ԱՄՆ-ԹՈՒՐՔԻԱ.ՆՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԹԵ՞ ՀԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐԱՑՈՒՄ 


 

Ինչպես արդեն հայտնի է դարձել, ԱՄՆ վերընտրված նախագահ Օբաման մտադիր է առաջիկայում այցելել Թուրքիա, տարածաշրջանային խնդիրներով (ինչպես մեկնաբանում են Սպիտակ տանը): Անտարակույս, այս այցը երկարատև քննարկումների և պայմանավորվածությունների հետևանք է, մանավանդ որ տևական ժամանակ Օբաման հրաժարվում էր Էրդողանի հետ առերես հանդիպումներից:

Տարածաշրջանային խնդիրներ հասկացությունն այստեղ սոսկ պայմանական է, որովհետև ԱՄՆ ռազմավարությունում և երկարաժամկետ մտադրություններում այսօր առաջնային է համարվում Թուրքիայի տեղի ու դերի խնդիրը: Բայց այս խնդիրը ներփակ կամ էլ լոկալ չէ: Այն ընդգրկում է շատ այլ հարցեր, որոնց մեջ են մտնում Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների հստակեցումը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի տեղի ու դերի սահմանումը, այս կամ այն տարածաշրջանային խնդիրների նշանակությունը ամերիկա-թուրքական հարաբերություններում, Իրանի ու Իսրայելի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը: Հնարավոր է և` Թուրքիայի եվրասիական քաղաքականությունը, «եվրոպական նախագծի» հանդեպ ԱՄՆ դիրքորոշումն ու գնահատականները, Կիպրոսի հարցը: Գիտենք, որ վերջին շրջանում Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները բարվոք վիճակում չեն գտնվում:

Հատկապես` երբ Անկարան սկսեց ինքնուրույն խաղ խաղալ Սիրիայում` երբեմն հաշվի չնստելով ՆԱՏՕ-ի հետ: Չի բացառվում, որ Օբամա-Էրդողան հանդիպման շրջանակում քննարկվի նաև Ղարաբաղյան խնդիրը, որը, բնականաբար, Թուրքիայի համար առաջնահերթություններից մեկն է:

Թուրքիան այսօր կանգնած է տնտեսական չափազանց լուրջ դժվարությունների առջև, որոնք ստեղծել են նախաճգնաժամային վիճակ: Այս վիճակը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան չկարողանա վճարել իր վերցրած վարկերը, խախտի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները` կորցնելով հարաբերությունները Արևմուտքի հետ: Թուրքիան առաջին հերթին ձգտում էր կախվածություն չունենալ ԱՄՆ-ից, վարել ինքնուրույն քաղաքականություն: Մինչդեռ օրավուր մեծացավ նրա կախվածությունը, քանի որ այսօր հենց ԱՄՆ-ն է թելադրում Թուրքիայի տնտեսական սկզբունքները: Քաղաքական վերլուծաբաններից մեկը գրել է.

- Թուրքիան կոշտ շրջափակման է ենթարկվել և մեկուսացվել... Ամերիկացիների համար եկել է Անկարային «սեղմելու» ժամանակը, պահանջելու այն, ինչը համապատասխանում է տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու իրենց պատկերացումներին:

Չնայած այս ամենին, համոզված ենք, որ Թուրքիան հեշտությամբ վայր չի դնի իր զենքերն ու չի հպատակվի Արևմուտքից եկող բոլոր թելադրանքներին: Հենց սա էլ նշանակում է, որ Բարաք Օբաման ստիպված դիմելու է որոշ փոխզիջումների` առաջին հերթին ազատություն տալով Թուրքիային` տարածաշրջանում իրականացվող էքսպանսիայի հարցում: Անկարան ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանում հաստատի իր գերակայությունը, իրեն հպատակեցնի մի շարք երկրներ, իր շուրջ գտնվող երկրներին թուլացնելու ճանապարհով` ձևավորի «վասալային հարաբերություններ»: Այնուհանդերձ, նա ստիպված է հաշվի նստել Վաշինգտոնի հետ:

Առայժմ Միացյալ Նահանգներն ամբողջապես չի գնա Թուրքիայի հետ հարաբերությունների նոր սառեցման, որովհետև այս երկիրն իրեն պետք է: Քանի դեռ Իսրայելն ամբողջապես չի անցել ԱՄՆ հպատակության ներքո, իսկ Եգիպտոսն ու Իրաքը վստահություն չեն տածում Նահանգների հանդեպ, Օբաման ստիպված է լինելու որոշ հարցերում համաձայնելու Թուրքիայի հետ և նրա ճանապարհին «կանաչ լույս» վառել:

Թուրքիան ձգտում է արաբական երկրների հպատակեցման, իսկ ահա դեպի այդ երկրներ ձգտող ԱՄՆ-ը լավ է հասկանում, որ վստահության համար` ինքը պարտավոր է կատարել հենց այդ երկրների պահանջները և առաջին հերթին սաստել թուրքական հավակնությունները: Արաբական երկրները երբեք չեն կանգնի Վաշինգտոնի կողքին` հակաիրանական կոալիցիայի ստեղծման համար, ուստի հիմա ամեն ինչ պետք է արվի Թուրքիային սիրաշահելու և Իրանի դեմ տրամադրելու համար:

Փոխզիջումների հարցը, սակայն, անհանգստացնում է մեզ, որովհետև ԱՄՆ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցում խոստումներ տալ Թուրքիային` այսպիսով դեպի իրեն ձգելով նաև Ադրբեջանը: Ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղը յուրատեսակ ինտրիգ է դարձել համաշխարհային քաղաքականության մեջ: ԱՄՆ ցանկացած պահի ԼՂ գործոնը կարող է օգտագործել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Նույնկերպ Ռուսաստանին ևս ձեռնտու չէ Ղարաբաղյան թնջուկի հանգուցալուծումը, որպեսզի մշտապես իրենից կախված պահի Ադրբեջանին... 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ