ՌԵԳԻՄԱՆՏԱՍ ԱԴՈՄԱՅՏԻՍ. «ՑՐՏԻ ՄԵՋ ԱՅՆՔԱ˜Ն ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԱՐԵՎ ԿԱՐ»


 

- Գիտեմ, որ առաջին անգամ չեք Հայաստանում: Նաև գիտեմ, որ երբ Ձեզ առաջարկել են Հայաստան գալ, փոքր-ինչ երկմտել եք:

- Այո´, Հայաստանում առաջին անգամ չեմ: Խորհրդային իշխանության տարիներին առիթ չէր եղել Հայաստանում լինել, չնայած գիտեի Հայաստանի մասին: Լինելով մեծ ու միասնական երկրի քաղաքացի` մենք մոտ էինք իրար` ես և Հայաստանը: Եվ կարծես բնավ էլ պարտադիր չէր Հայաստանում լինելը, մանավանդ, որ տարբեր առիթներով հանդիպում էինք հայ կինոգործիչների հետ, նրանց հետ մասնակցում տարբեր կինոփառատոների: Ես Հայաստան եկա երկրի համար ողբերգական ժամանակներում: Ցուրտ էր, մութ, երկիրը փշաքաղված վիճակում էր: Ես եկա այստեղ նկարահանվելու Կոմիտասին նվիրված ֆիլմում, ու Հայաստանն ինձ համար երկրորդ հայրենիք դարձավ: Հայաստանի և հայ ժողովրդի շնորհիվ ես ճանաչեցի այն, ինչ ուրիշ պայմաններում չէի իմանա: Այդ փորձն ինձ այնքան կապեց Հայաստանի հետ, և հիմա Հայաստան եմ գալիս կարծես հարազատներիս մոտ, իսկ այստեղ ես արդեն հարազատներ ունեմ: Նկարահանումներից հետո մի կերպ հասնում էինք հյուրանոց, որտեղ նույնպես ցուրտ էր, սակայն հայ բարեկամներս այնքան ջերմ էին իմ հանդեպ, որ մոռանում էի ցրտի մասին: Իմ այդ հարազատների հետ ես հիմա ինձ շատ լավ եմ զգում: Երկմտանքս կապված չէր Հայաստանի հետ, գիտեի, որ ամեն ինչ կարգավորվել է: Պարզապես ես արդեն 75 տարեկան եմ, առաջվա նման չեմ կարող երիտասարդական ավյունով մի տեղից մյուսը գնալ: Ջուր չկար, լույս չկար, գազ չկար, կողքի խանութում պեպսի-կոլայի նման մի հեղուկ կար, մեկ էլ կարծեմ` աղ: Հայաստան ասելիս` առաջինը մարմնովս ցուրտ է անցնում: Իսկ երբ տուն հասա, դուռը թակեցի, բացեցին, ու ես տեսա լույս, ջուր, այն էլ` տաք… Չէի հավատում… Ա´յ դա երջանկություն էր: Չեք պատկերացնի, չնայած ո՞նց չեք պատկերացնի, դուք քանի˜ տարի եք այդպես ապրել: Սրանից հետո ես սկսեցի կյանքին լրիվ այլ կերպ նայել, և դա` շնորհիվ Հայաստանի ու հայերի: Ես սա անվանում եմ հայկական դաս: 

- Ձեր առաջին այցելությունից հետո ի՞նչ տպավորություններ տարաք Հայաստանից:

- Ամենամեծ տպավորություններս կապված էին հուշարձաններին: Առաջին հերթին ցնցվեցի Գեղարդի վանքով, Հաղպատի վանքով: Մարդկային հանճարի փայլատակումներն են դրանք: Ապշել կարելի է, թե ինչպես են կարողացել ժայռերի մեջ նման տաճարներ կառուցել` ասեղնագործողի նրբությամբ և վարպետությամբ: Հաջորդ ցնցումս ապրեցի, երբ տեսա խաչքարերը: Աշխարհում ուրիշ ժողովուրդներ նման գանձեր չունեն: Խաչքարերն ինձ համար հայտնություն էին: Ես մատներս սահեցնում էի քարի վրայով, ու ինձ թվում էր, թե քարը զրուցում է ինձ հետ, նրանից ահռելի ջերմություն է ինձ փոխանցվում: Հետո լսեցի Կոմիտասի երաժշտությունը, մարմնովս սարսուռ անցավ: Ես խիստ զգացմունքային մարդ չեմ, ունեմ ֆիզիկոսի կրթություն, ինձ համար ամեն ինչ հենվում է ճշգրիտ հաշվարկի և ճշգրիտ տպավորությունների վրա, սակայն Հայաստանում դարձա զգացմունքային, սկսեցի ամեն ինչի վերաբերվել այլ կերպ: Հայաստանում այդ ժամանակ ցուրտ էր, սակայն ցրտի մեջ այնքա˜ն ջերմություն կար, որովհետև ես հպվում էի խաչքարերին և լսում կոմիտասյան երաժշտություն: Հայերը երբեմն բողոքում են, որ Կոմիտասին աշխարհը չի ճանաչում: Բողոքել պետք չէ, որովհետև պարտադիր էլ չէ, որ բոլորը ճանաչեն: Կոմիտասին պիտի ճանաչեն ու լսեն միայն նրբազգաց մարդիկ, միայն նրանք, ովքեր կարող են մոտենալ աստվածայինին:

- Դուք եղաք Ծիծեռնակաբերդում, որը մեկուկես միլիոն հայերի հիշատակի վայրն է: Նրանցից մեկն է նաև Կոմիտասը…

- Ես զարմանում եմ, թե ինչպես է, որ Թուրքիան մինչ այսօր չի ընդունում Հայոց ցեղասպանությունը: Կան բազմաթիվ փաստեր, տեսագրություններ, որոնք վկայում են կատարվածի մասին… Ես շատ եմ սիրում շանսոնյե Շառլ Ազնավուրին, և երբ լսում էի նրան նախկինում, չէի հասկանում, թե ինչով է պայմանավորված նրա խորը թախիծը: Իսկ հենց իմացա, որ հայկական ծագում ունի, ամեն ինչ հասկացա… Հասկացա, որ նրա թախիծը գալիս է մեծ ողբերգությունից: Գիտեմ, որ Ազնավուրն էլ է պայքարում, որպեսզի ճանաչվի Ցեղասպանությունը: Եթե Թուրքիան չի ճանաչում, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև Ցեղասպանության մասին այսօր ողջ աշխարհում գիտեն, բոլորը տեղյակ են կատարվածի մասին: Բայց ինչպե՞ս կարելի է չճանաչել: Այնքան նյութեր եմ տեսել, և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ձեր Հուշահամալիրը ցնցում է: Դա անհերքելի է: Թուրքիայի ընդունել-չընդունելուց չի կախված փաստի դատապարտումը: Ես ուղղակի սահմռկած էի կանգնած Ծիծեռնակաբերդում: Բռունցքներս սեղմվել էին, կոկորդս չորացել էր, չէի կարողանում բառ անգամ շշնջալ: Ու հենց Ծիծեռնակաբերդում հնչող Կոմիտասն ինձ համար բոլորովին այլ իմաստ և բովանդակություն ձեռք բերեց:

- Եթե նոր առաջարկություններ լինեն հայ կինոգործիչներից` մասնակցելու որևէ հայկական նախագծի, կհամաձայնե՞ք:

- Դժվարանում եմ պատասխանել: Խնդիրը Հայաստանն ու հայկական նախագիծը չէ: Ես աստիճանաբար, կամաց-կամաց հեռանում եմ թատրոնից, կինոյից, առհասարակ` դերասանական արվեստից: Իմ տարիքում այլևս չեմ կարող հետաքրքրել հանդիսատեսին: Հիմա դժվարանում եմ խաղալ, մասնակցել նկարահանումների: Դերասանի կյանքում կա ժամանակաշրջան, երբ նա պիտի վճիռ կայացնի հեռանալու մասին: Ես այդ վճիռը կայացրել եմ ինձ համար: Զբաղված եմ մի քանի բեմադրություններում, սակայն արդեն քիչ եմ խաղում: Սանկտ-Պետերբուրգում խաղում եմ Չեխովի «Ճայի» բեմադրության մեջ, Դորնի դերակատարն եմ: Վերջերս կողքից նայեցի այդ բեմադրությունը… Դա իմ թատրոնը չէ, իմ ընկալումները չեն: Հիմա դերասանական արվեստին փոխարինելու են եկել տարբեր ռեժիսորական հնարքներ, որոնք կաշկանդում են դերասանին, զրկում նրան ազատ ստեղծագործելու հնարավորությունից: Ես իմ ստեղծագործության մեջ մշտապես կարևորել եմ դերասանի ազատությունը, մինչդեռ հիմա դերասանը բեմադրիչի համար գրեթե նույն դեկորացիան է, ինչ դրվում է բեմում: Կինոյում ևս դերասանը կորցրել է իր գերիշխող դերն ու դիրքը: Ես ծանոթ չեմ վերջին տարիների հայկական կինոյին, սակայն չէի ուզենա, որ այստեղ էլ նկարահանվեին գաղափարազուրկ, դերասանին հույզից ու կրքից զրկող ֆիլմեր: Շատերին միայն հրապուրում և հետաքրքրում է փող ստանալու խնդիրը: Եթե արվեստ, գեղեցկություն ու բարություն չկա, որքան ուզում ես փող ունեցիր, մի բան կյանքումդ կպակասի: 

- Այս խնդիրները նաև լիտվակա՞ն կինոյում ու թատրոնում են:

- Իհարկե: Լիտվան էլ շատ մեծ ցնցումներ ապրեց, մեզ մոտ էլ մեծ ավերածություններ եղան: Ասենք, ողջ աշխարհում է այդպես: Սակայն, ի պատիվ հայերիդ, պիտի ասեմ, որ դուք ավելի ճկուն գտնվեցիք: Ես հիմա Հայաստանում եմ, որտեղ այսօր բացվեց «Արմմոնո» փառատոնը, տեղեկացա, որ այլ փառատոներ ևս գոյություն ունեն, ինձ պատմեցին մի շարք բեմադրությունների մասին: Նաև տեղյակ եմ, որ ազգային կինոմրցանակաբաշխություն եք կազմակերպել: Ուրեմն, այստեղ շարժումներ կան, կան քայլեր, որոնք նպաստում են թատրոնի և կինոյի զարգացմանը, նախադրյալներ ստեղծում, որ ժամանակակից արվեստն իր տարբեր դրսևորումներն ունենա: Միայն չէի ուզենա, որ արևմտյան որոշ վատ ազդեցություններ թափանցեն նաև այստեղ: Չի կարելի ապրել մեկուսացման մեջ, սակայն ազդեցությունները չպետք է լինեն ավերիչ: Ես ցավով եմ նայում, որ Լիտվայում շատ բան կորցնում է իր նշանակությունը և բովանդակությունը: Թատրոնները կարծես թե վերափոխվում են, բայց հեռացել է ձգտումը դեպի գեղեցիկը: Հայաստանում դեռ ոչ մի բեմադրություն չեմ նայել, սակայն «Արմմոնոյի» ծրագիրը դիտելիս` ուղղակի զարմացա, թե ինչքան երիտասարդներ են գալիս ասպարեզ, ամեն մեկը ցանկանում է ինքնահաստատվել:

- Իսկ ինչպե՞ս է ապրում այսօր դերասան Ադոմայտիսը:

- Ինչպես բոլորը: Ինչպես բոլոր մտավորականները… Ունեմ երեք որդի, ունեմ թոռներ, անգամ` ծոռներ: Նրանց եմ հյուրընկալվում, նրանք են ինձ հյուր գալիս: Օրերս լցնում եմ նրանցով: Դա իմ մեծ երջանկությունն է:

- Թույլ տվեք շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար և ակնկալել, որ, այնուամենայնիվ, հայկական մի նոր ֆիլմում Դուք կնկարահանվեք:

- Կարևորը Հայաստանի հետ ունեցած իմ կապն է, իմ սերն է: Դա ավելին է, քան ցանկացած ֆիլմ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ