Վլադիմիր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ


 

ԳԱԼԻՔԴ ԲԱՐԻ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Վլադիմիր ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

ԺԱՄԱՆԱԿԸ ՄԵՐ ՕԳՏԻՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Հիշում եմ, որ երբ փոքր էի, մեր տանը մի հին ու լավ սովորություն կար. Նոր տարվա գիշերը բացում էինք բոլոր դռներն ու պատուհանները, մի քանի րոպե սպասում, ապա նստում սեղանի շուրջ: Երբ մեծացա` հասկացա այս ավանդույթի իմաստն ու բովանդակությունը: Պետք էր ճանապարհել հինը և նորի առջև դռներ բացել: Հիմա շատերը մոռացել են այդ լավ ավանդույթը: Բայց ես նույնն եմ անում ամեն տարի: Հինը հեռանում-գնում է, կամաց-կամաց գալիս է նորն ու բազմում մեր սեղանների շուրջ: Միշտ հաճելի է նորի ներկայութ յունը…

Հիմա անհամբերությամբ եմ սպասում Նոր տարվան, որպեսզի նորից դռներ բացեմ: Դա առանձնակի ուրախություն է պարգևում ինձ: Երևի նաև տարիքս է մեղավոր, որ որքան մոտենում եմ իմ օրերի ձմռանը, այնքան կառչում եմ մանկությանս: Ես ուզում եմ, որ Նոր տարում իմ հասակակիցները, բոլոր նրանք, ովքեր վաղուց արդեն ջահել չեն, նորից վերադառնան իրենց մանկության ձայներին ու ավանդույթներին: Ուզում եմ, որ բոլորս միշտ ապրենք մանկության հետ: Մանկությունը պարտադրում է չկորցնել զարմանալու ամենաթանկ հատկությունը: Ուզում եմ հիմա շնորհավորել հայ ժողովրդին, իմ հայրենակիցներին, աշխարհի բոլոր մարդկանց: Նաև` երբեք իր դեմքը չկորցնող «Ավանգարդ» թերթին: Թերթն էլ մեզ միշտ պահում է ջահելության ափին, հաճելի հուշեր արթնացնում…