ԹԱՏԵՐԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ՄԵԿՆԱՐԿ


Մանկապատանեկան թեմատիկ հետաքրքրություններին համարժեքության ու թատերային գունագեղությամբ «Հումորիկը» արժանացավ «Ավանգարդի» թերթի սահմանած «Մամուլի համակրանք» հատուկ մրցանակին: Իր նախընտրած խորհրդանիշին համարժեք է «Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական թատերական փառատոնի ծնունդը: Հայկական ամենախոհուն սիմվոլն է տարվա 12 ամիսները կազմավորող օրերը իրենում հաշվվող 365 արնագույն ու քաղցրահամ հատիկներով բնութագրող նուռը: Եվ հենց 365 պատանիներ ընդգրկող 12 սկսնակ թատերախմբերի բեմադրությունների մասսայական ցուցադրումով, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում, դարասկզբին ազդարարվեց արդի հայ թատերարվեստի մանուկ սերմերին պարարտ հող ու ծլարձակող գորով նախապատրաստելու կոչված, այսօր ավանդույթ դարձած «Նռան հատիկը»: Հայ բեմարվեստի վաղվա օրվա անկեղծ մտահոգությամբ հիմնված «Նախաբեմ» կրթամշակութային միությունը (նախագահ` Մարգարիտա Մնացականյան) մի խումբ նվիրյալ արվեստագետների համատեղ ջանքերով, ընդամենը մի քանի տարում, կարևորեց իր նախաձեռնությունը ոչ միայն նոր սերնդի բարոյագեղագիտական դաստիարակության, այլև թատերական հերթափոխ ապահովելու տեսակետից: Հազիվ թե գտնեք մի մանչուկ, որ երազած չլինի մեծ բեմից իր անունը փառավորապես հնչեցնելու մասին: Քանի¯-քանիսի մանկության այդ ամենատարածված երազանքի սերմը չորացել է դեռ չծլարձակած: Քանի¯-քանի¯ առողջ հունդեր փտեցին` այդպես էլ չգտնելով կոշտուկներից չվախեցող բարի սերմնացան հողագործներ: Լավ է, որ մեր մանուկներից շատերը նաև «Նռան հատիկ»-ով ռեալ հնարավորություն ունեցան փորձելու իրենց պիտանիությունը նվիրական երազանքին: Տարբեր տարիներին այս փառատոնին մասնակցած հարյուրավոր մանուկներից ու պատանիներից ոմանք, դառնալով Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, հուսադրում են, որ երբևէ կրկին ապագայի հայ թատրոնի տարեգրության մեջ կշողշողա Սիրանույշի ու Ազնիվ Հրաչյայի, Պետրոս Ադամյանի ու Վահրամ Փափազյանի գենետիկ ժառանգությանն արժանի մի նոր աստղաբույլ: Այնպիսի փայլով, որի կուրացուցիչ լույսը չեն կարող չնկատել թատերական արվեստի ներկային ու ապագային (երբեմն` լինելությանը) կասկածող երդվյալ հոռետեսները: Ժամանակից առաջ չընկնելու, թյուր կանխատեսումների դառը հիասթափությունը չզգալու նպատակով չեմ ուզում կոնկրետ անուններ տալ թատերարվեստի որոնումների փշոտ արահետում գուցե ակամա հայտնված երեխաների, որոնցից ոմանք, հնարավոր է, հոգնեն կիսաճանապարհին: Կարևորը, դատելով «Նռան հատիկ»-ին պարբերաբար մասնակցող թատերախմբերի ցուցադրած աշխատանքներից, սկսնակ թատրոնականներին իրենց մասնագիտա կան պատասխանատվությամբ ու հոգեբան-մանկավարժի ծնողական հոգատարությամբ են առաջնորդում գեղարվեստական ղեկավարներից շատերը: Նոյեմբերի 20-30-ը «Նռան հատիկ-2006» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի էպիկենտրոնը դարձավ «Համազգայինի» հանդիսասրահը: Գարնանը անցկացված մարզային փուլին մասնակցած 22 թատերախմբերից 15 լավագույնները միմյանց փոխանցեցին շեփորի կանչով ու տարազահանդերձ մունետիկների հանդիսավոր խոսքով ազդարարվող ելույթների էստաֆետը` բեմ բարձրացված իրենց բազմազան, հաճախ խանդավառող, երբեմն վեհերոտ արվեստով ներկայացումից ներկայացում թեժացնելով տոնական տրամադրությունը: (Ի դեպ, մարզերի աշխատանքների ստուգատեսը զուգակցվել է վարպետության դասընթացներով, որ վարում էին մայրաքաղաքի ճանաչված թատրոնների պատվիրակները` աննախադեպ աշխուժություն առաջացնելով տեղի մշակութային կյանքում): Եզրափակիչ փուլում հատուկ մրցանակներ սահմանված չէին: Յուրաքանչյուր թատերախումբ ելույթից հետո ստանում էր ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Նախաբեմի» պատվոգիր, ժամանակակից երաժշտական նվագարկիչ և հայտնի ոսկերիչ Արման Դավթյանի հեղինակած «Թռիչք» արձանիկ: Սա խելամիտ մոտեցում էր: Թատրոնանվեր անփորձ մանուկներին ու պատանիներին պարզապես պետք էր խրախուսել կոլեկտիվ ստեղծագործական տքնանքի արդյունքում ի հայտ եկած վերամարմնավորման ունակություն ների ինչ-ինչ ակնառու արտահայտությունների համար` հանդիսատեսի ու թատրոնի պրոֆեսիոնալների ջերմ ու սրաչք գնահատականներով, անմիջական ու անկեղծ արձագանքներով ուղղորդելով թատերական ճախրանքի անխաթար մեկնարկը: Առաջնաելույթի պատիվը արդարացիորեն Երևանի Պուշկինի անվան N 8 դպրոցի «Անվերջ թատերական կղզի» մնջախաղի մանկապատանեկան թատրոնին էր վերապահված: 90-ականներին ձևավորված այս թատերախումբը (գեղ. ղեկավար` Գեորգի Խոջոյան) առաջինն է վաստակել «Հայկական մանկապատանեկան թատերական արվեստը միջազգային փառատոներում ներկայացնելու և արտերկրում հյուրախաղերով հանդես գալու արտոնագիրը»: Նրա հաղթարշավը սկսվել է «Նռան հատիկ-2001»-ից` հաստատուն շարունակություն ունենալով առ այսօր: Այդ մասին փաստում են հանրապետական ու միջազգային մի շարք փառատոների դիպլոմներն ու մրցանակները, նաև` Կիևում 2005 թ. կայացած միջազգային երիտասարդական Դելֆյան խաղերից առաջատար դերասան Արամ Խոջոյանի վերադարձը Ոսկե մեդալով: «Ենգիբարովի զավակները» նոր աշխատանքով պատանի արտիստներն արդեն հասցրել էին գերել «Հայֆեստ-2006»-ի հանդիսատեսին` կերպավորման իրենց ճկունությամբ, ճաշակով ընտրված երաժշտության անթերի զգացողությամբ չզիջելով բացօթյա թատերականացված հանդիսություններում հմտացած արտերկրի խմբերին: Հրազդան քաղաքի արվեստի դպրոցի մանկական թատրոնի նվիրյալ հիմնադիր, բանաստեղծ-թատերագիր Գևորգ Կարապետյանը արդի հայ գրականության մանկական ճյուղի ճրագը վառ պահող քչերից է: Նրա պիեսների մի մասը հղկվելու կարիք ունի: Կարևորը` նա նպաստում է մանկապատանեկան դրամատուրգիական նյութի «դեֆիցիտի» մասնակի հաղթահարմանը իր գրչով` օժանդակելով միաժամանակ ղեկավարած թատերախմբին աշխատել տարիքային հետաքրքրությունների ու մտածողության աստիճանական զարգացման մեթոդով, ինքնահաս տատման ամենագործուն ստեղծագործական պայմաններում: Նրա «Անբախտ փիղը» սատիրան, հագեցվելով մերօրյա կենսական իմպուլս ներով, «Զանգակածաղիկը» ու «Տղան և դելֆինները» պիեսներին զուգահեռ, կարծում եմ, մնայուն տեղ կունենա հանրապետության մանկական թատրոնների խաղացանկերում: Գովելի է, որ «Արեգնազան» վալդորֆյան դպրոցում թատերախումբ է համարվում յուրաքանչյուր դասարան: Յուրաքանչյուր աշակերտ ռեալ շանս է ստանում բացահայտելու իր դերասանական կարողությունները, մասնագիտական ճիշտ ընտրություն անելու: Քչերն են, անշուշտ, ի հայտ բերում բնատուր օժտվածության բացահայտ նշաններ: Թատրոնով հմայված մնացածները, հավատում եմ, կդառնան գրագետ հանդիսատեսներ` թատերական արվեստից որոշակի գաղափար կազմող, բեմի մշակներին ոգեշնչող. այս պրոբլեմը հույժ արդիական է մնում, ցավոք: Դպրոցի 9-րդ դասարանի ներկայացրած «Ժոնգլյորը», որ բեմադրիչ ու պիեսի հեղինակ Արա Աթայանը մտահղացել է ֆրանսիական լեգենդից ներշնչված, արդեն արժանացել է եվրոպական հանդիսատեսի ուշադրությանը, ներկայացվել Դանիայի Օրհուս քաղաքում անցկացված մանկական կրկեսների միջազգային փառատոնին: Աճպարարության, ձեռնածության որոշակի հմտություններին զուգահեռ եթե կարելի լիներ զարգացնել ու հստակեցնել աշակերտների դրամատիկական ունակությունները բավարար չափով, կրկեսային ու դրամատիկական ժանրերի ենթադրվող սինթեզը իսկապես ուշագրավ թատերական արտահայտություն կստանար: Թատերական արվեստի «այբուբենին» տիրապետելու իրենց բեմական վարքագծով հստակ առանձնանում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Մալաթիայի ու Արաբկիրի հայորդյաց տների երեք թատերախմբերը: ՀՀ ժողովրդական արտիստ, «Մեղուների» գեղարվեստական ղեկավար Արմեն Սանթրոսյանը Մոլիերի «Երևակայական հիվանդ»-ի ընտրությունը հիմնավորում է մանուկ թատերասերին hամաշխարհային գրական կոթողներին ծանոթացնելու տեսակետից և, հարմարեցնելով նրա ընկալմանը, կոմեդիա դե լ\' արտեի սկզբունքով ջանացել է դյուրացնել խաղարկման ընթացքը: Նույն մոտեցմամբ Արմեն Բարսեղյանը բեմադրել է «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունն ըստ Շեքսպիրի: Պարզեցվելով այդ գործերը նկատելիորեն պարզունակացել են` զգալիորեն կորցնելով գրական-գեղարվեստական արժանիքները, թեմատիկ ու գաղափարական ամբողջականությունը: Առաջին ծանոթությունից, այսպիսով, սկսնակ դերակատարների մոտ թյուր պատկերացում է մնում թե հանրաճանաչ դրամատուրգների գրական քանքարի, թե մեծ բեմերից ցած չիջնող կոնկրետ ստեղծագործությունների մասին: Համանման տպավորություններ և խոհեր են հարուցում Օշականի «Հովակ Գալոյան» թատերախմբի (գեղ. ղեկավար` Նազելի Դավթյան) «Ութ սիրագորով կանայք» (Ռ. Թոմա), Գյումրիի «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոցի թատրոն-ստուդիայի (գեղ. ղեկավար` Վաղինակ Ասատրյան) «Երեքը բաց ծովում» (Ս. Մռոժեկ), «Հույսի կամուրջ» թատերախմբի (գեղ. ղեկավար` Հասմիկ Խաչերյան) «Սկապենի արարքները» (Ժ. Մոլիեր) ներկայացումները: Այս խաղացանկով, կարծում եմ, կարելի է ներկայանալ երիտասարդական փառատոնի: Գուցե, նկատի առնելով «Նռան հատիկ»-ի տարիքային ընդգրկումը (6-21 տ.), առաջիկայում առավել նպատակահարմար կլինի առանձին տարիքային խմբերով ներկայաց նել մանուկներին և երիտասարդության շեմին հասած պատանիներին: Այդպիսով կճշգրտվեն նրանց առաջադրվող պահանջները, արածի գնահատման չափանիշները: Այդուհանդերձ դրվատանքի է արժանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության առաքելությունը` առանձնահատուկ հոգատարություն ներշնչել հաշմանդամ երեխաների նկատմամբ: Թատերախմբի պարբերական ելույթները պրոֆեսիոնալ բեմերում, ստացած հանրապետական և միջազգային մրցանակները հաստատում են նրա օգտակարությունը հասարակության ազնվացմանն ու գեղեցկացմանը, բարեսրտության համատարած սերմանմանը: Կարելի էր վիճարկել «Նռան հատիկ»-ի խաղացանկը մանկապատանեկան ընկալումներին համապատասխանության տեսակետից. ամեն տարիք իրեն հարիր հետաքրքրություններ պետք է ունենա ու դրան բնորոշ արտահայտչամիջոցներ: Հիմնական պատճառը բարձրարժեք մանկական դրամատուրգիական գործերի, մեղմ ասած, պակասն է: Այս պարագայում գուցե հանիրավի է խիստ պահանջներ առաջադրել գործող թատերախմբերի գեղարվեստական ղեկավարներին, որոնց գերակշռող մեծամասնությունը թատրոնի մարդիկ են: Մնում է հուսալ, որ «Լավագույն մանկական արձակ, չափածո և դրամատուրգիական ստեղծագործության» մրցույթի արդյունքում այս տարի յուրաքանչյուր ժանրից երեք ամենահաջողված գործերի միհատորյակի շուտով լույսընծայումը փոքր-ինչ կխթանի գրական պրոցեսի հարկավոր ընթացքը` դրանք բեմադրելու ցանկություն հարուցելով գործող մանկական թատրոններում: Առայժմ թատերախմբերի գեղարվեստական ղեկավարնե րից շատերը` Բյուրեղիկ Մնեյանը, Գևորգ Կարապետյանը, Լեոնիդ Հարությունյանը, Արա Աթայանը փորձում են ապավինել սեփական գրչին: Ոմանք էլ ստիպված են լինում արձակ ու չափածո երկերի սցենարներ ստեղծել` ընտրելով հեղինակային խոսքի ամենաբնութագրական դրվագներն ու տողերը, հավելելով իրենց ասելիքն ու գլխավոր նպատակը արտահայտող հատվածներ: Ինչպես, ասենք, Մարգարիտա Մնացականյանը «Աշխարհի փրկիչը» համընկալում: Սուրեն Խոջայանի վեպի հիման վրա «Մարգարտահատիկների» գեղարվեստական ղեկավարը ստացել է աստվածաշնչյան գաղափարների և մերօրյա առնչությունների մի հետաքրքիր համաձուլվածք, որը, ըստ իր մտահղացման, դերասանախումբը (տարիքային առումով ամենահասունը) ներկայացնում է որպես յուրատեսակ միստերիա-օրատորիա` մոդեռնացված ընկալմամբ: Ներկայացման առանձին դրվագներ հուզական-խոհական լարվածություն են արթնացնում հանդիսասրահում` խորացվելով Աննա Մովսիսյանի հեղինակային երգերի հոգևոր ելևէջներով, մի քանի դերակատարուհիների անկեղծ ապրումի վարակիչ զգացողություններով: Իմ տպավորությամբ, «Աշխարհի փրկչի» խտացված իմաստային շերտերի մեծամասնությանն անհաղորդ մնաց մանկապատանեկան հանդիսատեսը` չունենալով անհրաժեշտ ինտելեկտուալ պատրաստվածություն, կյանքի փորձ: Աստվածաշնչյան թեմատիկ մտորումներին համադրված արդիական մտահոգություններով համարժեք զգացողություններ արթնացրեց Մասիսի N 1 դպրոցի թատերախմբի (գեղ. ղեկավար` Արշակ Ղազարյան) ներկայացրած Կորյուն Մայիլի «Երևակայություն» պիեսի բեմադրությունը` արված խորհրդանշական գույներով, խոսքը լրացնող պարային պլաստիկ լուծումներով: Ութերորդ դասարանցի աշակերտները հիմնականում կարողացել էին ուշագրավ մարմնավորում տալ փողի ամենազոր ուժով կառավարվող կյանքի տխրաթախիծ պատկերներին: Վերոնշյալ նկատառումներից ելնելով` անհամեմատ հաջողված եմ գտնում «Հումորիկի» Թումանյանի մոտիվներով բեմադրված ներկայացումը (ամենաանթերին ցուցադրված թումանյանական աշխատանքներից), մատչելի թե մանկապատանեկան հանդիսատեսի, թե նրան հասակակից սկսնակ դերակատարի համար: Յուրօրինակ մյուզիքլ էր Արևիկ Սանթրոսյանի այս աշխատանքը, արված զվարթ երգ ու պարի, Լոռու հյութեղ բարբարի ներդաշնակ զուգակցմամբ: Իսկ երեխաները, հնարավորություն ունենալով իրենց մտավոր-հոգևոր ներուժին համահունչ ստեղծագործական միջավայրում հանդես գալու, ներքին անսովոր կրակով հյութեղ դարձրեցին Մեծ լոռեցու հեքիաթների հերոսների (հատկապես Ծիտիկի ու Քաջ Նազարի) կենդանի նկարագրերը` գործնականում հավաստելով ստացած մասնագիտական հմտությունների մասին: Վ. Սարոյանի «Նարինջներ» և «Իսկական հիմարը» հեքիաթներով «Նռան հատիկ-2006»-ի հանդիսատեսի ջերմ համակրանքը վաստակեց Մեծամորի «Տրուբադուր» թատերախումբը: Հայրենասիրական պաթոսով ընդունվեցին Արցախի «Աստղիկ» մանկապատանեկան (գեղ. ղեկավար` Լ. Հարությունյան) և Քաշաթաղի Քարեգահ գյուղի «Սմբատ Թաթոսյան» պատանեկան-երիտասարդական կենտրոնի (գեղ. ղեկավար` Մարինե Պետոյան) թատրոնների «Երջանկության թռչունը» (Խ. Մանանդյան և Գ. Ղազարյան) և Թումանյանի հեքիաթների նորովի ընկալման ակնհայտ ջանադրությամբ արված բեմադրությունների ներկայացումները` բարձր գնահատելով նրանց սխրալից հայապահպան գործունեությունը, որ հայաստանցի պրոֆեսիոնալների աջակցության խիստ կարիքն ունի: Ասենք, մեր մարզային թատերախմբերից շատերը նույնպես կարոտ են արդի հայ թատրոնի անվանի վարպետների հարուստ կենսափորձով իմաստնացած մասնագիտական օժանդակությանը: Զորօրինակ, Գավառի արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախումբը (գեղ. ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստուհի Բյուրեղիկ Մնեյան): Այս անգամ ներկայացված «Արևածագը», որ շոշափում էր կարևոր դաստիարակչական խնդիրներ, կենդանի, աշխուժացնող իմպուլսների պակաս ուներ: 1992-ից ծավալված թատերական գործունեությամբ, մանկական դրամատուրգիայի բացը լրացնելուն միտված Մնեյանի գործերով խումբը հաստատել է իր գոյության իրավունքը` դատելով մարզային հանդիսատեսի օրավուր աճող հետաքրքրությունից: Ուրեմն, հենց մարզային թատերասերի գեղագիտական ընկալումները հարստացնելու և ճաշակը զարգացնելու նպատակով, միանգամայն արժանի է պրոֆեսիոնալ լրջմիտ ուշադրության: ...Ոչ մրցութային այս փառատոնում հաղթանակում է մանրակրկիտ մասնագիտական հոգատարությունը արդի հայ թատրոնում առաջին խոստումնալից քայլերն անող մանուկների ու պատանիների հետագա կայացման նկատմամբ: Եզրափակիչ փուլին հասնելն արդեն մեծ նվաճում է սկսնակ թատրոնականների համար: Եվ թող «Թռիչք» խորհրդանշական մրցանակին արժանացած բոլոր 15 թատերախմբերի համար այն հանդիսանա հեռագնա թատերական թռիչքի, վստահ ճախրանքի առհավատչյա` հնարավորություն տալով անսխալ հայտնաբերել ոսկե հունդը, որ, ասում են, թաքնված է լինում նռան 365 հատիկների մեջ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ