Նեոլիբերալիզմի կամ Թետչերի զոհերը


Բրիտանական չորս համալսարանների գիտնականները հաշվարկել են իրենց երկրի նախկին վարչապետ-«Երկաթյա լեդի»-ի մեղքով զոհված մարդկանց քանակը: Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են InternΖtionΖl JournΖl of HeΖlth Services հանդեսում:

Գիտնականներն ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Մարգրեթ Թետչերի աշխատանքի ընթացքում «բրիտանական քաղաքացիների անհարկի և անարդար վաղաժամ մահերը, ինչպես նաև տառապանքներն ու բարեկեցության կորուստը»: 1980-ական թթ. ցիռոզից ու լյարդի այլ հիվանդություններից տարեկան մահացել է Բրիտանիայի 500 «ավելորդ» հպատակ: Եվ 2,5 հազար մահերի նախապատճառ է եղել գործազրկությունը` Թետչերի կառավարության վարած տնտեսական քաղաքականության արդյունքում: Այդ տարիներին հարբեցության, թմրամոլության, բռնությունների և ինքնասպանության աճը փաստարկվում է Միացյալ Թագավորության և Առողջապահության միացյալ կազմակերպության պաշտոնական վիճակագրությամբ:

- Կյանքից վաղաժամ հեռացած այդ 3 հազար բրիտանացիները միայն գագաթն են թետչերիզմի արդյունքում հիվանդությունների և տառապանքների հսկայական այսբերգի,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը` դոկտոր Ալեքս Սքոտ-Սեմյուելը:

Թետչերի կառավարման ընթացքում էականորեն խորացել է եկամուտների անհավասարությունը: Աղքատության եզրին ապրող անգլիացիները 1985-ին կազմել են բնակչության 12 տոկոսը (1975 թ. 6,7 %-ի դիմաց):

Գիտնականներն այս վիճակը ոչ թե ապաշնորհություն, այլ դիտավորություն են համարում. նրանք եզրահանգել են, որ Թետչերի կառավարությունը «Մեծ Բրիտանիայի խոշորագույն մասերում նպատակասլացորեն տնտեսական աղետ է կազմակերպել»` քայքայելով ածխային և պղնձաձուլական ավանդական արդյունաբերությունը, որպեսզի վիժեցնի արհմիությունների ազդեցությունը: Դա էլ հանգեցրել է նրան, որ տարբեր տարածաշրջաններում մեծացել է կյանքի տևողության և հարուստների ու աղքատների եկամուտների անհամաչափությունը:

Թետչերի գլխավորությամբ պահպանողականների կառավարությունը 1979-90 թթ. վարել է նեոլիբերալիզմի քաղաքականություն` նվազեցնելով տնտեսության դերն ու պետության սոցիալական պատասխանատվությունը, նվազագույնի հասցնելով շուկայի ազատականացումը և ճնշելով բանվորական շարժումը:

Աշխատողների զանգվածային ազատումներն ու ոչ շահութաբեր հանքահորերի փակումը 1984-85 թթ. հանգեցրին հանքագործների, երկաթուղայինների և նավահանգս տի բանվորի մեծ գործադուլների: 2014 թ. գաղտնազերծված փաստաթղթերը բացահայտում են, որ կառավարությունը ոչ թե փոխզիջումային ծրագրեր է մշակել, այլ ծրագրել է բողոքողներին սաստել սովահար անելով: Նաև առաջարկ է եղել արտակարգ դրություն հայտարարել` զինվորների մասնակցությամբ:

2013 թ. ապրիլին Մարգրետ Թետչերի մահը Գլազգոյի հանքափորները տոնել են քաղաքի գլխավոր հրապարակում: Նրա մահը տոն է եղել նաև լոնդոնյան Բրիքսթոն աղքատ շրջանի բնակիչների համար. 1981-ին հենց այստեղ ոստիկանությունը ցրեց բողոքի ցույցն ընդդեմ դպրոցականներին անվճար կաթ հատկացնելու որոշումը չեղյալ հայտարարելու: Ավելին, նրա դագաղի հետևից ընթացող հուղարկավորներին «ուղեկցում» էին բողոքի ցույցի ելած բրիտանացիները: