Սոս ՍԱՐԳՍՅԱՆ


 

Սոս ՍԱՐԳՍՅԱՆ. ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ

ՂՈՉԱ´Ղ ԿԱՑԵՔ

Այսօր առավոտից մտորում եմ, ինչ-որ բաներ եմ մտաբերում, մի ամբողջ կյանք իր ողջ մանրամասներով… 83 տարի ապրում եմ էս աշխարհում, 83 տարի Նոր տարի եմ դիմավորում: Շշմելու ա, շաաաատ-շաաատ ա: Հետաքրքիր է: Մտածում ես, թե էս բոլորը դո՞ւ ես ապրել, դո՞ւ ես անցել, դո՞ւ ես սխալվել, դո՞ւ ես հաղթահարել…Շա´տ հետաքրքրիր է: Դերասանի կյանքը շա˜տ հարուստ կյանք է: Արտիստի կյանքը երբեք իրենը չի լինում: Նրա կյանքն ուրիշինն է, հասարակությանը, բեմինը... Այսօր, ինքս ինձ հետ մի պահ մենակ մնալով` հասկացել եմ, որ արտիստն այդպես էլ չի հասցնում ապրել իր համար: Չեմ կարող հիմա ասել` ի՞նչ էր դա, ուրիշի ապրած կյանքեր էին, ուրիշի գործունեություն, ուրիշ մարդիկ, բայց քո կողքով անցած, քո սրտի միջով անցած, քո էության միջով անցած` դրանք նաև քոնն են դառնում, քո կյանքը:

Հիմա ինձ հարցնում եք, թե Նոր տարուց ի՞նչ եմ սպասում: Էս տարիքում էլ ի՞նչ կարող եմ սպասել: Հոգիս չառած` միտքս չառնես, Աստված: Միայն դրա մասին եմ մտածում` ուղեղս տեղը մնա, բեռ չդառնամ որևէ մեկի ուսին: Դեռ գործեր ունեմ, շա˜տ գործեր ունեմ անելու: Միշտ ինձ մեղավոր եմ զգացել, երբ կարողացել եմ, բայց չեմ աշխատել, պարտականություններս չեմ կատարել: Եթե ապրում եմ, շնչում եմ, ուրեմն պետք է նաև կարողանամ: Ուզում եմ, որ Նոր տարում վերջապես իրականություն դառնա մեր երազանքն, ու Համազգային թատրոնի շենքը սկսեն կառուցել: Ուզում եմ, որ Նոր տարում մեր թատրոնն ինքն իրեն փոխի, թարմանա, առողջանա, նոր օրերի թատրոն դառնա… Ուզում եմ, որ Նոր տարում վերջապես սկսի ձևավորվել մեր հասարակությունը: Երբ հասարակություն չունես` երկիրդ երկրի նման չի…

Մի խոսքով, ինչպես մեր պապերն են ասել` ղոչա´ղ կացեք, որ սկսած կամ էլ սկսելիք գործերին հաջողություն լինի: Մե˜ծ հաջողություն…