ՏԵԼԵՄԱԿԻ ԿՏԱԿԸ


- Ըհը, Տելեմակ, եկանք, ի՞նչ է պատահել, ահազանգիդ մեջ տագնապ կար, հիվանդ հո չե՞ս: - Ճիշտ գուշակեցիք, տառապում եմ կտակս գրելու հիվանդությամբ, խնդրում եմ էս հարցում ինձ օգնեք: - Էլ դրանից հետո չե՞ս հիվանդանալու: Դեռ ապրելու տարիք ունես, իսկ ապրող մարդը հիվանդանում էլ է, լավանում էլ է: Եղբայր, դեռ գետը չհասած տկլորանո՞ւմ ես, չե՞ս ամաչում… - Տղերք ջան, էս գործը կատակ անել չի սիրում, կատակի տեղ չի, կտակի տեղ ա: Ինչքան կարաք` լրջացեք: Էնքան կատակ եք արել, մարդ ձեր կատակն ու լուրջը չի ջոկում, մեկը հենց ես: - Ճիշտն ասած քո առաջին իսկ խոսքից հասկացանք գործիդ կարևորությունը, բայց հիմա մեր անելիքը չենք գուշակում: - Սկսենք հեռվից` Ղրիմից: Էնտեղ մի գնչուհի բախտս նայեց` «88 տարի ես ապրելու»: Թարսի պես գրպանուս փող չկար, քիչ տվի` քիչ տվեց: Շատ ունենայի` մինչև 100 տարուն կհասցնեի: - Պարոն Տելո, ապրիր էլի, 88¬ս ո՞րն է: - Ցիգան, գնչուհու ասածին հավատալ կլինի՞: Բարդ է կյանքը. մարդն էսօր կա, էգուց չկա… Թեև ուշացումով, իր հոգսով տապակված, կարմրաթուշ Տելոն վեր ելավ տեղից, մեր թշերն իր ճաշակով պաչեց, մի քիչ էլ մեր որպիսությունից հարցրեց ու անցավ հույժ կարևոր թեմային: - Էս իմ գրիչները ձեզ, այսինքն` ինքնահոսները, իմացեք` մեջն ինչքան թանաք կա` պիտի գրենք: Ուրեմն Հորիզոն ու Գուրգեն ջան, իրար հետ մրցեք, ես էլ ձեր մրցավար-դատավորը կլինեմ: Տեսնեմ` ում գրածը քար կծակի, մրցանակ էլ կտամ: Դուք ձեր գրագիտությամբ չեք զիջում ինձ: Զգում եք, չէ՞, ինչքան խելոք վարվեցի` կանչեցի երկուսիդ. ասի` ընկերով գրենք, մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ, երրորդի մասին էլ չեմ ասում: Դե ձեր կենացը լինի: Էս բաժակով էլ ձեր օջախների` թոռներ¬ծոռների կենացը: - Ընկեր¬պարոն Տելեմակ, էս շեն տան թոռները, տնեցիք ո՞ւր են: - Մերոնց բոլորին ասել եմ` էսօր ազատ եք, գնացեք ձեզ համար զբաղվեք, էսօր մեծ գործի վրա եմ: Թող նրանք հասնեն իրենց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին: Մուրազս էլ էն ա` մի համեստ կտակ գրեմ, որ ինձ դարեդար հիշեն: Ես ու Հորիզոնը հայացքներ փոխանակեցինք` մեկս կգրի, մեկս կօգնի: Տելեմակը կոկորդը մի կարճ հազով մաքրեց, տեղում ձգվեց, իբր քիչ էր լուրջ, ավելի լրջացավ, խոր հոգոցի հետ մտքեր արտաբերեց. - Ես` Տելեմակ Սեթոյի Տելեմակյանս, ծնված 1941 թ. Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրը, Հայաստանի կենտրոնական գյուղերից մեկում, որը տեղահանեցին ու տեղը ջրով լցրին: Տղերք, իմ պաշտոնների մասին ոչ մի խոսք չգրեք, ձեր նման ես էլ ոչ մի պաշտոն¬մաշտոն չեմ սիրել: Ախպեր ջան, արևը կա, ջուրը կա, օդը կա, հողն էլ կա. վարի, ցանի, հնձի… կեր, էդ է կյանքը մեր: Հենց տառաճանաչ դարձա, հերս թե` «Տելո ջան, բոլ ա, ես քո տարիքին էդքան էլ չգիտեի»: Հետո կյանքում ավելի շատ բան իմացա, գլխովս շատ բաներ անցան, իսկ գլխիս միջով ավելի շատ: Ընենց որ, կարելի է ասել` ես կյանքի համալսարանը Կարմիր դիպլոմով եմ ավարտել: - Ներողություն, Տելո, կենսագրությո՞ւնդ ես պատմում, կտակում նշում են ժառանգներին հասանելիք բաժինը: Ասա` ո՞ւմ, ի՞նչ, ինչքա՞ն… - Հա, ոնց որ շատ հեռվացա, հիմա մոտ¬մոտ անեմ: Իմ թաղման համար ահագին փող է պետք, բայց չդժվարանաք: Մեծ տղես` Մուգուչը, թող իր հորեղբորը, ազիզ ախպորս` Թորոսին զանգի Ամերիկա, ասի` մի վատ լուր եմ ասելու… Բա չես ասի` քո մեծահարգո ախպերդ` Տելոն ևս է եղել: Որ իմանա ևս եմ եղել, ախպերս, ևս փող կուղարկի: Իսկ քեռուս տղան, որ Գերմանիայում է, մեծ գործարանատեր, փողի հաշվով մի քիչ լոպպազ, հենց իմանա Թորոսն ինչքան է ուղարկել, նա դրա կրկնապատիկը կուղարկի: Շատ է ձեռնբաց, է˜, ով իրեն դիմում, բերանը փակում, ձեռքերն է բացում… Առհասարակ փեսաներիս, թե´ քրերիս, թե´ աղջիկներիս մարդկանցը թաղմանս փողերը ցույց չտաք, թե չէ սեմուշկի պես կչրթեն` ոնց իրենց անդաստիարակ լակոտ-լուկուտները: Էդ թանկ փողերը հարկավոր է բանկը դնել, որ իմ ընկեր Սամսոնը Գյուղնախարարության միջոցով մի պզտիկ տուն¬թանգարան հիմնի տանս կողքին: Խնդրում եմ հոգեհացս կազմակերպեք չափավոր, իմ օջախում, ոչ թե պատահական մի ռեստորանում, որտեղից երգելով, քեֆները տնգոզ տուն գնան: Իմ հետևից լաց ու կոծ չդնել: Մեկ է, ինչքան էլ ողբան, մազեր փիտեն, ես էլ հետ եկողը չեմ… Էս լավ ու վատ աշխարհում իմ գործն արել եմ, թող դրանով բավարարվեն: Երանի ամեն մարդ էդքանն անի: - Տելո ջան, այստեղ քո չափավորության հետ համաձայն եմ,¬ միջամտեց Հորիզոնը:¬ Մեր գյուղում` Նորագավիթում, մահամերձը կից սենյակում պառկած լսում էր, թե ինչպես են հարազատներն իր թաղման ծախսերը հաշվառում` հաց, միս, կանաչի, միրգ, թխվածք, օղի, խավիար, ձուկ… Ստացվում էր մեծ թիվ, մահամերձը նվաղ ձայնով մրմնջում է. - Բալեք ջան, էրեխեքի բերնից մի կտրեք, ի՞նչ կարիք կա էդքան ծախս… - Ադե ջան, դու սուս, քեզ չվերաբերող գործերին մի խառնվիր… - Չէ, ես ինձ վերաբերող հարցերից պիտի խոսեմ,¬ ծխախոտի ծուխը ախորժակով ներս քաշելով ասաց Տելոն:¬ Դե շարունակենք. գրի, Գուրգեն ջան, որ մարմինս կտակում եմ թաղել մեր գյուղի գերեզմանոցի էն բարձր տեղում, որ հետո անունը դնեն Տելոյի բարձր բլուր: - Դա մարմինդ, իսկ սիրտդ որտե՞ղ կուզեիր թաղեն: - Ոչ մի տեղ, իմ սիրտն ուզում է հենց իմ սիրելի գյուղում թաղվի: Այ լավ հիշեցրեիք. սիրտս չէ, բայց թույլ եմ տալիս` աջ ոտս կնոջս գյուղում թաղեն: Է˜, էդ գյուղում ջահել ժամանակս շատ եմ ոտ մաշել… Ես գրիչը վայր դրեցի, որ հարցնեմ. - Պարոն Տելո, էդ մի ոտքո՞վ էիր կնոջդ գյուղում ֆռֆռում: - Տղերք ջան, մի ոտս նրանց գյուղին հերիք է, բա ինձ, իմ գերեզմանում մի ոտ էլա չմնա՞… Հիմա էլ եկեք միասին ջրի հարցը լուծենք: Գերեզմանաքարիս կողքին թող մի ցայտաղբյուր լինի, որ ամեն խմող ասի` ա´խ, Տելո¬Տելո, բա դու մեռնող ապրա՞նք էիր… Դե որ մեռար` կյանքդ ջրի նման երկարի: Մի լացող ուռենի էլ ախպրի կողքին կտնկեք, որ միայն նրա մաքուր ջրով սնվի: - Քիչ առաջ ասում էիր` գերեզմանիս թող լացող չլինի, հիմի ուռենուն ես լացացնո՞ւմ: - Թող մարդը լաց չլինի, թող բնությունը լաց լինի, թե ինձ նման բնատուր զավակ է կորցրել: Չմոռանան` հենց ախպրի մոտից մինչև գյուղի ծերը մի կանաչ ծառուղի գցեն: Դրա շրջակայքում էլ թող խոտ ու առվույտ ցանեն, որ կովերը, ոչխարները, էծերը անուշ¬անուշ արածեն, օրհնեն իմ ծնունդը, որ իրենց համար գիրք եմ գրել, թե անասունը ոնց արածի, քանի ժամ որոճա, որ կաթն ու յուղայնությունը շատանա: Ախպերներ ջան, իմ գործն ավելի դժվար ա, քանց ձերը: Դուք մարդկանց թերությունների մասին եք գրում, ես էլ անասուններին եմ գովաբանում: Գրքույկս հեչ էլ վատ չընդունվեց մեր անասնապահ երկրի կողմից: Ես գիրք եմ գրել անասունների մասին, դուք էլ մի գիրք գրեք իմ մասին` ինձ պես կանմահանաք: Այնպես որ, ես մեռած վիճակում էլ կարող եմ շատերին օգտակար լինել, ախպերս, էդքան էլ մեռած չենք: Մահախոսականս, տղերք ջան, դժվար թե ձեզնից լավ գրող լինի: Իմ կարծիքով դուք դա հաճույքով ու ոգևորված կանեք: Ամբողջ արխիվս ձեզ եմ վստահում` հորով¬մորով կանեք. բազմացրած մի-մի օրինակ կհանձնեք տուն¬թանգարանիս: Որ մի քիչ էլ դես ու դեն խոսեք մեր գյուղի անանուն¬անտեր դպրոցի մասին, որ մինչև հիմա անուն չունի` իսկույն իմ անունով կդնեն: Վայ ձեր ցավը տանեմ, բա արձա˜նս: Ընկանք խոսքով, մի հատ չասիք` մեծ արձանիդ հարցը մնաց: - Ճիշտ որ, մեծ էշը ախոռում էր մնացել,¬ փռթկաց Հորիզոնը: - Բայց հիշեցնեմ, տղերք, էն գլխից զգուշացրի` ծաղր ու ծիծաղը մի կողմ, կտակ գրելը կատակ բան չի: - Սիրելի Տելեմակ, բա էսքան լուրջ գործի մեջ մի անգամ չժպտա՞նք… - Մտքիս թելը մի կտրեք, բայց էդ թելը կտրվող չի, հաստ պարան է: Ասելս էն ա, որ հնարավորության չափ արձանս մեծ ու սիրուն լինի` պատվիս, անունիս արժանի: Շատ չէ, մի երկու բառ էլ փորագրվի գրանիտե քարին` «Աստ հանգչի մեր ժամանակի հերոսը, մեր կողքին, մեր հետ ապրող ու շնչող, շունչ տվող, մտքի, ջանասիրության մարմնացումը»: Տղերք, ձեր ցավը տանեմ, չմոռանաք, որ գրող եմ, էդ բառը կուլ տվինք, գրել կտաք` գրող Այսինչ Այսինչի Այսինչյանը: Կտակ¬պատվիրանս պարտադրում եմ կատարել սրբորեն, կետ առ կետ, առանց ձգձգումների, որ ուխտատեղի դառնա, որ օրհնվեք: Չլինեմ¬չիմանամ պատվիրաններս մոռացութ յան մատնվեն, թե չէ ոչ Աստծուն դուր կգա, ոչ էլ ինձ` Տելեմակիս: Ես ինչքան բարի եմ, նույնքան էլ չար, ձեր չարը տանեմ: Հիմա գրածի վերջին էջը տվեք, որ վերջակետը դնեմ` ստորագրեմ: Տելեմակը իր ձեռքով միայն մի տող գրեց` «Սույն կտակը գրել եմ տաղանդիս հասունացման շրջանում, որի համար երկու ձեռքով ստորագրում եմ»: