Ի պատիվ Բրեյվիկի


 

Գերմանական Հեմնից քաղաքի իշխանությունների ու բնակչության համար մեծ հարված էր հագուստի նորաբաց սրահի անվանումը, որը ոչ այլ ինչ է, քան «Բրեյվիկ»` նորվեգացի ահաբեկչի պատվին: Պրովակացիոն անվանումով այս սրահը պատկանում է հայտնի Thor SteinΖr ցանցին, որի բաժնետերերը գաղտնի ֆինանսավորում են նեոնացիստական խմբավորումներին: Չնայած գերմանական իշխանությունների կողմից վերջին տարիների ընթացքում չեզոքացվել են Thor SteinΖr-ի բավական մեծ թվով մասնաճյուղեր Բեռլինում և այլ խոշոր քաղաքներում, սակայն ցանցը շարունակում է ակտիվորեն գործել երկրի ողջ տարածքում: Ընկերության բաժնետերերը, բնականաբար, ներկայանում են որպես նորաձև հագուստի արտադրող, քանի որ խելահեղություն է դիմակը պատռելը. Գերմանիայում շովինիստական գաղափարախոսության քարոզչությունը քրեորեն պատժելի է: Սակայն վերջին քայլը` սրահը «նորվեգացի հրձիգի» պատվին անվանակոչելը, բավական վտանգավոր էր: Առաջիկայում բողոքի ցույցեր են կազմակերպվելու քաղաքում: Իր զայրույթն ու բողոքն է հայտնել նաև Բեռլինում Նորվեգիայի դեսպանատունը` կոչ անելով չեղյալ համարել բոլոր գործարքները «դարչնագույն բիզնեսմենների» հետ: Ցանցի սեփականատերը հավաստիացրել է, որ առևտրի սրահն անվանակոչվել է ոչ թե ահաբեկչի, այլ նորվեգական Բրեյվիկ բնակավայրի պատվին: Պատասխանն առաջին հայացքից խելամիտ կարող է թվալ, քանի որ իսկապես նախկինում ևս ցանցի որոշ սրահներ անվանակոչել են նորվեգական այլ բնակավայրերի պատվին: Իսկ Նորվեգիայում Բրեյվիկ անունով նույնիսկ մի քանի գյուղ կա: Իշխանությունները հետամուտ են օր առաջ փակել սրահը: Իսկ դեռ որքան քաղաքի կենտրոնական փողոցում կախված կմնա ահաբեկչի անունով ցուցանակը, դժվար է ասել: