առնված: Այդ Սաղմոս-աղոթքներից յուրաքանչյուրն ասես մեր ապրած դժվարություններից է հորդում, բայց դրանցից մեկն ակամա հիշեցինք, երբ նվաղեց մեր սիրելի թերթը, իսկ ոմանք փորձեցին յուրացնել իրենց դուր եկած «պատառները»:

- Ինչո՞ւ ինձ թողնես, ինչո՞ւ հեռանաս, երբ նեղություններն այսչափ մերձեցան, և չկա´ մեկը, որ գա´, օգնի ինձ...,- ասես Դավթի բերանով աղաղակում է «Ավանգարդը»` հանդիմանելով իր գոյության պատասխանատվությունը ստանձնածներիս, հետո հավելում.

- ...Եվ բաժանեցին նրանք իրենց մեջ հանդերձանքներն իմ, և իմ պատմուճանը ունենալու (համար-խմբ.)` վիճակ գցեցին: Տե´ր, օգնությունդ հեռու մի´ պահիր. տե´ս, ժամանակի´ն հասնես փրկության...

Թերթի անկանգ ընթացքն ապահովել չկարողանալով, մենք սպասում ենք նրա փրկության ժամին և հուսահատության ճահճում տիղմ պարպել չենք պատրաստվում: Բայց հանկարծ հեղինակավոր մի հեռուստաեթերից ամեն շաբաթ լսում ենք` «Արդարությունն առանց ուժի անօգնական է, ուժն առանց արդարության` բռնակալ»: Անխափան հեռուստաեթեր ապահովելու չափ ունևորներին, ուրեմն, շա˜տ է դուր եկել մեր բնաբանը: Բայց երբ հարցրինք, թե ո՞վ է իմաստուն այդ մտքի հեղինակը, ասույթը հուզականորեն արտասանող այրը պատասխանեց`

- Մեր խմբագիրը:

Ասույթի հեղինակին չիմացողը կարո՞ղ է դրա խորությունն ընկալել: Գուցե այսուհետ նաև հավելի, որ «Արդարություն գումարած ուժ, հավասար է բարոյականության»: Չենք զարմանա, բայց այդ դեպքում նոր հարց կուղղենք նրան`

- Իսկ ի՞նչ է բարոյականությունը...

Սա դեռ ոչինչ. «պատմուճանի» վրա այլ «վիճակ գցող» էլ հայտնվեց: Խմբագրատան հեռախոսը մեկեն ակտիվացավ` աշխատանք որոնողների զանգերից: Ու բոլորը գրեթե նույն կերպ էին սկսում.

- Դուք հեռախոսավարի աշխատա՞նք ունեք...

- Խմբագրություններում սովորաբար հեռախոսավարներ չեն լինում,- տարակուսում էինք մենք:

- Բայց ձեր տնօրենը հեռուստատեսությամբ ասել է, որ ձեզ հեռախոսավարներ են պետք...

Ու այսպես` մինչ վերջերս: Աստված իմ, այս ինչ թնջուկ է: Պետռեգիստրում «Ավանգարդ» անունով այլ լրատվամիջոցի հայտ կամ ծանուցում չի եղել: Մեր օրենքի այդ թողտվությունն էլ այպանելով, որոնեցինք ու գտանք եթերում որպես «Ավանգարդի» տնօրեն Ժաննա Սահակյան ներկայացած տիկնոջը: Այս անգամ նա ներկայացավ Մարիամ, ով «Վիտամին» անվանյալ ամսագիր է տպագրում: Պարզվեց, որ այդ «Վիտամին»-ի տիրուհու մայրը ժամանակին շա˜տ է սիրել հեղինակավոր «Ավանգարդը» և դստերը խորհուրդ է տվել իր ամսաթերթը կոչել «Ավանգարդ»: Խաբեությունը եթեր հեռարձակած հեռուստաընկերությունն, իհարկե, չէր կարող տեղյակ լինել իր եթերով աշխատանք առաջարկողների աճպարարությանը, բայց մեր խնդրանքով հետո գոնե կարելի՞ էր հերքում կամ ուղղում կատարել: Կարո´ղ էր: Համենայն դեպս, «Ավանգարդը» այդպես կվարվեր` հարգելով իր էջերում հնչած խոսքի արժեքը:

Ի դեպ` նշյալ «Վիտամին» և հեռախոսավարներով ապրող մի շարք այլ տպագիր երևույթների մասին (լեզուս չի պտտվում` մամուլ, թերթ կամ հրատարակություն անվանել): Եթե կա ովևէ մեկը, ում բնակարանում պատահական մի օր պատահական մի ժամի հեռախոսազանգ չի հնչել, թե այսինչ փոքրիկին օգնելու նպատակով գնեք մեր թերթը` կարող է իրեն երջանիկ համարել: Մարդիկ բարեգործնե˜ր են դարձել և լալահառաչ կնտնտացնում են սրտիդ նուրբ լարերը` գնեք մեր թերթը (մեղա˜, Տե´ր), որ մենք օգնենք այսինչ հիվանդ փոքրիկին: Ու թե հանկարծ անփորձ մեկը համաձայնում է, հաջորդ անգամ արդեն առանց զանգելու առաքում են ինչ-որ թերթոն կամ զանգահարում են` պարզապես տեղեկացնելու, թե երբ կառաքեն հերթական «բարեգործականը»:

Նախ, ո՞վ է թույլ տալիս` անծանոթ հեռախոսահամարներով առևտուր անել: Չեմ չափազանցնում. մի կիրակի օր զարմուհուս, հետո իմ տանը ստիպված էի 4 այդպիսի «բարեգործական» գրոհ հետ մղել: Ի վերջո, այդ ո՞ւմ եք խաբում. միայն գործատիրոջ ու մի քանի հեռախոսավարների աշխատավարձը (նույնիսկ եթե դա աղքատավարձ է), առաքման, հեռախոսավարձի, տարածքի և այլ ծախսեր հոգալուց հետո, ի՞նչ գումար պետք է կուտակեք` ձեր «փոքրիկ խնամառուի» բուժմանն էլ մաս հանելու:

Հա´, հենց էսպես էլ ապրում ենք` բարոյականությունը ուժ-ճարպկություն-աճպարարություն-զոռբայություն-գարշանքների մասնատելով: Դժբախտաբար, մերօրյա ընկալումներով ուժ ասվածը նույնպես սկսել է գետնաքարշ մյուս հատկանիշներին հավասարվել: Ուժեղները (իմա` փող, դիրք ու պաշտոն ունեցողները) գերազանցապես իրենց ուժը ցուցադրում են թույլին է´լ ավելի տկարացնելու, նսեմացնելու... Որովհետև այդ ուժեղներն իրենց թույլ չեն տալիս խոնարհվել արդարությանը: Նժդեհյան «Ուժն է ծնում իրավունք» մարտակոչը ևս սխալ են ընկալում մերօրյա ուժեղները: Սպարապետը թշնամու հանդեպ ուժով իրավունքի հաստատումը նկատի ուներ, այլ ոչ թե յուրայիններին ու գերազանցապես փողի ուժով կորամեջք դարձնելը: Ավելին, նույն ինքը` Նժդեհն է փաստում.

- Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև, հաղթական հայրենիք չի´ ունենա:

Երանի հիրավի հոգով արիներին, ովքեր ոչ թե ի տես ամենքի, այլ իրենց հոգու խորանում չեն երկնչի լիաբերան ասել` «Արդարությունն ինձ ընտրեցի ուղեկից և ուժս ծառայեցրի դրա հաստատմանը»:

Ջուլիետ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ