ԻՄ ԵՐԳԻ ԱԿՈՒՆՔԸ ԼՈՌԻՆ Է


Ստեփան Դալլաքյանը Լոռիում ապրող ու ստեղծագործող ժողովրդական և աշուղական երգերի միակ կատարողն է, ով արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Վանաձորի ազգագրական երգի-պարի «Հորովել» անսամբլի հնաբնակներից է. արվեստագետ, ով երեսուն տարուց ավելի անսամբլում է և իր սիրելի հայրենակիցների հետ: - Ստեփան, քո ստեղծագործական կենսագրությունը սկսվել է 1970-ականների վերջերից: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ երիտասարդությունը մղվում էր դեպի էստրադային երգը: Ի՞նչը քեզ տարավ դեպի ժողովրդական և աշուղական երգը: - Ես ծնվել և մեծացել եմ Լոռվա ձորում: Գեղեցիկ է մեր բնությունը, ուղղակի անմահական: Մեր գյուղն էլ անտառների մեջ է` սարերին կպած, իր առավոտները սարերից առնող… Գյուղում նախնականությունն էր պահպանվել, ժողովրդական երգը ամեն մեկի շուրթերին էր: Ռադիոյով ու հեռուստատեսությամբ հաղորդվող ժողովրդական ու աշուղական երգերը բերնեբերան էին անցնում, բոլորիս համար դառնում սիրելի: Ես լսում էի նաև էստրադային երգեր, բայց կարծես դրանք սրտիս չէին կպչում, կարծես օտար էին ինձ համար: Իհարկե, իմ կյանքում մեծ դեր կատարեց գուսան Զաքարյանը` Լոռվա սոխակը` ինչպես մեծարում էին նրան: Ես կապվեցի նրան, սիրեցի նրա երգերը, նրա միջոցով ծանոթացա մեր մյուս աշուղների ստեղծագործություններին: - Ստացել ես երաժշտական կրթություն ու եկել «Հորովել» երգի-պարի անսամբլ: Ինչպե՞ս ընդունեցին քեզ այնտեղ: - Ասեմ, որ շատ լավ ընդունեցին: Ավագների կողմից խանդ չկար, որ իրենց կողքին հայտնվում էր երիտասարդ երգիչ: Իսկ անսամբլում շատ լավ ավագներ կային` Սուրեն Թորոսյան, Ազատ Ճուղուրյան, Ռոբերտ Մխիթարյան, Ամալյա Պողոսյան… Ի˜նչ երգիչներ էին, ի˜նչ հրաշալի մարդիկ: Անսամբլի գեղարվեստական ղեկավար Լևոն Սարգսյանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբայրը, լսեց ինձ, հավանեց ու անմիջապես էլ վստահեց հանդես գալ որպես մենակատար: Հանդիսատեսն ուրիշ էր, ուրիշ էին ժամանակները. ամեն ինչ այլ կերպ էր ընկալվում, փոքր-ինչ այլ էր մարդկանց վերաբերմունքը բեմ բարձրացողի հանդեպ: Շատ էր նաև ժողովրդական երգարվեստի սիրահարների թիվը: - Չե՞ս կարծում, որ այսօր հնացել է աշուղական երգը, գուցե նոր մոտեցումնե՞ր են հարկավոր, ավանդույթների վերանայո՞ւմ է անհրաժեշտ: - Համաձայն չեմ: Աշուղական երգի հմայքը նրա ավանդականությունը և նախնականությունն է: Ես անգամ դեմ եմ, երբ հանուն իբր նոր մեկնաբանությունների` այնպիսի գործիքավորումներ են կատարում, որ երգը կորցնում է իր մեղեդային առանձնահատկությունները: Նոր գործիքավորումները պետք է ծառայեն մեղեդու հարստացմանը: Այն, ինչ բխում է ժողովրդի հոգուց, հանդիսանում է նրա հոգու ու զգացմունքի արտահայտությունը` չի կարող հնանալ: Կարո՞ղ ենք ասել, թե Սայաթ-Նովայի, Ջիվանու կամ էլ Շերամի ստեղծագործութ յունները հնացել են: Իհարկե, ոչ: Գուցե հնացել են կատարողական սկզբունքները: Երբ լսեցի, թե ինչպես էր Սիրուշոն կատարում Շերամի «Շորորա» երգը` հիացմունք ապրեցի: Նա նորացրել էր կատարման ձևը` հավատարիմ մնալով մեղեդու շերամյան զգացմունքայնությանը, մելիզների մատուցման ձևերին: - Այսօր բոլորիս մտահոգությունն այն է, որ մեր մի շարք երգիչ-երգչուհիներ ազգային երգի անվան տակ արաբաթրքական մեղեդիներն են մատուցում որպես ազգային: Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս պետք է պայքարել այդ ամենի դեմ: - Պայքարի լավագույն միջոցը հայ երգի անաղարտ մատուցումն է: Իմ լավ ընկեր Թովմաս Պողոսյանը, ում հետ երգել ենք «Հորովելում», կարևոր աշխատանք է կատարում` քարոզելով ճշմարիտ երգը: Արդեն նկատելի է, որ ուրիշներն էլ են սկսել վերադառնալ ճշմարիտ ազգայինին: Պարզապես մեր հեռուստաընկերությունները շատ քիչ ժամանակ են տրամադրում աշուղական և ժողովրդական երգին: «Երգ երգոցը» մեծ գործ է անում, սակայն դեռ քիչ է: Ես մտադրվել եմ ստեղծել ժողովրդական և աշուղական երգի ֆիլհարմոնիա, հանդես գալ զրույց-դասախոսություններով` դրանք զուգորդելով կատարումներով: Մեծ լսարաններ պետք չեն. ամեն համերգին ներկա 100 ունկնդիրն արդեն հետագայում կձևավորի մեծ բազմություն… - Գիտեմ, որ սովորում ես Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի արվեստի կառավարման բաժնում, հեռակա ուսուցման խմբում: Արդյո՞ք ուշ չէ… - Գիտեմ, որ վաթսուն տարեկան մարդու համար նոր կրթություն ստանալը ոմանք համարում են քմահաճույք կամ նման մի բան… Չէ, ուշ չէ: Ես իսկապես շատ լուրջ ծրագրեր և անելիքներ ունեմ, որոնց համար անհրաժեշտ կլինի մասնագիտական կրթությունը: - Ի՞նչ կասես վանաձորցի արվեստասերների մասին: - Ընդունված է ասել, որ Գյումրին արվեստների և արհեստների քաղաք է: Հիմա աստիճանաբար պատկերը փոխվում է, Վանաձորը ևս դառնում է արվեստների քաղաք: Իսկ այդպիսին է դառնում, որովհետև շատ լավ ունկնդիր, արվեստասերների հոծ բազմություն ունի: Կարևորն այն է, որ մեր արվեստասերների մոտ պրոֆեսիոնալ վերաբերմունք է ձևավորվում: - Որպես մեր զրույցի ավարտ` ի՞նչ կասես մեր ընթերցողին: - Պետք է սիրել ազգայինը, ժողովրդականը: Արմատներից կտրված ժողովուրդը դատապարտված է կործանման: Ուրախ եմ, որ «Ավանգարդ» թերթին հյուրընկալվեցի: Պատիվ եմ համարում այս թերթի էջերում հանդես գալը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ