Արցախյան հիմնախնդիրը` աշխարհաքաղաքական փոփոխությունների հորձանուտում


ԱՊՀ երկրների մինսկյան գագաթնաժողովից հետո, արդեն իսկ ակնհայտ դարձավ, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում բեմադրվում է հերթական բլից-բլեֆը: Գլխավոր բեմադրիչը և սցենարի հեղինակը, այս դեպքում, ինչպես 2001-ին, Ֆրանսիայի նախագահը չէր, ում ուռեցրած փուչիկը շատ արագ տրաքեց Քի-Ուեստում: Ոչ էլ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Մեթյու Բրայզան է, որը դեռ երկու ամիս առաջ մեծ ոգևորությամբ հնարավորությունների «պատուհանն» էր «բացուխուփ» անում: Բրայզան, ընդհակառակը, վերջին ամսվա հնարովի լավատեսական էյֆորիայի ժամանակահատվածում իրեն ոչ հատուկ լռություն է պահպանում: Ըստ ամենայնի, Ռուսաստանի ռեժիսորությամբ և Ադրբեջանի «դերասանական» խմբով` փոխադարձ համաձայնությամբ ինչ-որ ֆանտաստիկ ֆիլմի նկարահանումներ են տեղի ունենում փակ-գաղտնի «կամերայով»: ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում Մինսկում արձանագրված անակնկալ «առաջընթացը», ինչպես երևում է, ոչ միայն անըմբռնելի, այլև անընդունելի տարրեր է պարունակում նաև ԱՄՆ-ի համար, որն ինչպես հայտնի է` ԼՂ հակամարտության կարգավորման խնդրում միշտ էլ ամենաշահագրգիռն է եղել: Այդ մասին է վկայում Արևմուտքի զուսպ, իսկ ավելի ճիշտ, խորհրդավոր լռությունը: Ի՞նչ է իրականում կատարվում: Տեղեկատվական արտահոսքը խիստ ժլատ է, իսկ եղածն էլ, ոչ միայն դույզն ինչ պարզություն չի մտցնում, այլև է°լ ավելի հակասական ու կասկածելի է դարձնում բանակցային գործընթացի վերջին փուլին վերաբերող ընդհանուր բնույթ կրող բոլոր հայտարարություններն ու մեկնաբանությունները: Եվ քանի որ հայտարարությունների հեղինակները ոչ ավելի, ոչ պակաս Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարն են, ապա ԼՂ հակամարտության կարգավորման երկարուձիգ գործընթացին մշտապես հետևող քաղաքական մեկնաբանները իրավացիորեն կարող են «սենսացիա» արձանագրել` հետևյալ հանգամանքը հաշվի առնելով: Անցած 10-12 տարիներին չի եղել գոնե մեկ դեպք, երբ Ադրբեջանի ղեկավարները հայտարարեն, որ գրեթե բոլոր սկզբունքային հարցերում հակամարտող կողմի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Լավատեսական շեփոր հնչեցնողները, որպես կանոն, եղել են Մինսկի խմբի համանախագահները, իսկ այդ լավատեսությունը «ջրողները» ավանդաբար եղել են Ադրբեջանի իշխանությունները: Երկրորդ սենսացիան, որը նույնքան զարմանալի և ապշեցուցիչ է, ադրբեջանական կողմի առավել քան ցայտուն ռեվերանսներն են Ռուսաստանին: Որևէ քաղաքագետ կարո՞ղ է հիշել, որ Ադրբեջանի իշխանությունները երբևէ գոնե մեկ անգամ հայտարարեին, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը կառուցողական դիրքորոշում ու դերակատարություն ունի: Ընդհակառակը, Ադրբեջանի մեծ ու փոքր բոլոր պաշտոնյաները բացահայտ կամ ակնարկներով հասկացրել են, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանալին գտնվում է բացառապես Ռուսաստանի գրպանում: Եվ չեն խորշել Ռուսաստանին քննադատելու` կողմնակալ հայանպաստ դիրքորոշման կամ էլ պարզապես հակամարտությունը սառեցված պահելու շահագրգռության մեջ: Ի՞նչ պատահեց: Ինչո՞ւ հանկարծ Ի. Ալիևը «հայտնաբերեց», որ Ռուսաստանը շահագրգիռ է հակամարտության կարգավորմամբ, անկողմնակալ է և կառուցողական: Եթե բանակցային գործընթացում իրոք այդպիսի մեծ տեղաշարժ կա, ապա ինչո՞ւ չի «ոգևորվել» մշտապես խոսող, միջնորդական «առաջին ջութակի» դերը դեռ երկու ամիս առաջ ստանձնած, բանակցային թնջուկները գաղտնազերծելու և բաց խաղաքարտերով հանդես գալու ջատագով, Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան: Եվ, վերջապես, ինչո՞ւ հայկական կողմը առավել քան զգուշավոր և վերապահումներով է արտահայտվում Մինսկում արձանագրված «առաջընթացի» մասին: Ի դեպ, որ Քոչարյան-Ալիև վերջին հանդիպումից հետո ղարաբաղյան հիմնախնդիրը տեղափոխվեց մեծ «բլեֆի դաշտ»` հիմնականում Ադրբեջանի ցանկությամբ, ապացուցվում է հետևյալ փաստերով: ՀՀ նախագահի հետ բանակցելուց անմիջապես հետո, Ի. Ալիևը հայտարարեց, որ չլուծված հարց այլևս չի մնացել: Սակայն այդ «ցնցող» հայտարարությունից հետո անմիջապես ավելացրեց, որ ԼՂ հիմնախնդիրը կարգավորվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով: Եթե բացառելու լինենք հեռուն գնացող նպատակներ հետապնդող դիվանագիտական բլեֆը, ապա կհանգենք հետևյալ աբսուրդին: Կամ Ի. Ալիևն է աշխատանիշային ցնորքով տառապում, կամ Ռ. Քոչարյանն է «հանկարծակի» ուղեղի հիվանդագին մթագնում ունեցել: Այս բարդ, հակասական, խճճված, ոչ մի տրամաբանության չենթարկվող թնջուկի վրա, թերևս, չարժե առանձնապես գլուխ կոտրել: Առաջիկա ամիսներին ԼՂ բանակցային գործընթացի այս վերջին հանելուկային փուլի հետ կապված բոլոր գաղտնիքները կբացահայտվեն: Եվ պարզ կդառնա, որ ինչպես Հարավային Կովկասի այլ հակամարտությունների, այնպես էլ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներում առկա հակասական, արտաքուստ խիստ անհասկանալի և պարադոքսալ իրավիճակ ների առաջացումը անխզելիորեն կապված է աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներում տեղի ունեցող բավական զգալի փոփոխություն ների հետ: Սա ընդգրկուն վերլուծության կարիք զգացող թեմա է, ուստի մանրամասների մեջ խորանալն այս հրապարակման նպատակը չէ: Սակայն ընդհանուր համապատկերը մեկ-երկու նախադասությամբ ներկայացնելով, թեկուզ աղոտ լույս կսփռվի նաև ԼՂ հիմնախնդրին առնչվող «հանելուկների» վրա: ԱՄՆ կոնգրեսում դեմոկրատների հաղթանակը Նահանգների արտաքին քաղաքականության մեջ լուրջ սրբագրումների սկիզբը դրեց: Դա արդեն իսկ լուրջ փոփոխություններ է կանխատեսում ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան հարաբերություններում, որոնք առավել ցայտուն դրսևորում կունենան (թերևս, արդեն իսկ ունեն) ինչպես ամբողջ Մերձավոր Արևելքում, այնպես էլ մասնավորապես Հարավային Կովկասում: Եվրամիությու նը, մասնավորապես Ֆրանսիան, սերտացնելով համագործակցությունը Ռուսաստանի հետ, կտրուկ մեծացնում է ազդեցությունը Հարավային Կովկասում, բնականաբար` ի վնաս ԱՄՆ շահերի: Մեր տարածաշրջանում Ռուսաստանը, օգտվելով պատեհ առիթից, հարձակման է անցել ամբողջ ճակատով: Ադրբեջանը կանխատեսում է ԱՄՆ դիրքերի թուլացում, և դա է պատճառը, որ աչքի առաջ ունենալով նաև Վրաստանի «ծանր» դեպքը, աննախադեպ սիրախաղ է սկսել Ռուսաստանի հետ: Իրադարձությունների հետագա զարգացման կանխատեսմամբ չզբաղվելով` ակնարկենք` այս իրողությունները գոնե փոքր ինչ հասկանալի՞ են դարձնում, թե ինչու այդքան «անհասկանալի» է դարձել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ