ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ Խոստացել էր, բայց... չվերադարձավ
- Սիրո մասին բոլորն են խոսում, բայց մարտական ընկերության սերը բոլորը տեսնում են Իր բարեմիտ խոսք-զրույցներում երբեմն այսպես էր սիրում ասել Սամսոն ԿՅՈՒՐԵՂՅԱՆ հայը, երբ խելահեղ մարտերից հետո ընկեր տղերքով հավաքվում էին խարույկի շուրջ: Երվանդ և Հայկանդուխտ Կյուրեղյանների որդի Սամսոնը սովորել է էլեկտրոմեխանիկական տեխնիկումում, աշխատել «Նաիրիտում»` որպես ինժեներ: 1982-ին ամուսնացել է Ալետայի հետ: Նորակազմ ընտանիքը դժվարություններն անտրտունջ հաղթահարել գիտեր: Կյանքն ավելի իմաստավորվեց Գագիկ ու Անուշիկ զավակների ծնվելուց հետո: Բայց... -Հենց Շարժումն սկսվեց, ամեն ինչ մոռացավ: Կարելի է ասել` հանուն ընտանիքի գնաց. մեզ էլ էր ստիպում գնալ հանրահավաքների: Մի օր էլ Գառնիում հանդիպում է մի քանի անծանոթ ազատամարտիկների, ընկերանում է ու միանում նրանց: Անսպասելի էր, երբ զինվորականի համազգեստով ու զենքով տուն եկավ: Եկավ, զենքը դրեց մի անկյունում ու ասաց` ցանկությունս իրականացավ... Անջրպետվեցին երազն ու իրականությունը. կինը հասկացավ, որ ամեն ինչ լուրջ է, իսկ Սամսոնը երբեք մտադրությունից ետ չէր կանգնել: Սամսոնի սիրտն անհանգիստ էր ավերակված հայրենիքի խարխուլ ճակատագրի համար: 1990թ. ծառայության անցնելով ՄՀՆՋ-ի կազմում որպես զրահամեքենայի ավագ` մասնակցել էր Հայաստանի սահմանների և Արցախի պաշտպանական մարտական գործողություններին: - Այդ ժամանակ երեխաներս փոքր էին: Հարևանները միշտ հիշում են, թե Սամսոնն ինչպես էր մեկնում մարտական առաջադրանքների: Միշտ որևէ առաջադրանքի մեկնելիս հավաստիացնում էր, որ ամեն ինչ լավ է ու անվտանգ, անգամ մեզ համար նվերներ էր բերում` տպավորություն ստեղծելով, թե մարտադաշտից չի գալիս, և պատերազմն այդքան էլ սարսափելի չէ: Բայց վերջին անգամ երբ եկավ, անճանաչելի էր դարձել, ցավով էր խոսում: Իմացանք, որ մերոնցից գերի են ընկել, ցույց տվեց փոքրիկիս ու ասաց. - Էսպիսի էրեխեքը գերի ընկան, չկարողացանք փրկել, ի՞նչ եք նստել էստեղ… - Ապշել էինք: Վրդովված էր, ինքն էլ չգիտեր` ում դեմ. շատ էր տանջվում: Այնքան նվիրված էր իր հողին ու այնքան անհանգիստ էր երկրի ճակատագրով, որ իր բարեկամներն էլ իրեն հետևելով դարձել էին ազգային ազատագրական շարժման նվիրյալներ: Այդ օրերին Արցախում զոհվել էր նրա ազգականը: Ծանր էր Սամսոնի համար: Այն Սամսոնը, որ երբեք ոչինչ չէր ասում, վրեժխնդրությամբ լցված` ինքնամոռաց պատմում էր պատերազմի սահմռկեցուցիչ դեպքերից: Քարացել էինք: Նկարագրեց թշնամու վայրագ արարքները, ցասումով պատմեց, թե ինչպես էին անարգել հայ կանանց ու աղջիկներին... Հունվարյան ցուրտ օրերն էին: Ամեն անգամ Սամսոնի վերադարձն ուրախություն էր պարգևում շենքի բնակիչներին. չէ՞ որ նա բոլորի զավակն էր: Նա ամենքի հետ սիրում էր զրուցել ու վստահեցնել, որ հանգիստ լինեն, շուտով ամեն ինչ լավ կլինի… Ցավոք, մարտական գործողություններից մեկի ժամանակ ծանր վիրավորվել էր ընկերը` Աշոտը: Հարազատների համար անճանաչելի էր դարձել, շատ էր ընկճվել: Ընկերը միայն Սամսոնի ձեռքով էր հաց կերել: Փետրվարի 14-ին, սակայն, ստացած վերքերից մահացել էր Աշոտը: Այլևս չհամբերեց, չգիտեր` տանեցիներին ինչպես համոզեր ու կրկին մեկներ: Ընկերոջ մահից երկու օր անց մեկնեց` վստահեցնելով, որ անելիքներ կան և խոստացավ մի քանի օրից վերադառնալ: - Մինչև մարտի 16-ը Երևանի մեր տանը սպասում էի Սամսոնի վերադարձին: Գիտեի, որ գալու է: Բարկացած էի, որ մի ամիս շարունակ ընտանիքի մասին չմտածեց և խոստումն էլ չպահեց: Հենց այդ օրը փակեցի դուռն ու մեկնեցի Գառնի` սկեսուր-սկեսրայրիս տուն: Բայց չէի հասկանում անսովոր անհանգստությանս պատճառը. սկեսուրիս հետ անընդհատ Սամսոնից էինք խոսում: Հանկարծ ասացի, թե էս ի՞նչ կյանք է, դու էլ կասես` տղա՞ ես ունեցել: Սկեսուրս պատասխանեց, թե` - Ոչինչ, էս մեկն էլ թող երկրի համար լինի... - Հանկարծ բակում խառնաշփոթ տիրեց, մարդիկ էին հավաքվել: Ամուսնուս եղբայր Անդրանիկը շփոթված ներս մտավ և... Անդրանիկն արդեն իմացել էր եղբոր մահվան մասին և փորձել էր Հայկանդուխտ մայրիկից ու եղբոր կնոջից թաքցնել: Զոհվել էր Սամսոնը… Դիրքերում սկզբում իբրև թե ամեն ինչ նորմալ էր եղել, բայց երբ խառնաշփոթ էր սկսվել, Սամսոնը կրկին շտապել էր դիրքապահներին օգնության: Մեկնելիս ընկերներին ասել էր` սպասեն իրեն, շուտով կլռեցնի թշնամուն, կվերադառնա, միասին մի կտոր հաց կուտեն: Ու մինչ ընկերները կսպասեին Սամսոնին, մարտական թեժ գործողության պահին լռել էր Սամսոնի հրազենի ձայնը: Ընկերները շտապել էին օգնության ու տեսել, որ թշնամու գնդակից խոցված` Սամսոնն ընկել էր ձորը: Հակառակորդի վրա կրակ բացելով` մի կերպ հանել էին Սամսոնի դին: 1990-1994 թթ. Սամսոն Կյուրեղյանը մասնակցել էր Գորիսի, Մեղրու, Նոյեմբերյանի, Լաչինի, Քարվաճառի մարտական գործողություններին: Ցավոք, 1994 թ. մարտի 16-ին` Օմարի լեռնանցքում տարվող մարտական գործողության հերթական հակահարձակման ժամանակ, թշնամին չվրիպեց: - Բոլորն ապշել էին` մի՞թե Սամսոնը զոհվել էր, անհավատալի էր: Իսկ ես անհամբեր սպասում էի ու հավատում, որ վերադառնալու է. մենք դեռ միասին անելիքներ ունեինք: Վիշտս ծանր էր, զավակներիս մխիթարելու ուժ էր պետք: Ողջ Գառնին ու մեր շենքի բնակիչները ողբում էին. շատ էին սիրում Սամսոնին: Նա նաև մարտադաշտում է հոգատար եղել մարտընկերոջ հանդեպ. խնայել է ընկերոջ կյանքը` ինքն է առաջ ընկել: Վերջին անգամ մեկնելիս` շենքի մարդկանց ցտեսություն էր ասել: Ոչ մի անգամ նա հրաժեշտ չէր տվել: Զարմանալի է չէ՞... Սամսոնի զոհվելուց մեկ տարի անց շենքի բակում բնակիչների կողմից կառուցվեց ցայտաղբյուր: Իսկ 2010-ին Քարվաճառի միջնակարգ դպրոցի բակում վեր խոյացավ Քաջի անունը կրող խաչքար: Ամեն տարի դպրոցի սաները նրա հիշատակը հավերժացնող խոսքեր կձոնեն ու կփառաբանեն Հայոց քաջերին: