ՍԱՔՈՒՆՑՅԱՆ «ՍԻՆԴՐՈՄԸ»
Պատմության ամեն հատվածում և ամեն մի ժողովրդի մեջ եղել են ու կան տիպարներ, որոնք կոչված են` հանրության կյանքը պղտորելու, մարդկանց անհանգստացնելու, իրականությունը շրջված հայելու մեջ պատկերելու: Այս մարդիկ, բնականաբար, այդ ամենն անում են ոչ միայն սեփական անձը ցուցանելի դարձնելու, այլ նաև ֆինանսական հոսքեր ապահովելու, սեփական բարեկեցություն հոգալու համար: Այսինքն` օգտագործելով սեփական երկրի նկարագրին դեմ ելնելու բոլոր մեթոդներն ու միջոցները` դրանք գլխավոր են համարում սեփական շահը, գոյության իրենց խնդիրը: Այս տեսակին դավաճան կամ ազգադավ համարելը սխալ կլիներ, որովհետև սրանք անգամ դավաճանության մեխանիզմներին ծանոթ չեն: Հազարամյակներ առաջ այս տեսակին չափազանց ինքնատիպ բնութագրում է տվել Պյութագորասը` նրանց համարելով շահատակներ, շահի համար ծռմռվողներ, սեփական ժողովրդի ու ազգի արժեհամակարգերի դեմ ելնող, այդ արժեհամակարգերն օտարի շուկա հանող… Մեզանում այդ տեսակի ներկայացուցիչներին գրանտակերներ են կոչում, սակայն գրանտակեր բառը անչափ նեղ պատկերացում է ձևավորում սրանց մասին: Այո´, տարբեր դոնոր կազմակերպություններ, որոնց նպատակն ազգային նկարագրի աղարտումն է, պետության ներսում խառնակությունների սերմանումը` գրանտներ են տրամադրում, ինչ-որ ծրագրերի անվան տակ Հայաստան ներմուծում ինչպես կրոնադավանաբանական, այնպես էլ սոցիալ-քաղաքական «գաղափարներ», տեսություններ և ուղղություններ: Մասոնականությունը, եհովականությունը, մորմոնականությունը, այլևայլ «գաղափարներ» բերելով մեր երկիր` տարբեր միջազգային ընկերություններ իրենց համար առաջադիր են համարում երկրի քայքայումը, ազգի ոչնչացումը, հպատակեցումը տարբեր կառույցների: Դրանցից մեկն էլ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան է. Վանաձորում իր արմատները նետած կազմակերպություն, որը ներկայանում է մեկ` Արթուր Սաքունցի դեմքով: Չուզենալով կերատաշտից բաժին հանել նաև ուրիշների` այս Սաքունցը դարձել է անձ-կազմակերպություն, որն էլ բոլոր բարոյական ու հոգեբանական խառնակությունների հիմքերն է ձևավորում: Ուշագրավն այն է, որ այս կազմակերպությունը հայտնվում է «կրիտիկական» պահերին, մարդկանց մղում դեպի պոպուլիստական ցույցերն ու հանրահավաքները` այդպիսով ապահովելով սեփական գոյության «եկամտաբերությունը»: Սաքունցն առավել հաճախ հայտնվում է այնտեղ, որտեղ խոսակցություն է ծավալվում բանակի մասին, որտեղ, «դրսեցիների» պատվերներով, հարկ է լինում աղավաղել-աղար տել ազգային բանակի կերպարը: Հենց այս հանգամանքն էլ հուշում է, որ սաքունցականությունը գործում է դրսի թելադրանքներով: Չի բացառվում կապերը նաև Բաքվի ու Անկարայի հետ, որովհետև միայն մեր ոխերիմ հարևանները կարող էին նման կեցվածքով խոսել մեր բանակի մասին: Բրյուսելում ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ծրագրի շրջանակներում տեղի ունեցած սեմինար հանդիպմանը ևս Արթուր Սաքունցը ՀՀ ՊՆ-ին մեղադրել է Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքի մեջ և հայտարարել, որ Հայաստանը խախտել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները: Սա պաշտոնական և ստուգված տեղեկատվություն է: Նշանակում է` չբավարարվելով սեփական երկրում խառնակություններ հրահրելով, նա նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է հարձակվում մեր երկրի վրա` օգտակար լինելով ադրբեջանական քարոզչությանը: Հենց նրա այս հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը 200 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Եվ գուցե Սաքունցը շատ վիրավորվել է, որ մենք զոհեր չենք տվել, քանի որ այլևս չի կարողանա գոռգոռալ, թե մեր բանակում զինվորներ են զոհվում ու իր գոռգոռոցներով տեսահոլովակն ուղարկի իրեն սնող կազմակերպություններին` հայրենիքը ծախելու, մեր զոհված զինվորների դիմաց հերթական գրանտը կորզելու: Վերջերս արձակուրդ էր եկել իմ մտերիմներից մեկի որդին: Մի քանի ժամ զրուցեցինք: Խոսեց իր ծառայության, բանակային ընկերների ու հրամանատարների մասին: Հետո շատ դառնացած ասաց. - Մեզ ավելի շատ մտահոգում են այն հայտարարությունները, որոնք արվում են որոշ մարդկանց կողմից: Հատկապես շատերիս զայրացրել է այդ Սաքունցը: Կուզենայինք, որ մի օր գար բանակ, մեր կողքին կանգներ դիրքերում, տեսներ այն լարվածությունը, որով մենք հսկում ենք սահմանները, ապա նոր գնար ու Բրյուսելում զրպարտեր մեզ….: Երանի˜ այն ժամանակներին, երբ Սաքունցն ու սաքունցյան «սինդրոմն» իրապես կհեռանան մեզանից: Լ. Մ.