ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ` ՀՅՈՒՐԱՆՈՑ


 

Ժամանակին մենք ակնարկեցինք, որ «Թիվ 1 շուկա» ընկերության տնօրինությունը մտադիր է շուկայի փոխարեն հյուրանոց կառուցել: Այդ լուրը մնաց անարձագանք` հավանաբար սեփականատերերը չարձագանքեցին այն պատճառով, որպեսզի հանրային վերաբերմունք չձևավորվի: Մայրաքաղաքի Մաշտոց պողոտայի փակ շուկան, որը տասնամյակներ շարունակ մեր հպարտություններից մեկն է եղել, վերջերս փակեց իր դռները` այնտեղ շինարարական-վերանորոգչական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Օրերս պարզ դարձավ, որ խախտելով շինարարական բոլոր նորմերը` այստեղ տանիքի փայտե հատվածների ապամոնտաժում են իրականացնում: Նաև հասկանալի եղավ, որ շուկան դառնալու է պատմություն` իր տեղը զիջելով հյուրանոցին: Մայրաքաղաքին հյուրանոցներ, իհարկե, պետք են, մանավանդ որ գոյություն ունեցողներից շատերը չափազանց թանկ են, անհասանելի հատկապես մարզերից եկողների համար: Սակայն հյուրանոց ունենալու համար պետք չէ ավերել ճարտարապետական ինքնատիպ կառույցը, մայրաքաղաքի կենտրոնը զրկել շուկայից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ կասեցվել են շինարարական աշխատանքները, սակայն մեկ այլ հարց է ծագում. ի՞նչ համոզվածությամբ էին սեփականատերերը սկսել շինարարական աշխատանքները և ովքե՞ր էին հաստատել նախագծերը: Ակնհայտ է, որ ոմանք իսկապես խոստացել էին լռություն պահպանել, չխանգարել` վերջում արդեն բոլորին կանգնեցնելով կայացած փաստի առջև: Այդ մարդկանց հեռուներում պետք չէ փնտրել: Հավանաբար` վարչական շրջանի կամ քաղաքապետարանի տարբեր առանձնասենյակներում են նստած, ովքեր ոչ մեկ անգամ են թույլատրել նման բնույթի շինարարական աշխատանքներ` հետո արդեն չքմեղանալով ու արդարանալով, ձևանալով, թե անտեղյակ են կատարվածի մասին:

Կատարվածը հուշում է, որ մեզ մոտ վերջապես պիտի փոխհամագործակցության պայմաններում աշխատեն տեղական ինքնակառավարման մարմիններն ու Քաղաքաշինության նախարարությունը, նախարարության այն տեսչությունը, որի գործառույթների մեջ է մտնում վերահսկողության իրականացումը: Միայն այդ դեպքում կկարողանանք զերծ մնալ ապօրինություններից և աղաղակող ավերումներից: