ՄԵԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ


Մերձավորարևելյան դեպքերը յուրատեսակորեն անդրադարձվում են նաև մյուս երկրներում, մասնավորաբար Թուրքիայում և Ադրբեջանում: Երկու պետությունում էլ այսօր հարաբերական անդորր է տիրում: Ավելին, Թուրքիայի վարչապետը գործուն հանդիպումներ է ունենում եվրոպական տարբեր երկրների առաջնորդների հետ: Իրեն արտաքուստ չափազանց հանգիստ է պահում նաև Ադրբեջանի նախագահը, սակայն ակնհայտ է, որ այդ երկրների ղեկավարներն ինչ-որ տագնապներ և անհանգստություններ ունեն: Նրանք շատ լավ հասկանում են, որ հեղափոխությունների ալիքն արդեն մոտենում է նաև իրենց երկրներին, հատկապես Ադրբեջանին, որը շատ վաղուց բոլորի կողմից ընկալվում է որպես տոտալ պահպանողականության և արևելյան բռնապետության խորհրդանիշ: Ադրբեջանի նավթային «ակցիաներն» սկսել են քիչ հետաքրքրել մի շարք գերտերությունների, իսկ սա նշանակում է, որ այդ երկիրն այլևս կարող է դիտարկվել որպես թիրախ: Նվազել է նաև հետաքրքրությունը Վրաստանի հանդեպ, որը վերջին շրջանում մի տեսակ մոլորված քաղաքականություն է վարում` այդպես էլ չգտնելով հստակ հենարաններ: Արևմուտքն էլ այս տարածաշրջանում իր հենարանն է փնտրում, քանզի նա չի կարող հետաքրքրություն չունենալ մի տարածաշրջանի հանդեպ, ուր կուտակված են աշխարհաքաղաքական մի շարք խնդիրներ և տեսլականներ: Հենց Արևմուտքի շահագրգռվածություններն ու մեզ շրջապատող երկրների հանդեպ աճող անվստահությունն էլ հուշում են, որ նախապատրաստվում են իսկապես հետաքրքիր և մեծ իրադարձություններ, որոնք կարող են այստեղ ձևավորել քաղաքական նոր «կենտրոններ»: Հայաստանը կարող է հավակնել այդ կենտրոններից մեկը լինելու իրավունքին, քանզի այսօր մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը լիովին համապատասխանում է արևմտյան սցենարներին: Իսկ դրանց տրամաբանությունն այնպիսին է, որ առաջին հերթին գերակա են դառնում մեր շահերն ու հայեցադրույթները: Հենց այս տրամաբանության շրջանակներում էլ այսօր պիտի առաջ տանել Ղարաբաղյան խնդրի կարգավորումը, քանի որ հենց այդ խնդիրն է դարձել հարաբերությունների առանցքը: Օրերս վրացական մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումներում, հավանաբար հրաշալիորեն կռահելով նոր զարգացումները, վրաց քաղաքագետները գրել էին, թե Այսրկովկասի զարգացմանն ու տնտեսական հզորացմանը խանգարում է Ղարաբաղյան խնդրի կարգավորված չլինելը: Սա պատահական հայտարարություն չէ` եթե հաշվի առնենք, որ մինչև վերջերս ԱՄՆ-ի կողմից հովանավորվող երկիրը կամաց-կամաց դուրս է մղվում ամերիկյան հետաքրքրությունների շրջանակներից: Վրաց քաղաքագետները կարծես հուշում են, որ անհրաժեշտ է պահ առաջ լուծել այս հարցը, որպեսզի Այսրկովկասը ձեռք բերի համաչափ զարգացում, որի մեջ նրանք առաջին հերթին տեսնում են Վրաստանի շահը: Վրաստանի շահն այսօր սերտակցվում է Հայաստանի շահերին, քանզի այլևս Վրաստանը չի կարող իր գլխավոր բարեկամներ համարել վերոնշյալ երկու պետություններին: Կորցնելով տարածաշրջանում միակ հենարանը լինելու հույսերը` Թբիլիսին այժմ կամենում է Հայաստանի հետ ալյանս ձևավորելով` դառնալ այն գլխավոր կենտրոնը, որն էլ պիտի դառնա արևմտյան շահերի և քաղաքական սցենարների իրագործման երաշխավոր: Ահա հենց այս է, որ մեզ ստիպում է խոսել սպասվող մեծ իրադարձությունների մասին, որոնցում Հայաստանին վերապահվելու է առաջատար դիրք: Վերջին երկու հարյուրամյակում առաջին անգամ Հայաստանը դառնալու է սպասվող իրադարձությունների և զարգացումների առանցք` հնարավորություն ունենալով հռչակվելու «հայեցակարգային երկիր»: Եվ այդ հնարավորությունից չի կարելի չօգտվել: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արդեն նշմարվում է մի գիծ, որը հետևողականորեն առաջ է տանում նախագահ Սերժ Սարգսյանը: Եթե նախորդ նախագահի արտաքին քաղաքական հենակետը կոմպլիմենտարիզմն էր, ապա այսօր նախագահ Սարգսյանը գնում է Արևելք-Արևմուտք դիվանագիտական ճանապարհով` գրեթե հավասարաչափ կարևորելով Արևմուտքի և Արևելքի ռեսուրսները: Հայաստանն էլ իր հանդեպ հետաքրքրություն է ձևավորում` այսպես հասկացնելով երկու կողմերին էլ, որ մեր երկիրը կարևորագույն հանգույց է Արևելք-Արևմուտք հարաբերությունների ճանապարհին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ