«ՏԻԿՈ, ՓԼԱՎՆ ԻՆՉՈ՞Վ ԵՓԵՄ»...
Այսօր Տիգրան Լևոնյանի (Խանդիկյան) ծննդյան օրն է: Եթե ապրեր` կդառնար 75 տարեկան: Գուցե հոբելյանական երեկո լիներ, նա նստեր բեմում դրված գահավորակին և ընդուներ շնորհավորանքներ: Չնայած հոբելյանական հանդեսներ չէր սիրում, չէր սիրում, երբ իր անձի առթիվ հանդիսություններ էին կազմակերպվում, մեծարանքի խոսքեր հնչում: Արվեստագետը միշտ էլ գնահատության կարիք ունի, միշտ էլ ցանկանում է, որ արժևորվի իր ստեղծագործությունը: Այդ ամենին կողմ լինելով` Տիգրան Լևոնյանը դեմ էր մեծարանքին ու հանդիսավորությանը: Այդ պատճառով էլ նա իր ծննդյան տոները նշում էր ընտանեկան մթնոլորտում, հարազատների ու բարեկամների միջավայրում: Զարմանալի զուգադիպությամբ` Տիգրան Լևոնյանի և կնոջ` աշխարհահռչակ Գոհար Գասպարյանի ծննդյան օրը մեկն էր` դեկտեմբերի 14-ը, ու երկուսով էլ այդ օրն ընդունում էին շնորհավորանքներ: Մեծանուն երգչուհու և ազգային օպերային ռեժիսուրայի խոշորագույն դեմքի կյանքը մի մեծ ու ինքնատիպ պայքար էր, նվիրում էր, կռիվ էր, որը նա մղում էր իր ստեղծագործական կյանքի առաջին օրերից` միագումարելով նաև իր երջանկության համար մղվող պայքարը: 1946 թ. ծնողների հետ Տիգրան Լևոնյանը հայրենադարձվել էր Բեյրութից: Նա միշտ խանդաղատանքով էր հիշում ուսուցիչներին, որոնց մեջ` մշտամռայլ Լևոն Շանթին, ում խոժոռ հայացքից վախենում էին, սակայն անսահման սիրում էին, որովհետև հայ գրականության ապրող դասականը զարմանալի մի մայրենի էր սովորեցնում` ոսկեղենիկ, հրաշալի… Երևանում Տիգրանն ավարտեց միջնակարգն ու ընդունվեց Գեղարվեստաթատերական ինստիտուտ: Դեռ ուսանողական տարիներից կապվեց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի հետ, աշխատեց երգչախմբում: Այստեղ էլ հանդիպեցին աշխարհահռչակ Գոհար Գասպարյանն ու նրանից տասնչորս տարով փոքր սկսնակ երգիչը: Դա սոսկ հանդիպում չէր, այլ` մեծ ու անսահման սեր: Մոսկվայում ընթանում էին հայ գրականության ու արվեստի օրերը, 34-ամյա Գոհար Գասպարյանն արժանացել էր երկրի բարձրագույն` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Նրանք հենց Մոսկվայում վավերացնում են իրենց ամուսնությունը: Հայ հասարակությունը սրերով ընդունեց ամուսիններին, մեղադրեց ավանդական պատկերացումների դեմ ելնելու մեջ… Երևանում Խանդիկյանների ընտանիքը փակեց դռներն իր զավակի առջև, ու նորապսակները ստիպված էին ապրել հյուրանոցում: Տեղեկանալով կատարվածի մասին` ԽՍՀՄ ակադեմիական Մեծ թատրոնի տնօրինությունը Գոհար Գասպարյանին առաջարկեց անմիջապես թողնել Երևանն ու ամուսնու հետ տեղափոխվել Մոսկվա: Սակայն հայտնվեցին խոհեմ մարդիկ, երկրի ղեկավարներ, ովքեր Գոհար Գասպարյանին և Տիգրան Լևոնյանին խնդրեցին չհեռանալ Հայաստանից: Չհեռացան: 1958 թ. Տիգրան Լևոնյանն ավարտեց Թատերական ինստիտուտն ու համալրեց օպերային երգիչների շարքերը: Սակայն նա դեռ իրեն երգիչ չէր համարում, չնայած կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Գասպարյանը աշխատում էր իր ուշիմ սանի հետ: Տեսնելով Լևոնյանի երգչական ունակությունները` նրան գործուղեցին նշանավոր «Լա Սկալա» թատրոն, որտեղից Երևան վերադառնալով` ստանձնեց առաջատար դերերգեր հարազատ թատրոնում: Նա տենոր էր, սակայն կատարում էր նաև բարիտոնի դերերգեր, որովհետև ձայնածավալն այդ հնարավո րությունը տալիս էր: 1977-ին նշանակվեց օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բեմադրիչ, իսկ 1991-1999 թվականներին թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: Տասներկու օպերա է բեմադրել Տիգրան Լևոնյանը, սակայն չի բավարարվել միայն օպերային բեմադրություններով. բեմադրել է նաև «Արշակ Երկրորդ» և «Ալմաստ» ֆիլմ-օպե րաները, նրա սցենարով է նկարահանվել «Օտար խաղեր» ֆիլմը, ինքն էլ նկարահանվել է «Կարինե», «Հարսնացուն Ջերմուկից», «Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմերում: Իր ողջ էությամբ նա արվեստի մարդ էր, ճշմարիտ վերածննդյան անհատականություն, ով գրական գործեր էր ստեղծում, բեմադրություններ անում, ֆիլմեր նկարահանում և խաղում կինոյում, դասավանդում Պետական կոնսերվատորիայում: 1999-ից արշավանք սկսվեց Տիգրան Լևոնյանի դեմ, նրան հեռացրեցին գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, որովհետև հանդգնել էր հակառակվել մի շարք պաշտոնյաների կարծիքին: Վիրավորված ու խռոված` նա և Գոհար Գասպարյանը դիմեցին երկրի նախագահին, ով, սակայն արհամարհեց հռչակավոր արվեստագետներին: Եվ այդպես էլ փակ մնացին թատրոնի դռները Լևոնյանի առջև: Նա հիվանդացավ քաղցկեղով և 2004 թվականին կնքեց իր մահկանացուն… Տիգրան Լևոնյանը բազմաթիվ համով-հոտով պատմությունների հեղինակ էր, նա մեծագույն հաճույքով էր պատմում հատկապես Գոհար Գասպարյանի մասին, ներկայացնում աշխարհահռչակ երգչուհու «արկածները»: Օրինակ, մի անգամ ինքը կինոստուդիայում խիստ զբաղված է եղել` Մոսկվայից եկած բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քարտուղարու հին մի քանի անգամ մտել է սենյակ և նրա ականջին շշնջացել. «Ձեզ շտապ հեռախոսի մոտ է կանչում Գոհար Գասպարյանը»: Լևոնյանը խնդրել է տիկին Գոհարին հաղորդել, որ ինքը շատ զբաղված է, սակայն շուտով նորից է եկել քարտուղարուհին և հայտնել, որ կինը շատ անհետաձգելի և արտառոց գործ ունի: Լևոնյանը տագնապով դուրս է եկել սենյակից, վազքով գնացել դեպի հեռախոսը, զանգահարել. - Գոհար, ի՞նչ է պատահել,- չափազանց անհանգիստ` հարցրել է նա: Լսվել է երգչուհու հանգիստ ձայնը. - Տիկո´, փլավն ինչո՞վ եփեմ…