Ո՞Վ Է ՇԱՀԵԼՈՒ


Հաստատ` ոչ գնորդը, ոչ էլ արտադրողը Մեր թերթի նախորդ համարներից մեկում մենք անդրադարձել էինք Իսակովի պողոտայի վերակառուցման ծրագրին, որը հարուցել էր Արգավանդ, Թաիրով ու Փարաքար գյուղերի բնակիչների դժգոհությունը: Օրերս խմբագրություն այցելած «Արգավանդ» ՀԿ-ի նախագահ, Արգավանդի կահույքի շուկայի գործարար Աշոտ Աղախանյանից իմացանք, որ իրականացել են նրանց ամենամռայլ կանխատեսումները: Հենապատերի տեղադրման հենց առաջին օրերից խանութների դիմաց խցանումներ առաջացան, ինչը, բնականաբար, խանգարում է գնորդների նորմալ սպասարկմանը: Կարճ ժամանակահատվածում արդեն նկատելի է առևտրի ծավալների նվազում: Տասն օրում գրանցվել է չորս ավտովթար, ինչը ռեկորդային ցուցանիշ է իրենց տարածքի համար: - Մենք ի սկզբանե գիտեինք, որ հազարավոր դոլարների արժողությամբ այս հենապատերի ու գեղեցիկ ճաղաշարերի ֆունկցիոնալ միակ նշանակությունը, այսինքն նպատակը` Արգավանդի կահույքի շուկայի փակումն է: Ուրիշ որևէ իմաստ անհնար է գտնել ընդամենը մեկ կիլոմետր երկարություն ունեցող այս կառույցի մեջ: Ասածս ապացուցում է այն առաջարկը, որ վերջերս մենք ստացանք. Արգավանդ գյուղից դեպի Երևան կես կիլոմետր հեռավորության վրա կահույքի մեծ շուկա է կառուցվում, և մեզ առաջարկում են տարածք վարձակալել` 1 քառ. մ-ը տասը դոլար արժողությամբ: Ես եկել եմ խմբագրություն, որպեսզի թերթի միջոցով հարց ուղղեմ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին. - Արգավանդում ոչնչացնելով մանր ու միջին բիզնեսը, Դուք ի՞նչ եք շահելու: