1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ
Ինչպես դեղարտադրության ոլորտի ներկայացուցիչներն են հավաստիացնում` մեր երկիրն արդեն ոչ միայն տարիներ շարունակ դեղեր է արտադրում, այլ նաև նախատեսում է առաջիկա տարիներին բազմապատկել արտադրանքի ծավալները: Պարզվում է նաև, որ տեղական դեղերի կեսից ավելին արտահանվում է, և վրացական ու ռուսական շուկաներում նույնիսկ որոշակի պահանջարկ է վայելում: Այս իրողությունն առաջին հայացքից տարօրինակ է թվում, քանզի վաղուց հայտնի է, որ դեղերի շուկան իրար մեջ են բաժանել մի քանի ներկրող ընկերություններ, իսկ մեր դեղատներում վաճառվող բուժամիջոցների պիտակներին ցանկացած երկրի անուն կարելի է կարդալ: Իսկ թե ի վերջո ի՞նչ է արտահանվում մեր հանրապետությունից` այդպես էլ չի կոնկրետացվում: Եվ այս դեպքում պատճառը բոլորովին էլ այն չէ, որ ներկրող¬արտադրողները խուսափում են ամեն առիթով իրենց արտադրանքը գովազդելուց: Պարզապես ստացվել է այնպես, որ մեր հնարավորությունները ներում են միայն ամենաէժանագին բուժամիջոցների արտադրություն կազմակերպելու համար: Ընտրված շուկաներն էլ սոսկ աշխարհագրական հեռավորության նպատակահարմարությամբ չեն պայմանավորված: Իրողությունն այն է, որ դիցուք, զարգացած եվրոպական երկրներում հայկական դեղերը մրցունակ չեն և չեն կարող գոհացնել բծախնդիր և խստապահանջ եվրոպացի սպառողներին... Հեռանկարում նախատեսվում է գործակցության փորձեր ձեռնարկել Միջին Արևելքի որոշ երկրների շուկաներում: Այսինքն, հայկական բուժամիջոցները կարող են տեղ գտնել միայն ոչ այնքան հարուստ երկրներում: