Ի˜նչ մոլորակի կործանում, երբ այնքան կիսատ գործեր կան


 

ՄԵԾ աշխարհի մեր «անկյունում» մենք հայերս այնքա˜ն շատ առօրյա-երկրային հիմնախնդիրներ ունենք հաղթահարելու, որ մոլորակին վերաբերող տիեզերական գործընթաց ներին սևեռվելու ժամանակ չկա:

Ի դեպ, որքան էլ հիմնախնդիրների մեջ թաղված` այնուամենայնիվ Հայաստանն այլևս «աշխարհի անկյուն» չես համարի: Քանզի գերտերությունների աշխարհաքաղաքական ռազմավարությունում Հայաստանի դերն ու նշանակությունը զգալիորեն բարձրացել է: Սակայն միջազգային թատերաբեմում երկրի հեղինակության բարձրացումը, ցավոք, մեզ լիարժեք ուրախանալու տեղիք չի տալիս, քանզի մեր ներքին խնդիրների լուծմանն ուղղված ջանքերն առայսօր շոշափելի արդյունք չեն արձանագրում: Կտրուկ բարեփոխումների կամք, կարծես թե կա, բայց դրանց թափն ու արդյունավետությունը չուժեղացնելու դեպքում արտագաղթի ծավալներն աճելու են, տեղի է ունենալու ներքին մի փլուզում` նման սողանքի: Չլիներ արտագաղթը, կարելի էր առանց խուճապի, քայլ առ քայլ տարեցտարի շտկել իրավիճակը: Ու հենց դա նկատի ունենալով` իշխանությունները պարզապես պարտավոր են գործել այնպես, ինչպես արտակարգ իրավիճակներում: Կարճ ասած` մեկ-երկու տարում, պետք է հինգ-վեց տարվա ճանապարհ անցնել և ժողովրդի չքավոր շերտի կենսամակարդակը հասցնել այնպիսի աստիճանի, որ նրանք այլևս չմտածեն երկիրը լքելու մասին: Զուտ տնտեսական առումով գնահատելիս` 2012-ը կարելի է որակել կայուն զարգացման տարի:

Սակայն պիտի խոստովանել, որ ժողովուրդն այդպիսի «կայուն զարգացումներից» հոգնել է և սպասում է կտրուկ-թռիչքային տեղաշարժերի: Երկրի բնակչության զգալի մասի համբերության բաժակը լցվել է: Եվ զուտ տնտեսագիտական հիմունքներով բացատրել, թե աստիճանական զարգացումն այլընտրանք չունի` սփոփանք չի բերելու, ընդհակառակը հիասթափեցնելու է:

Այո, ժողովուրդը հենց այն կախարդական փայտիկին է սպասում, որի չգոյության մասին իշխանությունները պարբերաբար հիշեցնում են:

ԱՆՑՆՈՂ տարում գնաճի թռիչքների կողքին արձանագրվեց արդյունաբերության և գյուղատնտեսական արտադրանքի զգալի ավելացում, արտահանման ծավալները ևս ավելացան: Կոռուպցիայի դեմ պայքարում հուսադրողն այն էր, որ վերջապես ճաղերի հետևում հայտնվեցին պաշտոնական դիրքը չարաշահած, իրենց ոլորտում թալան իրականաց րած բարձրաստիճան որոշ չինովնիկներ:

Հարկային և մաքսային քաղաքականության մեջ դրական միտումները շարունակվեցին նաև 2012-ին, ինչն էլ ապահովեց բյուջեով նախատեսված մուտքերը:

Այս ամենը նկատի ունենալով` սպասվում էր, որ 2013-ի բյուջեն կազմելիս, կառավարությունը սոցիալական ոլորտի բարելավմանն ուղղված կտրուկ քալերի կգնա: Բայց դա տեղի չունեցավ` առաջ բերելով ընդդիմության բուռն քննադատությունը և վրդովմունքը:

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ կյանքում շարունակում է իշխել անորոշությունը և լճացումը: Դրա հիմնական պատճառը ընդդիմության միավորվելու անկարողությունն է, ինչն էլ ջլատել ու թուլացրել է ամբողջ ընդդիմադիր ճամբարը: Առանձին վերցրած` բոլոր ընդդիմադիր կուսակցություններն էլ ամբողջ տարվա ընթացքում ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին համախմբված գործելու ուղղությամբ: Այդ կրավորական կեցվածքը հաղթահարելուն էին միտված մի քանի շաբաթ առաջ սկսված` ընդդիմադիր ուժերի խորհրդակցությունները, որտեղ քննարկման էին դրված խորհրդարանական համակարգի և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցերը: Ակնհայտ է, որ դա ընդամենը համախմբման իմիտացիա էր, քանզի շրջանցվում էր ամենահրատապ խնդիրը` նախագահական ընտրություններում մեկ միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունների որոնումը: Միգուցե նրանք ևս կարծում են, որ միասնական թեկնածուի խնդիրը լուծելն անհնարին է և այդ հարցը փակված են համարում: Այդ պարագայում կարելի էր հստակ կանխատեսել, որ իշխող կոալիցիան առանց որևէ խոչընդոտի շատ հեշտությամբ կհաղթի նախագահական ընտրություններում, եթե չլիներ ԲՀԿ-ի գործոնը: Բանն այն է, որ ընթացիկ տարում բոլոր ընդդիմադիր ուժերը թե´ «Ժառանգությունը», թե´ ՀՅԴ-ն, թե´ ՀԱԿ-ը ոչ միայն չեն բարձրացրել, այլ նույնիսկ նվազեցրել են իրենց վարկանիշը և առանձին հանդես գալու դեպքում լիակատար ֆիասկոյի կմատնվեն: Միայն ԲՀԿ-ն է, որ դուրս գալով կոալիցիայից, չի նվազեցրել իր ներուժը, է´լ ավելի է բարձրացրել ժողովրդի վստահությունն իր հանդեպ: Հենց այս քաղուժն է, որ շարունակում է պահպանել ինտրիգը ներքաղաքական դաշտում: Մեկ-երկու շաբաթ հետո ԲՀԿ-ն վերջապես որոշում կընդունի նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի վերաբերյալ, և այդժամ էլ մառախուղը կցրվի, բայց ոչ բոլոր դեպքերում լարվածությունը կթուլանա: Օրինակ, եթե ԲՀԿ-ն այնուամենայնիվ առաջադրի Վարդան Օսկանյանի թեկնածությունը, բավական բարդ ու անորոշ իրավիճակ կստեղծվի, քանզի պարզ կդառնա, որ արտերկրի ուժերը լրջորեն շահագրգռված են մեր ներքաղաքական կյանքի զարգացումներով, ուրեմն կարող են և լուրջ հետք թողնել գործընթացների վրա: Եթե Ծառուկյանն անձամբ առաջադրվի` վերլուծաբաններն անմիջապես կսևեռվեն երկու հակադիր տեսակետների վրա.

ա) Դա ռուսական պատվեր է` Ռ. Քոչարյանի ստվերային, բայց ակտիվ միջնորդությամբ,

բ) ԲՀԿ-ն պայմանավորվել է իշխանությունների հետ` ընտրություններից հետո լուրջ իշխանական լծակերի ակնկալությամբ, ընդհուպ վարչապետի պաշտոնի տնօրինումը:

Այս ամենը նկատի ունենալով` հարկ է նշել, որ եթե ԲՀԿ-ն կրկին չթեքվի գործող նախագահին պաշտպանելու իր նախկին մտադրության կողմը` ՀՀԿ-ն կարող է լուրջ «գլխացավանքներ» ունենալ նախագահական ընտրություններում:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ մոտ երկու ամիս է մնում, և շուտով բոլոր «խորհրդավոր» հանգամանքներից կձերբազատվենք: Անդրադառնալով արտաքին քաղաքական ոլորտներում Հայաստանի ձեռքբերումներին և թերացումներին, կույրն անգամ չի կարող չնկատել, որ մեր երկիրը միջազգային ասպարեզում բավականին կայուն ու լուրջ պետության իմիջ է ձևավորում: Թե´ ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում, թե ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում նույնիսկ ՆԱՏՕ-ի հետ առնչություններում Հայաստանը կարողանում է հասնել ավելի քան նորմալ, նույնիսկ ջերմ փոխհարաբերությունների, ինչն էլ ոչ միայն մեր երկրի հեղինակությունը, այլ նաև անուղղակիորեն անվտանգության սանդղակն է բարձրացնում` ոխերիմ հարևանի հնարավոր ոտնձգություններից պաշտպանվելու համար:

Նույնիսկ մարդասպան Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում նրա հերոսացման փաստը (որը կարելի է մեր արտաքին գերատեսչության բացթողումը համարել) մերոնք կարողացան օգտագործել այնպես, որ վերջնարդյունքում Ալիևը հայտնվեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհի քննադատության հեղեղի տակ: Իր այդ տգետ քայլով Ալիևը մեր դիվանագետներին հնարավորություն տվեց աշխարհի հասարակական կարծիքը ուղղել Ադրբեջանի դեմ` որպես բռնապետական ռասիստական երկրի:

Որքան էլ ճշգրիտ և հավասարակշռված են գործում մեր իշխանություններն արտաքին ասպարեզում, այնուամենայնիվ գոնե տեսական հարթությունում հնարավոր է` ծագեն լուրջ մարտահրավերներ աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումների արդյունքում: Այս տեսանկյունից, որքան էլ զարմանալի թվա` մարտահրավերներ կարող են ծագել հենց մեր թիվ 1 ռազմավարական դաշնակցից: Կասկածից դուրս է, որ Ռուսաստանը խիստ խանդոտ է վերաբերվում Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների ջերմացմանը: Եթե դրանք շարունակեն նույն թափով զարգանալ, մեր դաշնակցի համբերության բաժակը կարող է լցվել:

Պետք է զգույշ լինել և թույլ չտալ, որ Ռուսաստանը կտրուկ փոխի իր կեցվածքը և հակահայ քայլերի դիմի: Կարծում ենք` Հայաստանը Ռուսաստանի «սիրտը շահելու» բազմաթիվ ազդեցիկ միջոցներ գիտի, և ի զորու է դրանք արդյունավետ կիրառել:

Եկավ դեկտեմբերը: Դատելով համացանցում տեղ գտած տրամադրություններից և շրջապատի մարդկանց հետ անձնական շփումների տպավորությունից` աստիճանաբար մեծանում է մտայնությունն առ այն, թե դեկտեմբերի 21-ին կատարվելու է ամենացնցող ճակատագրական իրադարձությունը մարդկության պատմության մեջ: Երկիր մոլորակի հնարավոր կործանմանը մարդիկ վերաբերում են տարբեր կերպ: Մի մասը ահասարսուռ տագնապով դա պատկերացնում է որպես բնության, կյանքի ոչնչացում և տարրալուծում տիեզերական համընդհանուր քաոսում: Մյուս մասը մետաֆիզիկական բնույթի մեկնություններով փորձում է ապացուցել, որ յուրաքանչյուր գոյության սկիզբը դրվում է միայն հնի լիակատար կործանումից հետո:

Տարին անցավ խորհրդարանական ընտրությունների թոհուբոհում և նախագահական ընտրություններին նախապատրաստվելու փոքր-ինչ տարօրինակ մրցավազքում: Մնում է ցանկալ, որ փետրվարյան ընտրություններում մեր ժողովուրդը թևաթափ չլինի և իր համբերության պատառիկներն ի մի բերելով` դիմանա մինչև բարեկեցիկ ժամանակներ:

Ինչ վերաբերում է Երկիր մոլորակին, այն հաստա´տ չի կործանվի: Մարդիկ պետք է ժամանակ ունենան` գոնե քավելու իրենց մեղքերը…