…Հավերժ են միայն շահերը


Ռուսաստանի ազդեցությունը մեծ է Հարավային Կովկասում, հատկապես Հայաստանի վրա: Եվ այդ իմաստով` բնական է, որ այդ երկրում ցանկացած գործընթաց, ցանկացած փոփոխություն հայտնվում է մեր հանրության ուշադրության կենտրոնում, նաև քննարկման առարկա դառնում: Դումայի ընտրությունները նույնպես բացառություն չեղան: Ռուսաստա նում ընտրություններին հաջորդած բողոքի ցույցերի առնչությամբ վարչապետ Պուտինի և ԱՄՆ¬ի պետդեպի քարտուղար Քլինտոնի «փոխհրաձգությունն» էլ բորբոքեց մեզանում ռուսաստանյան ընտրությունների առիթով սկսված բանավեճը` Ռուսաստանում Վլադիմիր Վլադիմիրովիչի ամուր բռունցքի իշխանությո՞ւնն է շահավետ Հայաստանին, թե՞... Մոռանում ենք, որ Պուտինի և Քլինտոնի բանավեճն իրականում այս աշխարհի երկու հզոր երկրների` հաճախ միմյանց չհամընկնող շահերի արդյունք է կամ հետևանք: Ե´վ Ռուսաստանում, և´ աշխարհում ժողովրդավարություն տարածողի, դրա պաշտպանի համարում ունեցող Միացյալ Նահանգներում, և´ եվրոպական ցանկացած երկրում ընտրություն ները ներքաղաքական սրացումներով են ուղեկցվում, քանի որ դրանց արդյունքները բոլորին չէ, որ գոհացնում է: Իսկ դրանց հաջորդ ներքին հուզումներն արտաքին աշխարհն օգտագործում է ըստ նպատակահարմարության: Սակայն, հյուսիսային գործընկերոջ հանդեպ մեր ուշադրության պատճառը տարածաշրջանում նրա ունեցած հսկայական ազդեցությունը չէ միայն: Մեզանում իներցիայի ուժով պահպանվել է կենսական, նույնիսկ երկրորդական նշանակության հարցերում թեկուզ մտովի նայել Մոսկվայի կողմը` ի՞նչ դիրքորոշում կունենա մեր ռազմավարական գործընկերը… Սա, անշուշտ, ԽՍՀՄ-ից մեր օրերը հասած սինդրոմ է: Հայաստանը հայտարարել է եվրոպական արժեքներին իր հավատարմության, եվրոպական ինտեգրման մասին: ՀՀ խորհրդարանում գործում է Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, ինչը հաստատում է մեր երկրի զարգացման եվրոպական ուղղվածության լրջությունն ու հաստատակամությունը: Այստեղից հարց է առաջանում` ինչպիսին կուզենար տեսնել Հայաստանն իր ռազմավարական գործընկերոջը: Այլ կերպ ասած` ի՞նչ Ռուսաստան է Հայաստանին հարկավոր: Իհարկե, մինչ այժմ մեր բարձրագույն իշխանություններին ընդհանուր առմամբ հաջողվել է հավասարակշռություն ապահովել Եվրոպայի և Ռուսաստանի հետ հարաբերություն ներում. մաս կազմելով ՀԱՊԿ-ին, Հայաստանը հաջողությամբ համագործակցում է նաև Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի` ՆԱՏՕ-ի հետ: Մինչ այժմ ավտորիտար Ռուսաստանին կարծես չի անհանգստացրել արևմտյան արժեքային համակարգին Հայաստանի ինտեգրվելու ձգտումները: Սակայն այդպես կարող է շարունակվել մինչև այն պահը, երբ Մոսկվան կզգա, որ Եվրոպային մեր երկրի մերձեցումը կսպառնա Հայաստանի վրա իր ազդեցությանը: Արդեն վերջին տարիներին մեր և եվրոպական երկրների հարաբերությունների ջերմացմանը Ռուսաստանը խանդի դրսևորումներ ցուցադրել է, և Եվրամիության մայրաքաղաքից Հայաստանի նախագահը հարկ է համարել մեր երկրի ինքնիշխանությունն ու սուվերենությունը հաստատող «մեսիջներ» հղել Ռուսաստանին: Սակայն այս հարցում իշխանության արձանագրած հաջողությունն արժեք չի ունենա, եթե հասարակությունն ինքը չվերափոխվի, չձերբազատվի անցյալից մնացած կեղծ ու նաև վտանգավոր կարծրատիպերից: Հայ մարդու մեջ դեռևս արմատացած է Հայաստանի համար Ռուսաստանի` անփոխարինելի ավագ եղբոր կերպարը: Ուրիշ էին ժամանակները, երբ Խաչատուր Աբովյանն ասել էր` «օրհնվի էն սհաթը»: Դժվարին պատմություն է մեզ բաժին ընկել, և այդ պատմության մեջ հաճախ են եղել ապագայի համար որոշիչ պահեր, երբ մեր ավագ եղբայր համարվող Ռուսաստանը (կապ չունի` խորհրդային, թե այլ կարգավիճակով) գործել է միայն իր շահերից ելնելով, որոնք, մեղմ ասած, հաճախ նաև չեն համընկել մեր շահերին: Դրանից խռովկան տղեկի տեսք չընդունելով, հարկ է մշտապես հիշել` քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ. հավերժ են միայն շահերը: Այսօր արդեն չկա կեղծ ինտերնացիոնալիզմի լոզունգներով առաջնորդվող և այն մեզ պարտադրող երկիրը: Իսկ երբ շինծու կարգախոսներին կփոխարինի Ռուսաստանի հետ իսկապես գործընկերային հարաբերությունը, դա մեր երկրին անհամեմատ ավելի օգտակար կարող է լինել, քան ներկայիս ռուս-հայկական ռազմավարական համարվող գործընկերութ յունն է, որտեղ հարցերը մեծամասամբ միանձնյա որոշողը Կրեմլն է:

Ա.ԴՈԽՈԼՅԱՆ