Կիսաֆանտաստիկ պատմվածք


 

Ազգային ժողովի նախընտրական օրերն էին: Հեռուստացույցով հաճախ էին հաղորդում, որ արտասահմանյան պառլամենտներում կանանց թիվը քսան տոկոսից ավելի է: Մերոնք էլ ասին` տո, մեր կանայք ումի՞ց են պակաս… Ու սկսեցին պատգամավորության կին թեկնածուներ փնտրել:

Մենք` սույն նյութի հեղինակներս, որոշեցինք կիսաֆանտաստիկ պատմվածք գրել` կես կատակ-կես լուրջի համատեղությամբ:

Պատգամավորության թեկնածուները հրճվանքի մեջ էին. սուրճ, թեյ մատուցող, ճաշ եփող կունենանք… Ոմանք նրանց առարկում էին. մենք լավ էլ ճաշարան ունենք, ափսոս այն անվճար չէ, մեր գրպանի հաշվին է, մեր ցածր աշխատավարձով մի կերպ յոլա ենք գնում: Այս կարգի խոսողներն էլ իրենց ընդդիմությունն ունեին, ովքեր ժողովրդի անունից ասում էին` եկեք խելացի վարվենք. եկեք այնպիսի կին պատգամավորներ ընտրենք, ովքեր երգել, պարել, արտասանելու շնորհք ունեն:

- Ապերո, խի Ազգային ժողովը մշակույթի պալա՞տ է, մեզ խելքը գլխին կանայք են պետք, որ մեզ հետ օրենսդրական հարցեր լուծեն:

- Ո՞նց թե, քո կարծիքով երգող-պարող կանայք խելք չունե՞ն: Ախր մենք ավելորդ ժամանակ չունենք` օպերա, թատրոն, համերգներ գնալու, իսկ մեր Ազգային ժողովը իր երգչախումբը, օպերետը կունենա: Պատկերացրու, ժողովի վերջում ի˜նչ կայֆ կլինի, որ մի պորտապար նայենք, մեր հոգնած հալին մի լավ հանգստանանք ու ցրվենք տներով:

- Դե որ ըտենց ա` թող դերասան էլ ընտրվի: Նրանցից շատերը քաղաքական գործիչներ, երկրի նախագահներ են դարձել:

- Պետք չէ, մերոնցից շատերը թատերական հրապարակում են իրենց պորտը կտրել, էս 20 տարուց ավելի ժողովրդի պորտը տեղն են դնում, իրենց դերն էլ լա˜վ տանում: Քիչ էլ մնա` կասես` նկարիչ էլ ունենանք:

- Հա, նրանց նկարներն էլ կկախեն ֆոյեում և փոխանակ վիճեն-կռվեն` նկարներին կնայեն:

- Կարող է մեկն էլ ասի` արա ըստե Ազգային ժողով ա՞, թե՞ ցիրկ:

- Մեկ ուրիշն էլ կասի` մենք ազգի ներկայացուցիչ ենք, մեզ կարելի է…

- Ի՞նչ իմանամ` այդպես կասի՞:

- Այլ կերպ չի կարող լինել, պատգամավորն ընտրվում է երկրի բնակչության քանակի հաշվով: Օրախնդիր հարցեր ենք լուծում, խոսում ենք, կոճակ ենք սեղմում, հոգնում, մեր երգ ու պարի համերգը կլսենք` կթարմանանք:

- Այդ քո ասած խոսողների թիվը հազիվ մի քանի տոկոսի է հասնում, իսկ մնացածները չգիտես ինչու` բերաններ ջուր են առնում ու նստում…

- Դա բնական երևույթ է, երկրագնդի 70 %-ը ջուր է, 30 %-ը ցամաք. բերանները ջուր առածները ԱԺ-ում 70 % չկազմեցի՞ն:

- Թեմայից շեղվեցինք, երգչախմբի մասին մոռացանք:

- Վայ, մի հետ դառնանք` տեսնենք ի՞նչ երգչուհի, պարուհի… ընտրվեցին:

- Դեղին մամուլից իմացա` երեք կին: Նրանք երգում են, պարում, եթե պահանջ լինի` կարտասանեն:

- Հարց է առաջանում` մինչև հիմա նրանք որտե՞ղ էին:

- Որտեղ լինելը կարևոր չէ, այստեղ աճեցին:

- Էս մի քանի օրում աճեցի՞ն, հո բամբո՞ւկ չեն:

- Ում էլ պատգամավորի աշխատավարձ տան` օրը 60 սանտիմետր կաճի:

- Բերածդ օրինակը տեղին չէ, դրանք հո փայտ չեն, ընդհակառակը, պատգամավորները հո ժողովրդի նման դինջ չեն, մերոնք իրենց բերնի համը գիտեն, մի քանի անգամ բողոքել են, որ իրենց բարձր աշխատավարձն է´լ ավելի բարձրացնեն:

- Բողոքելիս հացադուլի նստեցի՞ն:

- Այ տնաշեն, նրանք մի ժամ սոված մնան` ուշքները կգնա…

- Շեղվածներով ընկանք, էլի շեղվեցինք, էդ նազելի կանանց հետ էլ ո՞ւմ ընդունեցին:

- Մի քանի երաժիշտ, այդ թվում նաև կին դհոլչի: Առանց դհոլ քեֆ-ուրախություն, շախ ու շուխ չի լինի: Հա, չմոռանամ, երկու լրագրողի էլ մանդատ տվեցին, մեկն էլ վերընտր վեց: Էդ էլ նրա համար, որ մենք մեր սեփական թղթակիցներն ունենանք, ինչ ուզենանք` էն էլ գրենք-տպել տանք: Թե չէ էդ խորթ թղթակիցները դրսից գալիս են ամեն ինչ ճիշտ-ճիշտ գրում են, մեզ անմեղ տեղը խայտառակում…

- Այ տղա, դե որ ըտենց էր, մեր հրաշալի դուդուկահար Ջիվան Գասպարյանին էլ ընտրեին, էլի:

- Ախր դուդուկը ընդունված է որպես թախծոտ նվագարան, իսկ գերբարձր աշխատավարձ ստացող օրենսդիրներին դա պետք չի:

***

Եվ քանի որ, մեր պատմվածքը կիսաֆանտաստիկ է, այստեղ հերոսները պիտի ֆանտաստիկ գործողությունների տեր լինեն: Նրանք պիտի օժտված լինեն ֆանտաստիկ հայրենասիրությամբ, ազգային ամենաբարդ խնդիրներ լուծողներ և… ուղղակի մարդ լինեն: