Նորայր ԱԴԱԼՅԱՆ


 

Նորայր ԱԴԱԼՅԱՆ. Գրող, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր

ՔԵԶ ԷԼ ԵՄ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ, ՍԻՐԵԼԻ «ԱՎԱՆԳԱՐԴ»

Ամանորի նախօրյակին շնորհավորում եմ բոլորին, մեր բոլոր հայրենակիցներին: Սակայն առաջին հերթին քեզ եմ շնորհավորում, սիրելի «Ավանգարդ», որովհետև քեզ համար տարին հոբելյանական է լինելու, լրանալու է քո հիմնադրման 90-ամյակը: Հայ մամուլի ամենահին ներկայացուցիչներից մեկն ես, այն եզակի թերթը, որը պահպանեց իր կրակը, բորբոքումը: Տարիների վայրիվերումները չխանգարեցին քեզ, դու միշտ ներկայացար քո ընթերցողին` այսպես հաստատելով զարմանալի կենսունակությունդ: Թող Նոր տարին քեզ մեծ ուրախութ յուններ պարգևի…

Ես շնորհավորում եմ պատերազմող Հալեպում իրենց տներում ծվարած իմ բոլոր հայրենակիցներին: Թող գոնե Նոր տարում այլևս ռումբեր չպայթեն, խաղաղությունը թող թևածի Հալեպի վրա, նորից բացվեն հայկական եկեղեցիների դռներն, ու հույսը գմբեթներից Աստծո օրհնությամբ ծորա ներքև…

Մենք տառապանքներ ու ավերներ շատ ենք տեսել, շատ ենք տեսել խառնակություններ: Բայց ուզում եմ, որ Նոր տարում հայի Աստվածը բարեգութ լինի, այլևս պատերազմներ թույլ չտա: Ուզում եմ շնորհավորել բոլոր այն հայ երիտասարդներին, ովքեր արդեն համոզվել ու հասկացել են, որ հայի միակ հայրենիքը Հայաստանն է, որ Հայաստանն անուշ է, ու պետք չէ օտար ափերում երջանկություն որոնել: Երջանկությունն այստեղ է, մեր կողքին, միայն պետք է համառություն ունենալ և կանչել նրան: Նա կգա:

Շնորհավորում եմ արվեստի ու գրականության բոլոր գործիչներին, բոլոր ստեղծագործողներին: Թող Նոր տարում ավելի շատ կիրք ու ոգևորություն լինի, որպեսզի կարողանանք ամրապինդ դարձնել Հոգևոր Հայաստանը…