...ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԱԾ «ԿԱՐԻՆԵՆ» ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ


ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, պետական ու միջազգային մրցանակների դափնեկիր, մեր թատերարվեստի ազգային նկարագրի պահպանման ջատագով Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ գեղարվեստական առաջնորդությամբ պարոնյանցիներն արդեն քառորդ դար հաղթահարում են հակամշակութային խութերը: Նոր թատերաշրջանը նրանք նշանավորեցին հայ օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» («Կարինե») հանրածանոթ երաժշտական կատակերգության վերածնունդով: Այս հրաշալի շարժառիթով էլ թատերական նոր երկխոսություն նախաձեռնեցինք 150-ից ավելի բեմադրություններ հեղինակած հանրահայտ արվեստագետի հետ` այն հասցեագրելով մեր զրույցը «օպերետայի» ներկայով լրջորեն անհանգստացողներին:

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

...ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԱԾ «ԿԱՐԻՆԵՆ» ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Շա´տ վաղուց էիք փայփայում Չուխաճյանի սքանչելի «Կարինեն» արժանավայել բեմ բարձրացնելու հույսը:

- Ստեղծագործական խմբի կատարողական ներուժը տևական ժամանակ համալրելուց ու լրջորեն ծանրութեթև անելուց հետո ես հասկացա, որ պատրաստ ենք նոր բեմադրություն ձեռնարկել: Ի սկզբանե որոշել էի, որ անպայման երիտասարդական շնչով պիտի վերածնվի «Կարինեն»: Դատելով լեփ-լեցուն դահլիճներով խաղարկվող 8-րդ ներկայացման հանդիսատեսային աննկարագրելի ջերմ ընդունելությունից, համարձակվում եմ բարձրաձայնել, որ ինձ զգալի չափով հաջողվել է թրծել թատրոնի երիտասարդական ներուժը` բարձրարժեք երաժշտական կատակերգության բեմավորման քուրայում: Ի՞նչ պիտի ասել Չուխաճյանի մասին: Զարմանալի մեղմ, զարմանալի խոնարհ, զարմանալի ազգային երևույթ: Շարունակ որոնում եմ մի հարցի պատասխան, որն, ի դեպ, հաճախ տալիս էի Հայոց Եղեռնից մազապուրծ փախած իմ ծնողներին, սակայն այդպես էլ չեմ կարողանում գտնել` ինչպե՞ս եղավ, որ արյունխում բորենիների մեջ ծնվեց այդպիսի զարմանահրաշ երաժշտություն` Չուխաճյան, Կոմիտաս, թատրոն` Ադամյան, Սիրանույշ, Փափազյան, դրամատուրգիա` Պարոնյան, Օտյան, աստղաբույլ պոեզիա` Դուրյանից ու Մեծարենցից սկսած մինչև Վարուժան ու Սիամանթո... Թատրոնը` մենք ենք, գրականությունը` մենք ենք, նույնիսկ` դիվանագիտությունը, բավական է հիշատակել Գրիգոր Զոհրապի անունը միայն, ի´նչ իմաստուն, հզոր քաղաքական գործիչ էր... Դժվարանում եմ սպառիչ պարզաբանում գտնել: Այդուհանդերձ ինձ համար անակնկալ չէ, որ Ստամբուլի երաժշտական թատրոնի ճեմասրահում փակցված է Տիգրան Չուխաճյանի նկարը «Օսմանի» օպերետի հիմնադիր» մակագրությամբ:

Իսկապես անվերծանելի առեղծված է, թե ինչպես 19-րդ դարակեսին հետադիմական մի երկրում, կրոնական ու ազգային խելահեղ հալածանքների ու սոցիալական ծայրահեղ վատ պայմաններում (հիշենք, թե քանի˜-քանիսը, ինքը` Չուխաճյանը, սովից վաղաժամ հյուծվեցին ու մահացան...) բնատուր ազգանվեր մտավորականները դրամատիկական ու երաժշտական պրոֆեսիոնալ թատրոն ստեղծեցին... Օդը հագեցած էր մշակույթով ... Նույն Չուխաճյանը` բարձրագույն երաժշտական կրթություն ստացած առաջին արևելքցի կոմպոզիտորը, խորունկ ու մեղեդային իր երաժշտությամբ առանձնակի փայլ հաղորդեց «Արևելյան թատրոնի» ներկայացումներին: Իր ժողովրդի վերածնունդի հեռանկարով ոգեշնչված, նա «Արշակ Բ» պատմահայրենասիրական օպերայով հիմք դրեց հայ օպերային արվեստին: Ազգայնամոլական ավերիչ հորձանքին ընդդիմացավ երաժշտական սքանչելի, կենսահաստատ կատակերգություններով, որոնք, ըստ պարտադրված պայմանի, նախ` թուրքերեն, ապա միայն հայերեն պիտի բեմավորվեին: Երաժշտական աշխույժ ռիթմով ու երգիծախառն զավեշտով վառ թատերային ստեղծագործությունների մի ամբողջ շարք, որոնց թագն ու պսակը դարձավ 17 տարբեր լեզուներով բազմիցս խաղարկված «Լեբլեբիջի Հոր-հոր աղան» (1876թ.):

- Իսկապես հրաշք, որից պիտի հարկավոր դասեր քաղեն ոչ միայն կոմպոզիտորները, այլև առհասարակ արվեստով զբաղվող բոլոր մարդիկ. ժողովրդից վերցնել ու վերադարձնել ժողովրդին: Անարդար աշխարհում արդար ապրելով` Չուխաճյանը ճշմարիտ հայրենասերի ազնիվ ու տաղանդավոր գործունեությամբ է ծառայել իր ժողովրդին: Առանց դափնիներ ակնկալելու, փառավորել է նրա անունը երկրագնդով մեկ: Ահա թե ինչու հատուկ երկյուղածությամբ եմ մոտեցել «Կարինեի» նոր ծնունդին:

Երիտասարդական ավյունով լեցուն էր Ձեր «Կարինեն», երաժշտական թատրոնի բեմի համար ծնված նոր անունների հայտնությամբ գնահատելի:

Մեծ հուզմունք էի ապրում բեմում նրանց ոգևորությունը տեսնելով: Չլիներ արդի հայ մշակույթի անդավաճան բարեկամ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորութ յունը (փառք ու պատիվ համեստ գործարար Ռալֆ Յիրիկյանին), հազիվ թե իրականանար «Կարինեի» երազանքս: Այն ներկայացումները, որոնց վրա պատկառելի գումար է ծախսվել, առանց հովանավորի չէինք կարող բեմականացնել: Օրինակ, «Ատամնաբույժն արևելյանը», որը 9 տարի է` հաջողությամբ ներկայացնում ենք, այն ժամանակ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը հովանավորեց: Հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եթե չաջակցեր, Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» չէինք կարող իրականացնել: Այդուհանդերձ, ըստ իս, պետական թատրոնները բարերարությանը չպիտի ապավինեն: Վիրավորակա´ն է նույնիսկ: Ոմանց թվում է, թե ես այնքան անտեղյակ եմ թատրոնի ժանրից, որ երաժշտական կոմեդիաների բեմադրությունը չեմ կարևորում: Պայմաննե´րն են աննպաստ: Ամենից առաջ` խոշոր գումարներ են հարկավոր: Թատրոնի ստեղծագործական կազմում այժմ էլ տաղանդի ու շնորհքի պակաս չկա: Բեմի վրա 80 մարդ կա, նրանց պետք էր հագցնել, դեկորացիան պատրաստել... Եվ հետո` 30-40 հազար դրամ աշխատավարձով երգչախմբի արտիստը չի կարող երգել, բալետի դերասանուհին` պարել, նվագախմբի երաժիշտը` նվագել: Պատահաբար չեն դերասանները դառը կատակում` գնանք իրավաբան դառնանք, դատավորների աշխատավարձը դարձավ 440 հազար… Ես մի քիչ ավելի համարձակ եմ վստահում երիտասարդներին, պատասխանատու դերեր եմ տալիս` ինքս ինձ ու հատկապես իրենց համոզելու, թե որքան կարող են ընդլայնվել նրանց ունակությունների բեմական սահմանները:

- Եվ նրանք են արդարացնում Ձեր ակնկալիքները: «Կարինեն» դեբյուտների հաղթարշավ կարելի է համարել: Քաղցրահունչ ձայնով Պուլուզյան Լալան «Ուշ լինի»-ով, «Ատամնաբույժն արևելյան»-ով արդեն վաստակել էր Գոհար Գասպարյանից ու Անահիտ Մխիթարյանից, այս թատրոնում` Քնարիկ Գրիգորյանից ու Ալլա Անդրիասյանից հետո Կարինեի դերերգով բեմ բարձրանալու իրավունքը: Վահագն Մարգարյանն էլ որոշակի բեմափորձ կուտակել էր ԵՊԿ օպերային ստուդիայում` հնարավորություն չունենալով թատրոնում ստեղծագործական էներգիան իրացնելու: Նրա նորատիպ Հոր-հոր աղան ըստ էության առաջին լուրջ դերակատարումն էր մեծ բեմում: Ինձ համար հայտնություն էր Կոմիտասի անվան բարձրագույն երաժշտակրթարանում ուսումնառությունը չավարտած Արսեն Գևորգյանի դեբյուտը Արմենի գլխավոր դերակատարմամբ` սկսնակության ոչ մի նշույլ:

- Արսենն ուրիշ ելք չուներ, կարելի է ասել` տեռորի էր ենթարկված մեր փորձառու, խստապահանջ խմբավար, «գեստապոյական» մականվանված Շուշան Հովհաննիսյանի ջանադրությամբ: Նրան միացան ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանն ու պարուսույց Աննա Կարապետյանը և միակամ նպաստեցին դերասանախմբի համախմբված բարեհունչ և դիտարժան ելույթին:

- Բեմի վրա երգող դերասանուհիների ակնահաճո մի շքախումբ է, որի բեմական վարքուբարքը կենդանի նկարի գեղագիտական վայելք է պարգևում: Արժանին պետք է հատուցել նաև «Կարինեի» բազմաթիվ նվագախմբային կատարումներ ղեկավարած Յուրի Դավթյանին. ի´նչ երիտասարդական առույգությամբ է ծերունազարդ ժողովրդական արտիստն առաջնորդում գործիքային հնչողության ներդաշնակ համանվագը: Պետք է խոստովանեմ, որ «Կարինեի» ներկայացումից առաջին շենշող տպավորությունը ստացել եմ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Էլիբեկյանի վրձնած գունագեղ վարագույրից, գործողությունների զարգացումը չխաթարող ազատ բեմատարածքը յուրովի հավաքող հետնաբեմի գեղանկարչական մեծադիր պատկերից:

Այդ հիրավի տաղանդավոր արվեստագետի հետ արդեն չորրորդ աշխատանքս եմ բեմ բարձրացնում` դրամատիկում` Չարենցի «Երկիր Նաիրի»-ն, Պարոնյանի անվան թատրոնում` Մոլիերի «Քաղքենին ազնվական»-ը, Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» և, արդեն ասացի, Չուխաճյանի «Կարինեն»: Նույնիսկ նրա գեղանկարչական աշխատանքներում եմ թատրոն տեսնում, գենետիկ ինքնատիպության, թիֆլիսահայերի ցայտուն կենսախինդ նկարագրին միայն հատուկ փայլատակումներ, գույները յուրահայաց շարժման մեջ է դնում:

- Մեր ազգային տարազի ինչ-ինչ տարրերի հնարամիտ կիրառմամբ ուշագրավ էր նաև զգեստների ձևավորումը: Միայն Կարինեի մուտքի զգեստն էր, ըստ իս, որոշ չափով հակասում էլիբեկյանական գունամտածողությանը:

Երկրորդ, թե երրորդ զգեստն ենք փոխում, զարմանալիորեն չենք կարողանում հասկանալ, թե Լալային ինչ գույն ու ոճ առավել շահեկան կներկայացնի: Միտումնավոր ենք հրաժարվել թուրքահայերին հատուկ հագուստից` պահպանելով հայկական տարազի որոշ տարրեր: Փորձել ենք մեր օրերի համար ավելի պարզ բեմական խոսքին հնչողություն ապահովել նաև` արևմտահայերենի ակնարկը պահպանելով միմիայն երգերում...

Հետաքրքիր ելք էիք գտել` թե´ պարող աղջիկների փոքրաթիվ խմբին, թե´ երգչախմբին դերասանական խաղի անմիջական մասնակիցը դարձնելով:

Հետաքրքիր մի պատմություն ասեմ: Երբ 1924 թվականին որոշում են «Կարինեն» բեմադրել, պարզվում է, որ ոչ մեկի մոտ ոչ կլավիրը կա, ոչ էլ Թագվոր Նալյանի գրած լիբրետոն: Գտնվում է մի մարդ, ում անունն էլ ոչ մի կերպ չեն վերծանել, ով վերջին բեմադրության մեջ մասնակցել է և, ծայրից ծայր անգիր երգելով, հնարավորություն է ընձեռել վերականգնելու սիրված օպերետը: Փաստորեն մե´նք ամբողջական տեսքի բերեցինք թե լիբրետոն, թե նոտագրությունը և հանձնեցինք մեր երաժշտական գրադարանին ի պահ: Ազգային արժեք լինելուց զատ «Կարինեն» մեր` երբևէ ստեղծված երևի թե միակ սիրո պատմությունն է, որը երջանիկ ավարտ է ունենում, առկա է մարդկային ջերմ, ապրեցնող միջավայր, որում չկան բացասական կերպարներ: Ինչպիսի´ անկեղծությամբ են ամենքը ձգտում երջանկացնել Կարինեին ու Արմենին, ի´նչ զարմանահրաշ հնարքների դիմում: Ձգտեցի սրել հատկապես այդ գիծը: Մարդն ինչքա´ն հիմար պիտի լինի, որ ուշքն ու միտքը կենտրոնացնի մեկ ուրիշին վատություն անելու վրա: Ափսոս չէ՞ դրա վրա վատնված ժամանակը: Մի՞թե չի կարելի կյանքի թանկագին ժամերը նվիրել քեֆ-ուրախություններին, կանանց, գրքերին, երեխաներին...

- Ձեր բեմադրական միջամտությամբ է´լ ավելի էր սրվել «թատրոն` թատրոնի մեջ» հնարքը, կրկեսային տարրերով համեմվելով` անհամեմատ տպավորիչ դարձվել: Հոր-հոր աղային հիմարացնելու-համոզելու ջանադրությամբ համադաշն էին թե´ Արմենի կատակասեր ընկերները (Ավետիք Խալաթյան, Վարդան Կուղյանոսյան, Աշոտ Հակոբյան), թե´ Նազլուն (Կարինե Բուռնազյան) ու Շուշանը (Իռեն Աբելյան), թե´ պատմությանը լավատեղյակ «բեմական ժողովուրդը», թե´ նույնիսկ ոստիկանապետը( Բորիս Պեպանյան): Այս ամենով հանդերձ, երբ աքաղաղը պտտեցվեց նորապսակների շուրջ, սպասվում էր աղավնիների ճախրանք, համընդհանուր խրախճանքի պոռթկում, Տերունական աղոթքով քարացան ամենքը: Անհարկի լրջացված ներկայացավ ավարտական տեսարանը, ստվերվեց հանդիսականի զվարթ տրամադրությունը:

- Խնդիրը, կարծում եմ, դերասանի կատարման մեջ է: Ինքս էլ չարաճճի հումորով եմ ընկալում խորանի առջև կանգնած զույգին տրվող հարցերը` «Տե՞ր ես...», «Հնազա՞նդ ես...»: Ես ու Գալյան երբ պսակվում էինք Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, հիշում եմ` հլու-հնազանդ կանգնած էինք խորանի առջև: Երբ մետաղե նեղլիկ թագերը դրեցին գլխներիս, դժվարացանք դիմանալ անպատմելի երկար ընթերցանությանը: Ես կամաց գլուխս բարձրացրի, տեսա, որ դեռ ահագին տեքստ էլ կա կարդալու, անհամբեր շշնջացի` «տեր հա´յր, թռի»... Տեսնեիք, թե ինչպիսի զարմանքով, աչքն ինձնից չկտրելով, հայացքում` սա ի´նչ լկտիություն է..., շարունակեց` և Աստված ասաց... Այնուամենայնիվ, շատ ավելի արագ ավարտեց ընթերցանությունը:

- Խնդրե´մ, ինքներդ Ձեզ հուշեցիք հնարավոր բեմական լուծումը...

- Հենց այս զգացողությանս նրբանկատ կերպավորումն եմ հիմա փորձում եմ մեկ այլ դերակատարով ստանալ: Նոր ծնված ներկայացումը, գիտեք, քանիցս խաղարկվելով է բյուրեղանում: Կայացավ երկրորդ Կարինեի` բեմափորձ չունեցող Սոֆիա Բաղդասարյանի առաջին բեմելն էլ: Համատեղ ջանասիրությամբ ձեռք բերածը չկորցնելու համար մտածում եմ հաջորդ երաժշտական ներկայացումները շուտով բեմ բարձրացնելու մասին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ