Երեք տարի անց


 

Նախկինում կատարված հանցագործությունները բացահայտվում են

Օրերս ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ արձանագրեց, որ առկա են դրական տեղաշարժեր ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ բացահայտումների ուղղությամբ: Մասնավորապես` նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման: Մտահոգ պաշտոնյան վերստին կոչ արեց առավելագույնս սկզբունքային ու հետևողական լինել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում: Բնականաբար` ոստիկանության աշխատանքի գլխավոր գնահատականը եղել ու մնում է հասարակության վերաբերմունքը կառույցի հանդեպ:

Իսկ վստահությունը միանգամից ձեռք չի բերվում, մարդկանց կորսված հավատը հենց այնպես չի վերականգնվում, այլ գալիս է տքնաջան և ջանադիր աշխատանքի շնորհիվ, ինչին որ վերջին շրջանում լծված են ոստիկանները: Եվ արդյունքները չեն ուշանում:

2009 թ. ապրիլի 22-ի վաղ առավոտյան, Արաբկիրի Մամիկոնյանց փողոցի թիվ 48 հասցեում գտնվող «Ադամիում» ՍՊԸ-ի գրասենյակում ավազակային հարձակում է կատարվել. 3 անծանոթներ ներխուժել էին գրասենյակ, ատրճանակի սպառնալիքով կապկպել պահակին` 1950 թ. ծնված Վալերի Բադալյանին, գլխին շոր հագցրել, կոտրել 4-րդ հարկում գտնվող հաշվապահության սենյակի դուռն ու տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով չհրկիզվող պահարանը` հափշտակել 14.000.000 դրամ և դիմել փախուստի:

Ավազակային հարձակումից երեք տարի անց ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 29-ամյա Պատվական Միսակյանին և 32-ամյա Սիրակ Սարգսյանին: Նրանք խոստովանել են, որ հանցագործությունը կատարել են նախկինում դատված Սերգեյ Միրզոյանի հետ:

Ու մինչ միջոցառումներ են ձեռնարկվում Սերգեյ Միրզոյանին նույնպես հայտնաբերելու և կալանավորելու ուղղությամբ` օրերս բացահայտվել է նախկինում կատարված ևս մեկ հանցագործություն. այս անգամ` Վանաձորում:

Բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի համար ձեռք բերված շուրջ 30 համակարգիչների` մեծ արժեք ունեցող պահեստամասերը փոխարինվել են էժանագին մասերով:

Օրերս հաջողվել է պարզել, որ այդ հանցագործությունը կատարել է Աշոտ Սահակյանը` 2009-2011 թվականներին աշխատելով Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի համակարգչային տեխնիկայի ներդրման և սպասարկման բաժնի վարիչի պաշտոնում:

Բացահայտումները ոստիկանությունում շարունակվում են և որոշ թերահավատներ ևս արդեն սկսում են հասկանալ, որ կադրային ու կառուցվածքային փոփոխություններն ինքնանպատակ չեն և մեծ հաշվով ուղղված են համակարգի լիարժեք բարեփոխմանը, ինչը կապահովի ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացում, կնպաստի կառույցի հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդմանը:

- Սրտացավ ու գթասիրտ լինել մարդու, քաղաքացու և անհանդուրժող` զանցառուի, օրինախախտի, հանցավորի հանդեպ. սա է ոստիկանության սկզբունքն ու գործառույթը,- այս միտքը օպերատիվ ծառայողների հետ հանդիպումների ընթացքում հաճախ շեշտում է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը` ընդգծելով, որ դա նաև պետության ու ժողովրդի պահանջն է, որն անպայման կկատարվի, եթե հավատարիմ լինենք օրենքի պահապանի առաքելությանը և մարդկային բարեգթության ու սրտացավության դավանանքին: