ՆՈՐ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ. ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞
Օրերս կրթական խնդիրներով զբաղվող «Լույս» հիմնադրամը կոչ է արել դրամահավաքի միջոցով միավորվել կրթության շուրջ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Սարդարապատի հուշահամալիրի մոտ կազմակերպված միջոցառման ժամանակ հիմնադրամի ղեկավար Ժաքլին Կարասլանյանը նշել է, որ յուրաքանչյուր հայի ներդրած 10 դոլարը տարեկան կազմում է 100 միլիոն դոլար, որը 2015 թ.-ին հիմք կդառնա «Լույս» կրթական ֆոնդի կենսունակության համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանի համոզմամբ, նման հավաքներով սկիզբ է դրվում մի շարժման, որը պետք է հասնի ցանկացած հայկական օջախ և ընտանիք` անկախ նրանից, թե որտեղ է ապրում այդ ընտանիքը:
- Մենք ցանկանում ենք բոլոր հայերին միավորել հիմնադրամի շուրջ: 21-րդ դարում համախմբման լավագույն ձևը գիտելիքի, գաղափարի տարածումն է: Գիտելիքի խորհուրդն ու կրթության նկատմամբ սերն է, որ մեզ կարող է միավորել: Համոզված ենք, որ սա է ճիշտ ռազմավարությունը, որովհետև 21-րդ դարում հայ ժողովուրդը կարող է լինել մրցունակ, եթե լինի կրթված, եթե մեր երիտասարդները ստանան աշխարհում լավագույն կրթությունը: Դա է մեր նպատակը և դրան հասնելու համար պետք է բոլորին` նրանց, ովքեր կարևորում են երիտասարդ սերնդի կրթությունը, միավորենք այս գաղափարի շուրջ,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ իրենք ցանկանում են ձևավորել մեծ հիմնադրամ, որի միջոցները բացառապես կուղղվեն տաղանդաշատ հայ երիտասարդների կրթության ֆինանսավորմանը: Վարչապետի լավատեսությամբ ու ազնիվ նպատակադրումներով, իհարկե, ոգևորված ենք, խանդավառված: Սակայն հազիվ թե այս լավատեսությունը շատերին փոխանցվի, որովհետև արդեն իսկ հետաքրքրվողները գիտեն, որ արտերկրի լավագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալը ոչ բոլոր շնորհալիներին է հասանելի: Շատերը գիտեն, որ այստեղ էլ թափանցել են ոչ թե շնորհալի, այլ ունևոր մարդկանց երեխաները` իսկապես տաղանդավորներին դուրս մղելով այս դաշտից ևս: Իսկ դրա համար հիմնադրամը ստեղծել է բոլոր «նախադրյալները»:
Ծանոթանալով հիմնադրամի կանոնակարգին, տեսնում ենք, որ այն տրամադրում է երիտասարդների կրթական ծախսերի 50 %-ը միայն, իսկ մնացած գումարը սովորողները պիտի հայթայթեն: Այսինքն, տրամադրվող գումարը բավականացնում է միայն կես տարվա համար…
Հիմնադրամի պատասխանատուներն ասում են, որ ուսանողներից պահանջվում է, որպեսզի նրանք ֆինանսավորման մյուս մասի համար դիմեն համալսարաններում գործող ֆինանսական աղբյուրներին կամ այլ հիմնադրամների: Հասկանալի է, որ շատերն այդ հիմնադրամների փոխարեն օգտագործում են ծնողների ֆինանսական միջոցները` այսպես արտասահմանյան կրթությունն անհասանելի դարձնելով սոցիալապես անապահովների համար:
Մենք ուսումնասիրեցինք հիմնադրամի աջակցությամբ աշխարհի տարբեր բուհերում կրթություն ստացած հայ երիտասարդների անձնական տվյալները և պարզեցինք, որ նրանց մեծամասնությունը պետական պաշտոնյաների և հարուստ գործարարների զավակներ են: Այսինքն, այստեղ ոչ թե գիտելիքներն են դառնում առաջնային, այլ` ֆինանսական միջոցները: Եվ` ծնողների «հմտությունները»` զավակներին տեղավորելու հիմնադրամի ծրագրերում:
Հիմնադրամի գործադիր տնօրենի գործունեության «ստվերային» կողմերի մասին շատ հրապարակումներ են եղել, բազմիցս է գրվել այն մասին, որ երբեմն հրապարակային հայտարարություն չի արվում գործերն ընդունելու ժամկետների մասին, արհամարհվում են այն կարծիքները, որոնք ներկայացնում է այս գաղափարի հեղինակը` ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արթուր Իշխանյանը:
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ մենք ստեղծել ենք հերթական «էլիտարը», ինչը, բնականաբար, շարունակելու է սոցիալական բևեռացումների քաղաքականությունը տանել նաև կրթական ոլորտ: Ուրեմն, հանուն ինչի՞ է այս դրամահավաքը, ովքե՞ր են հերթական անգամ օգտվելու արտոնություններից, արտասահմանում կրթություն ստանալու հնարավորությունից…
Լ.Մ.