ՆԵՐՈՒԺՆ ԱՌԿԱ Է, ՄԻՆՉԴԵՌ...…


Հայաստանում դեղորայքի արտադրության տարեկան ծավալները կազմում են 8 միլիոն դոլար: Սա, իհարկե, կարող էր ուրախացնող համարվել տասը տարի առաջ, երբ մեզանում նոր էր ստեղծվում այս ոլորտը, և կյանքի էին կոչվում առաջին դեղագործական ձեռնարկությունները: Սակայն այսօր արդեն այդ թիվը չափազանց ծիծաղելի է, որովհետև այն որևէ աղերս չունի իրականության հետ ու մեկ անգամ ևս փաստում է, որ այս ոլորտում անչափ շատ են չարաշահումներն ու ստվերային շրջանառությունը: Ամենապարզ հաշվարկներն անգամ ցույց են տալիս, որ դեղագործությունը մոնոպոլացրած մի քանի անձինք մոտ 90 միլիոն դոլարի եկամուտ թաքցնում են, սպառումն իրականացնում առողջապահական որոշ կառույցների հետ` ձևավորելով դեղագործական մաֆիան: Իսկ մաֆիայի գոյությունն արդեն անհերքելի է. բազմաթիվ փաստեր կան, որ դեղանյութեր արտադրող ձեռնարկություններն անմիջական կապեր ունեն որոշ հիվանդանոցների ու դեղատների հետ: Եվ արտադրանքը չձևակերպելով, ստվերին զարկ տալով` պետությանը զրկում են հսկայական բյուջետային մուտքերից: Քիչ չեն նաև դեպքերը, երբ հարկային ու մաքսային վերահսկողությունից ազատվելով` դեղ արտադրող ընկերությունները արտահանում են չձևակերպված արտադրանք: Առողջապահական կազմակերպություններն էլ դեղ արտադրող ընկերությունների հետ գաղտնի պայմանավորվածությամբ հիվանդանոցներում և բազմաբուժարաններում դրանք վաճառում (երբեմն էլ կրկնավաճառում են) կրկնակի-եռակի թանկ գներով: - Վերջերս բավական լայնածավալ ուսումնասիրություններ են իրականացվել դեղերի շուկայում: Մի քանի խոշոր ընկերությունների արդեն ճանաչել ենք որպես գերիշխող դիրք ունեցողներ,- տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահը: Սակայն պարզապես արձանագրելով փաստը` անհնար է հասնել արդյունքների, պայքար ծավալել մաֆիայի դեմ: Գործնական քայլեր են պետք, ինչը չի արվում: Ուրեմն դա ձեռնտու չէ ոմանց, ուրեմն` կան շահագրգիռ ուժեր, որոնք խրախուսում են դեղերի ապօրինի շրջանառությունն ու հարստանում` հենց նույն ժամանակ աղքատացնելով մեր բնակչությանը, որը ստիպված է լինում հատկապես հիվանդանոցներից ձեռք բերել թանկարժեք դեղեր: Գրեթե նույն վիճակն է նաև դեղերի ներկրման շուկայում: Բազմաբուժարաններից շատերն այսօր հրաժարվում են շաքարախտով տառապող անձանց տրամադրել անվճար դիաբետոն և ինսուլին դեղամիջոցները` պատճառաբանելով, թե դրանք չկան, թե Առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցներ չի տրամադրում դրանց ձեռքբերման համար: Մինչդեռ մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ բազմաբուժարաններից շատերը հանցավոր կապեր ստեղծելով դեղատների հետ` համապատասխան դեղամիջոց ները հատկացնում են վաճառքի` հարկադրելով հիվանդներին գնել թանկ դեղեր: Այս վիճակը շատ ավելի գերիշխող է Շիրակի մարզում, որտեղ մի շարք բազմաբուժարաններ տևական ժամանակ չեն հատկացնում նշյալ դեղերը, կամ էլ առաջարկում են սակավ արդյունավետ և էժանագին փոխարինիչներ: Ուրախալի է այն փաստը, որ Հանրապետական կուսակցությունն այսօր արդեն իր առաջնային տնտեսական խնդիրներից մեկն էլ համարում է դեղերի շուկայում կարգուկանոնի հաստատումն ու դեղագործությունը գերակա ճյուղերից մեկը հռչակելը: Ողջունելի նախաձեռնությունը, սակայն, կարող է մնալ կես ճանապարհին, եթե արդյունավետ պայքարը չլինի:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ