Պատերազմն ինձ կանչում էր


Ազատամարտիկ Ֆեդյա Վազգենի Ավագյանը ծնվել է 1955 թ., Ջավախքի Աբուլ գյուղում: 1966¬ին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Աշտարակ քաղաքում: Արցախյան գոյամարտի օրերին շատ¬շատերի նման զենք է վերցրել` վտանգված հայրենիքը պաշտպանելու: 1990 թվական: Սեպտեմբեր: Կազմավորվեց հատուկ գունդ, որի հինգերորդ վաշտն Արագածոտնի մարզինն էր: Այնտեղ համախմբված էին Աշտարակի և հարակից գյուղերի հայրենասեր տղաները, կամավորներ, որոնց միակ երազանքը ազատ, անկախ ու միասնական հայրենիք ունենալն Էր: Կամավոր էր նաև Ֆեդյան` Ֆեդյա Վազգենի Ավագյանը: Պատերազմի բոթը լսելուն պես` նա թողեց տունը, նորաստեղծ ընտանիքն ու գնաց հայրենիքը պաշտպանելու: - Խնդրում էի, աղաչում, որ չգնա: Երկու փոքր երեխա ունեի, երրորդը շուտով ծնվելու էր, ինչ կլիներ նրանց հետ, եթե հանկարծ..., հիշում եմ, սկեսուրս լուռ արտասվում էր,- պատմում է ազատամարտիկի կինը` Հասմիկը: Նրանք իմ սրտում են, իմ հուշերի մատյանում Պատերազմի ողջ ընթացքում Ֆեդյայի կողքին, ուս-ուսի տված մարտնչում էին ընկերները` Ալին, Կարոն, Սմբատը, Աշոտը և այլք: Նրանցից շատերը նահատակվեցին: - Կռվում էինք` մեր ընկերների կորստի ցավը մեր սրտում, ու մեզանից ոչ ոք չէր մտածում, որ անհավասար պայքարի հաջորդ զոհն ինքն է լինելու,-պատմում է ազատամարտիկը: Ալին Ֆեդյայի մանկության ընկերն էր, հետո դարձավ մարտական ընկեր. միասին անցան պատերազմական սարսուռի, թոհ ու բոհի միջով: Կարոն վաշտի ամենատարիքովն էր: Բնավորությամբ հանգիստ էր ու լռակյաց: Բայց թշնամու դեմ նա կատաղի առյուծ էր դառնում: Կռվի դաշտ գնալուց նա իր հետ վերցնում էր սպասք, առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներ` թել, տարբեր չափի ասեղներ և այլն: Ֆեդյան դեռ պահում է ընկերոջից հիշատակ մնացած ափսեն: Կարոն նահատակվեց Լաչինում, կենաց-մահու պայքարի ժամանակ: - Նրանք բոլորն իմ սրտում են, իմ հուշերի մատյանում: Ես կարոտում եմ նրանց: Նրանք հերոսներ էին,- ասում է Ֆեդյան: Երեխաներս չորբացան... Աստված խնայեց ինձ 1991 թ. սեպտեմբերի 16-ն էր: Հատուկ գնդի տղաները պաշտպանում էին Շահումյանի դիրքերը: Հանգստի պահին թուրքերն անակնկալի բերեցին: Ֆեդյան, որ այդ պահին նստած էր գետնափորում, կրակոցի ձայները լսելուն պես վազեց դեպի ընկերները: Թշնամու ականը պայթեց ոտքի տակ. - Ուշքի եկա Գորիսի հիվանդանոցում: Վիրավոր էի երեք տեղից` ոտքից, թևից, կրծքից: Տեղափոխեցին Երևան: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կարճ ժամանակով գնացի տուն: Իջա մեքենայից ու մեր հարևան Համբարձումը ոտքերիս առաջ երկու ոչխար զոհաբերեց. «Աստծուն մատաղ ենք խոստացել»,¬ ասաց նա: Մորս արցունքը աչքիս առաջ Է - Ամեն անգամ, երբ կռվի դաշտից տուն էի վերադառնում, մայրս արտասվում էր: Դա և´ ուրախության, և´ տխրության արցունք էր: Մի անգամ կնոջս հարցրեցի, թե ինչու է մայրս ճանապարհելուց ժպտում, վերադառնալուց` արտասվում: «Միշտ էլ լացում է, ուղղակի այնպես, որ դու չտեսնես»,- ասաց կինս: Հիշում եմ, ամեն անգամ իմ հետևից ջուր էր ցանում, ասում էր` բարի վերադարձի նշան է: Հայրս ընդհակառակը, հպարտանում ու քաջալերում էր ինձ, բայց ես տեսում էի, որ սպասումը, որդուն կորցնելու վտանգը կամաց-կամաց մաշում էր նրան: Ամեն անգամ նա ինձ ավելի նիհար ու ջլատված էր թվում: 1993 թվականի ամանորը դիմավորեցինք ռազմի դաշտում: Տուն վերադարձա հունվարի 8-ին: Հայրս հիվանդ էր: Խնդրեց, որ մի քանի օր մնամ տանը, խնամեմ իրեն: Մնացի, բայց օրեր անց ստիպված էի նորից գնալ: Հաջորդ հերթափոխը փետրվարի մեկին էր: Ընդամենը մի քանի օր հասցրեցի խնամել հորս: Նա հոգին ավանդեց իմ ձեռքերի վրա: Չդիմացավ…,- վերհիշում է Ֆ. Ավագյանը: Միշտ հիշում եմ - Գյուլիստանում էինք: Մեքենայով անցնում էինք գյուղամիջով: Մի կին ձեռքերը վեր պարզած անիծում էր: Մեքենան կանգնեցրինք, իջանք: Երբ հայերեն հարցրեցինք, թե ինչու է անիծում, վերջինս շփոթահար պատասխանեց. «Վայ բալես, կներես, ես իմացա թուրքի շներն են»: Յանշակ գյուղում, որտեղ շատ էին բերքատու ծառերը, զինվորները միրգ էին հավաքում ու պահեստավորում ձմռան համար: Աչքի ընկնող զինվորներից երեքը գաղտնի օղի էին թորել ու չէին խոստովանում: Հետո, երբ հայտնաբերեցինք նրանց գողոնը, երեքին էլ կանգնեցրի ու ամբողջ օղին լցրեցի, որ լվանան ձեռքերը: Հիսունական գրամ էլ բաժանեցի զինվորներին: Մեր վաղվա օրը Հայոց բանակն է Աստված մի արասցե, եթե հանկարծ նորից հայտնվենք նույն վտանգի առաջ, համոզված եմ, որ էլի նույն տղաներն են զենք վերցնելու և պաշտպանելու հայրենիքը: Բայց այս անգամ նրանց կողքին կլինի Հայկական բանակը. մի ուժ, որի մասին առաջ երազել անգամ չէինք կարող: Հիմա կարող եմ ասել, որ իմ և մեր տղաներից յուրաքանչյուրի երազանքն իրականացավ, քանզի մենք ունենք միասնական ու պաշտպանված հայրենիք,¬ հավաստում է ազատամարտիկ Ֆեդյան: Սիրանուշ ՊՈԴՈՍՅԱՆ