ՓԱԿՈՒՂԻ


Վերջին տարիների բոլոր տիպի ընտրություններին հայրենի արմատականները նախապատրաստվել և ներկայացել են այնպես, որպես հեղափոխության: Այնուհետև, ինչպես հիշում ենք, հաջորդելիք քայլերի բացակայության արդյունքում այս կամ այն չափով հասունացած հեղափոխական ալիքը հաջողությամբ էլ մարել է: Այս առումով առաջիկա խորհրդարանական ընտրությունները (աննշան առանձնահատկություններով) լիովին տեղավորվում են գործողությունների կրկնվող համատեքստում: Նույնչափ տեսանելի է, որ հեղափոխական հարթակները ընդդիմության համար առաջիկայում ընտրատարածքներին համարժեք կարևորություն ու նշանակություն են ունենալու: Եվ չնայած` թերևս առաջին անգամ փորձ է արվելու մեծամասնական ընտրատարածքների գոնե մեծ մասում ընդդիմությունը ներկայացնող թեկնածուներ առաջադրել, այսուհանդերձ այստեղ արձանագրվելիք հնարավոր հաջողություններն անգամ ոչինչ չեն կարող փոխել: Ի վերջո, արմատականներն իրենք էլ են լավ հասկանում, որ անգամ այս պարագայում լավագույն դեպքում իրենց կհաջողվի նվաճել ձևավորվելիք խորհրդարանի տեղերի առավելագույնը մեկ երրորդը: Իրադարձությունների զարգացման նման ամենահավանական սցենարը, իհարկե, ոչ մի առումով չի համապատասխանում կամ համընկնում արմատականների ծրագրերին: Ուստիև, կանխավ գիտակցելով պարտության, թե արժանի հաջողության գծագրվող չափաբաժինը` հայրենի ընդդիմությանը տվյալ դեպքում անելու ոչինչ չի մնում, քան հեղափոխության բազմազան տարբերակները փորձարկելու ճանապարհով ձգտել` հասնելու իրենց վաղեմի երազանքին: Այսպիսով, դժվար չէ նկատել, որ ընդդիմությունը դարձյալ փակուղում է հայտնվել: Եվ իրոք, նախորդ ընտրությունների և սկսված ընտրապայքարի առաջատարի` Հանրապետական կուսակցության դիրքերն այնքան ամուր և անսասանելի են, որ միայն նշված փաստն արդեն քայքայված ընդդիմության` իշխանության հասնելու բոլոր երազանքները լիովին չեզոքացնում են: Մեծամասնականով ևս պայքարելու «գյուտը» հենց ասվածի լավագույն վկայությունն է, թեպետ չի բացառվում, որ այստեղ ևս պարտություններ արձանագրելու դեպքում ընդդիմությունը մի լրացուցիչ հաղթաթուղթ էլ ձեռք բերի` ընտրությունները կեղծված հռչակելու համար: Սրա հիմքերը նույնպես կան, քանի որ, ի տարբերություն նախորդ մյուս դեպքերի` արմատականներն այս անգամ ընտրապայքարը պետք է երկու լիարժեք ճակատով կազմակերպեն: Ընդդիմության և քաղաքականացված օլիգարխիկ հատվածի շահերը երբևէ այդքան ուղղակիորեն չեն խաչվել: Եվ եթե, օրինակ, Արամ Զ. Սարգսյանը արդեն այսօրվանից ձեռնոց է նետում Սերժ Սարգսյանին ու Անդրանիկ Մարգարյանին, և եթե վերջիններիս փոխարեն սույն արմատականի հետ նույն ընտրատարածքում առաջադրվում է, ասենք, մի ինչ-որ հայտնի օլիգարխ, ապա նույնքան դժվար է պատկերացնելը, թե ընդհանրապես արմատականների առաջնորդներն ինչ պետք է անեն նման զորեղ մրցակիցներին հաղթելու համար: Առանձին ընտրատարածքներում կատաղի քարոզարշավ ծավալելու դեպքում հեղափոխականները կկորցնեն ընդհանուր իրավիճակին տիրապետելու հնարավորությունը: Իսկ դա նշանակում է, որ փայլուն նախընտրական դիրքերում գտնվող քաղաքական ուժերն անգամ առաջնորդների մեծամասնական «պատերազմների» հետևանքով կարող են կատարյալ ձախողման ենթարկվել: